Լրահոս
Օրվա լրահոսը

«Պիկ» սեզոնին տեղերն էլ են փոխում

Օգոստոս 29,2007 00:00

Ընդ որում՝ առանց ուղեւորներին նախազգուշացնելու

Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Արմեն Արաբյանը հուլիսի 24-ին կնոջ հետ Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնելու համար ինքնաթիռի տոմս է գնել գերմանական «Լյուֆթհանզա» ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչությունից եւ տհաճ անակնկալի եկել: Արաբյանների ավիատոմսի վրա նշված է եղել ինքնաթիռում նստելու 7-րդ շարքի «Ա» եւ «Բ» տեղերը, սակայն Արաբյաններին նստեցրել են 27-րդ շարքում: Ա. Արաբյանի խոսքերով. «Մենք դեռ օդանավ չէինք բարձրացել, երբ մեզ ետ կանչեցին եւ պահանջեցին նստեցման կտրոնը, մի 2 րոպեից վերադարձրին: Երբ բարձրացանք օդանավ, միայն այդժամ պարզեցինք, որ մեր նախընտրած տեղերը զբաղված են եւ առանց մեզ նախազգուշացնելու տոմսի վրա թիվը փոխել էին եւ 7-ի դիմաց ավելացրել 2: Փաստորեն, մեր տեղերը առանց մեզ զգուշացնելու փոխել էին, եւ մենք պետք է նստեինք 27-րդ շարքի «Ա» եւ «Բ» տեղերում: Ես մեծ աղմուկ բարձրացրի, դուրս եկա ինքնաթիռից, մոտ 20 րոպե ինքնաթիռն ուշացավ չվերթից: Պահանջում էի կա՛մ բեռներս հետ տալ, որպեսզի մեկ այլ ինքնաթիռով թռչեմ, կա՛մ էլ ինձ պետք է նստեցնեին այն տեղում, որտեղ ես նախօրոք ցանկացել էի նստել: Բայց իմ բեռները ետ չտվեցին: Այդ պահին ինձ մոտեցավ «Լյուֆթհանզա» ավիաընկերության ներակայացուցիչը, որն ինձ բացատրում էր, որ ով նստած էր իմ նախընտրած շարքում, նա էր նախօրոք պատվիրել այդ տեղը: Եթե նա էր ավելի շուտ պատվիրել տեղը, թող ինձ նախազգուշացնեին, որ այդ տեղը զբաղված է եւ իմ տոմսի վրա այդ շարքը չգրանցեին: Դա միջազգային ավիաընկերությանը հարիր չէ, նրանք պետք է նախօրոք այդ հարցերը լուծեն, այլ ոչ թե օդանավակայանում թռիչքից առաջ մարդկանց նման իրավիճակի մեջ գցեն»: Արաբյանների բարձրացրած աղմուկից հետո միայն ընկերությունը ամուսիններին իրենց իսկական տեղն է նստեցրել:

Այս առնչությամբ «Լյուֆթհանզա» միջազգային ավիաընկերության հայաստանյան գրասենյակի աշխատակից Նոնա Սահրադյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ այդ միջադեպի մասին իրենք էլ են տեղյակ եւ անգամ բողոք-նամակ են ուղարկել օդանավակայանի տնօրինությանը, քանի որ ընկերությունը ոչ մի ուղեւորի տեղ չի փոխել. «Մեր ընկերության ներկայացուցիչները օդանավակայանում են լինում, որպեսզի նման դեպքեր չգրանցվեն»: Չնայած այս պարզաբանմանը, պարոն Արաբյանը պնդում է, որ հենց «Լյուֆթհանզայի» ներկայացուցիչն է իրենց տեղերը փոխել եւ 7-րդ շարքում նստեցրել իր ծանոթին. «Եթե այդպես չէր, ինչու միանգամից ինձ հետ համաձայնեցին եւ իմ ուզած տեղը հատկացրին»:

«Արմենիա միջազգային օդանավակայանների» մամուլի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք իրավասու չեն ավիատոմսի վրա որեւէ բան փոխել, եւ որ դա անում է ավիաընկերությունը. «Նրանց ներկայացուցիչը ներկա է լինում եւ նա է կարգավորում նման հարցերը»: Մեր հարցին, թե ինչու է այդ դեպքում ավիաընկերությունը նամակ-բողոք ուղարկել օդանավակայանի տնօրինությանը, Գ. Աբրահամյանը պատասխանեց, որ այժմ «պիկ» սեզոն է, ավիաընկերություններից շատ տոմսեր են պատվիրում ու նման դեպքերն էլ բացառված չեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել