Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼԱՎ ԶՈԴՈՂԸ ԷՇԵԼՈՆՆԵՐՈՎ ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԻՑ ՊԱՀԱՆՋՎԱԾ Է»

Օգոստոս 29,2007 00:00

\"\"Ըստ ԿԳ փոխնախարար Բագրատ Եսայանի, ցածր առաջադիմություն ունեցողները պետք է մասնագիտացում ձեռք բերեն եւ ոչ թե «բռնի ուժով» պահվեն դպրոցներում:

Շարունակվում են Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցների տնօրենների հետ խորհրդակցությունները՝ ԿԳ փոխնախարար Բագրատ Եսայանի, փոխքաղաքապետ Կամո Արեյանի, նախարարության եւ քաղաքապետարանի կրթության վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ: Ի տարբերություն նախորդ տարիների, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացող կոմսոմոլի ժողովներ հիշեցնող հավաքները փոխվել են բովանդակությամբ եւ ձեւով: Ծափահարություններ կորզող պաշտոնյաների ավանդական ելույթներին այժմ փոխարինելու են եկել դպրոցների ղեկավարների ակտիվ քննարկումները: Օրերս հերթական խորհրդակցությունը կայացավ Նոր Նորք համայնքի թիվ 62 դպրոցում: Քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը որոշ տվյալներ ներկայացրեց Նոր Նորք եւ Ավան համայնքների դպրոցների, ուսուցիչների, աշակերտների թվի, առաջադիմության, երկտարեցի աշակերտների եւ այլնի մասին: Կ. Արեյանն էլ տնօրեններին առաջարկեց հարցերը բարձրացնելիս «լինել առավելագույնս անկաշկանդ եւ չխնայել ոչ մի չինովնիկի»: Կրթության պատասխանատուները փաստեցին, որ հաճախ դպրոցների տնօրենները ծնողների հետ բանակցություններ են վարում նրանց «թույլիկ» երեխաներին ամեն գնով դպրոցում պահելու համար, որովհետեւ ֆինանսավորվում են ըստ աշակերտների թվի՝ այդպիսով երեխաներին զրկելով միջնակարգ մասնագիտական հաստատություններում մասնագիտություն ձեռք բերելուց: Կամ էլ նրանց «բաց են թողնում» միայն սեպտեմբերի 5-ից հետո, երբ կազմված են լինում նախահաշիվները: Բ. Եսայանը հայտնեց, որ ԿԳ նախարարության տեսչությունը անցկացնելու է ստուգումներ բոլոր դպրոցներում. «Եթե պարզվի, որ որեւէ երեխայի համար կրկնակի ֆինանսավորում է հատկացվել, համապատասխան կարգապահական միջոցառումներ կձեռնարկվեն»: Նաեւ հավելեց. «Ծնողները պետք է գիտակցեն, որ այսօր որակյալ զոդողն ավելի պահանջված է, քան էշելոններով իրավագետները, միջազգայնագետներն ու տնտեսագետները, որոնցից շատերն աշխատանք չունեն»:

Փոխնախարարը խոսեց հանրակրթության մասին օրենքի նախագծի մասին, որը կառավարության հաստատումից հետո ուղարկվել է ԱԺ եւ գտնվում է ուսումնասիրության փուլում: Նա տնօրեններին առաջարկեց ԱԺ կայքէջից ծանոթանալ նախագծին եւ հանդես գալ համապատասխան առաջարկություններով: Երկրորդ փաստաթուղթը, որ ներկայացրեց պրն Եսայանը, «Կրթություն 2015» ծրագիրն էր, երրորդը՝ ավագ դպրոցների ցանցի ստեղծման հայեցակարգը, որը կգործի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից: Բ. Եսայանի խոսքով, վերջինիս ներդրմամբ վերջ կդրվի դպրոցներում տիրող աչքակապությանը: Կգործեն 3-4 հոսքեր. երեխաները կստանան խորացված գիտելիքներ այն առարկաներից, որոնք անհրաժեշտ կլինեն բուհ ընդունվելու համար: Արհեստագործական ավագ դպրոցը նախընտրածներն էլ կստանան ե՛ւ հասունության վկայական, ե՛ւ որեւէ մասնագիտացում: Պրն Եսայանը շեշտեց, որ առաջին դասարան են ընդունվելու միայն 6 տարին լրացած երեխաները. «Պահանջում եմ զերծ մնալ օրենքի խախտումից: Եթե կգտնվեք բարեկամ-խնամի-ծանոթ ճնշման տակ, ուրեմն իմացեք, որ նախարարության ճնշումն ավելի մեծ է լինելու»:

Թիվ 143 դպրոցի տնօրեն Գարիկ Կոստանյանը հետաքրքրվեց, ինչո՞ւ «Հանրակրթության մասին» օրենքում ամրագրված չէ դպրոցական միասնական համազգեստի հարցը: «Զերծ մնացեք այդ խնդրում պետական մարմիններին ներքաշելու գայթակղությունից: Եթե որեւէ դպրոց ուզում է անցնել միասնական համազգեստի, թող անցնի, բայց հաշվի առնի ծնողների ցանկությունը: Չեմ ժխտում, շատ ենք հանդիպում հակագեղագիտական երեւույթների, շպարված 9-10-րդ դասարանցիների»,- նկատեց փոխնախարարը: Թիվ 62 դպրոցի տնօրեն Գայանե Սողոմոնյանն էլ փաստեց, որ աչքաթող է արվել դասարանների խտության հարցը. «Մեզանից որակ եք պահանջում: Եթե անգամ վերապատրաստված ուսուցիչը մտնի քառասուն հոգանոց դասարան, չի կարող այն ապահովել: Ախր մեզ այսպես «խեղդում» եք»: Նույն կարծիքին էր նաեւ թիվ 153 դպրոցի տնօրեն Հակոբ Հակոբյանը: Տնօրեններից մեկն էլ փոխնախարարին եւ փոխքաղաքապետին ասաց, որ հարկավոր է խիտ դասարանների հարցը քննարկել սանէպիդ ծառայության հետ. «Մեկ աշակերտին օրենքով 2 քմ տարածք է հասնում, իսկ իմ ամենամեծ դասասենյակը 54 քմ է: Այնտեղ ինչպե՞ս 35-40 աշակերտ տեղավորեմ, մանավանդ նման դեպքերում սանէպիդկայանը գալիս-տուգանում է»: Բ. Եսայանին ու Կ. Արեյանին էլ մտահոգեցին բարձրացված հարցերը ու խոստացան լուծում գտնել: Կ. Արեյանը նշեց, որ բազմաթիվ պատճառներով պայմանավորված՝ այսօր կրթության որակի նահանջ է զգացվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել