Լրահոս
Օրվա լրահոսը

2010 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՅԼԵՎՍ 4-ՐԴ ԿԱՐԳԻ ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔ ՉԵՆՔ ՈՒՆԵՆԱ

Օգոստոս 29,2007 00:00

\"\"Քաղաքապետարանը նախատեսում է առաջիկա երեք տարիների ընթացքում ծայրահեղ վթարային շենքերի բնակիչներին ապահովել սեյսմակայուն ու հարմարավետ բնակարաններով:

«Հայսեյսմոշին» գիտահետազոտական ինստիտուտի տվյալներով՝ Երեւանում 4-րդ աստիճանի վթարային 15 շենք կար, որոնք ենթակա էին քանդման: Ներկայումս դրանցից 4-ի հարցերը Երեւանի քաղաքապետարանը գրեթե լուծել է. մինչեւ այս տարեվերջ Մալաթիա-Սեբաստիա եւ Դավիթաշեն համայնքներում կկառուցվի 4 «էլիտար» բազմաբնակարան շենք՝ վթարայինների բնակիչներին փոխհատուցելու համար: Այդ շենքերից երեքը, որ կառուցվում են Բաբաջանյան փողոցում, 10 հարկանի են, յուրաքանչյուր շենքում 50 բնակարան կա, իսկ Դավիթաշեն թաղամասում կառուցվող 4-րդ շենքը 12 հարկանի է՝ 60 բնակարանով: Այսինքն՝ մինչեւ 2007-ի դեկտեմբերը վթարային շենքերում բնակվող 210 ընտանիք ապահովված կլինի գեղեցիկ ու հարմարավետ բնակարաններով: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում հայտնեց Երեւանի կառուցապատման ծրագրերի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) տնօրեն Ռոբերտ Հարությունյանը:

«ՀՀ տարածքում քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու մասին» կառավարության որոշումից հետո քաղաքապետարանն իր առջեւ խնդիր դրեց շուտափույթ կանոնակարգել քանդման ենթակա տների բնակիչների վերաբնակեցման հարցերը: Առաջին նորակառույցը ԾԻԳ-ը շահագործման հանձնեց 2005-ին՝ Արզումանյան 43 հասցեում, որտեղ բնակարանամուտ տոնեց 43 ընտանիք: 2006-ին Լենինգրադյան փողոցին հարող տարածքում շահագործման հանձնվեց եւս 2 բազմաբնակարան նորակառույց, որտեղ վթարայիններից տեղափոխվեց 100 ընտանիք: Հաջորդ տարի նախատեսվում է կառուցել եւս 3 շենք, 2009-ին՝ 4, 2010-ին էլ՝ 5 բազմաբնակարան: Ըստ Ռ. Հարությունյանի, այսօրվա հաշվարկներով՝ այդ շենքերը լիովին բավարար կլինեն 4-րդ աստիճանի վթարային շենքերի բոլոր բնակիչներին տեղավորելու համար, եթե, իհարկե, այս ընթացքում 3-րդ կարգի վթարայիններից մեկ-երկուսը չդառնան 4-րդ կարգի: Այս բոլոր նորակառույցների համար ԾԻԳ-ը նախատեսել է ծախսել 10.8 մլրդ դրամ, որից 2.8 մլրդ-ը՝ այս տարվա ընթացքում:

Հիշեցնենք, որ մինչեւ 2005-ը 4-րդ աստիճանի վթարայնությամբ շենքերի բնակիչներին փոխհատուցում էին տալիս դրամի տեսքով, սակայն հաշվի առնելով, որ անշարժ գույքի գներն օրեցօր բարձրանում էին եւ մարդիկ դժվարություններ էին ունենում փոխհատուցած գումարով նոր բնակարան գնելիս՝ քաղաքապետարանը որոշեց այդուհետեւ մարդկանց փոխհատուցել բնակարանով:

Ինչպես տեղեկացրեց պարոն Հարությունյանը, նորակառույց բնակարանները, որոնք տրվելու են վթարայինների բնակիչներին, պարզապես «4 պատ» չեն, դրանք ունեն ժամանակակից ներքին հարդարում. «Մենք ապահովելու ենք ջրով, գազով, էլեկտրամատակարարումն էլ առանձին կայանից է լինելու: Շենքում կլինի վերելակ, եւ ոչ միայն բնակարանները, այլեւ նույնիսկ շենքի մուտքերի հարթակները կլինեն սալիկապատված: Բնակարաններում նաեւ լոկալ ջեռուցում է նախատեսված: Մի խոսքով՝ բնակիչներին մնում է իրենց իրերը տեղափոխել ու բնակվել նոր ու անչափ հարմարավետ նորակառույց շենքում»: Քաղաքապետարանի մասնագետների հաշվարկներով՝ վթարային շենքերի բնակիչների տեղափոխության համար հիմնականում անհրաժեշտ կլինի 1-2 սենյականոց բնակարաններ, դրա համար էլ նորակառույցներում 3 սենյականոցների թիվն ավելի քիչ է: Ինչպես պատմեց պարոն Հարությունյանը, վթարայինների բնակիչներն անընդհատ գալիս-հետաքրքրվում են իրենց նոր բնակարանով: Ծանոթանալով նախագծին ու իրենց աչքով տեսնելով, թե ինչ սրտացավությամբ են շինարարները կառուցում իրենց բնակարանները, բնակիչները միայն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել:

Նշենք, որ քաղաքաշինության ոլորտի փորձագետներն աղմուկ էին բարձրացրել, որ Երեւանում կառուցվող «էլիտար» շենքերը սեյսմակայուն չեն եւ անգամ 6 բալ երկրաշարժի դեպքում ամբողջովին կավերվեն: Սակայն ԾԻԳ-ի տնօրենը վստահեցրեց, որ իրենց կառուցած շենքերը կդիմանան 9 բալանոց երկրաշարժին. «Սեյսմակայունության բարձիկները շենքն ապահովագրում են արհեստականորեն, մենք նախընտրել ենք երկաթե ամրալարերով շենքի ամրացումը, որը շատ ավելի ապահով է»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել