Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՄԵՐ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ

Օգոստոս 29,2007 00:00

Պարզվում է՝ Հայաստանի խորհրդարանը պատվիրակություն ունի անգամ Ուղղափառության Միջխորհրդարանական վեհաժողովում:

Այստեղ Առաքելական եկեղեցու հետեւորդ մեր երկրի պատվիրակությունը ղեկավարելու է ՀՀԿ անդամ Մկրտիչ Մինասյանը: Պատվիրակություն ունենք նաեւ Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական վեհաժողովում: Այս պատվիրակությունը ղեկավարելու է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Պատվիրակության կազմում են նաեւ Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան») եւ Ստյոպա Սաֆարյանը («Ժառանգություն»): Այս, ինչպես նաեւ՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովում մեր պատվիրակությունը փոքրաթիվ է: Ընդամենը 3 հոգուց է բաղկացած նաեւ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունը, որը նախկինում ղեկավարում էր Վահան Հովհաննիսյանը, իսկ այժմ ղեկավարելու է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը: Պատվիրակությունում ընդգրկված են խորհրդարանական աշխատանքի փորձ նոր ձեռք բերող այլ պատգամավորներ եւս՝ Կարեն Ավագյանը (ՀՀԿ) եւ Րաֆֆի Հովհաննիսյանը («Ժառանգություն»): Ի դեպ, ուշագրավ է, որ Վահան Հովհաննիսյանն այլեւս չի ղեկավարելու ոչ միայն այդ պատվիրակությունը, այլ նաեւ ԱՊՀ մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովում մեր 13 հոգանոց պատվիրակությունը, որն, ինչպես արդեն երեկ հաղորդել ենք, գլխավորելու է ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը: Այս պատվիրակության կազմում է նաեւ ԱԺ փոխնախագահ Իշխան Զաքարյանը: Մինչդեռ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանն անգամ ընդգրկված չէ որեւէ այլ պատվիրակությունում: Կարելի է ենթադրել, թե ինչու է նա նախընտրական այս շրջանում գերադասել ազատ մնալ նման պարտավորություններից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել