Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազի սպանությունն արագ կբացահայտվի

Օգոստոս 29,2007 00:00

Համոզված է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը

Օգոստոսի 25-ին Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանությունը հանրությանն արդեն հայտնի պատճառներով ուղղակի, թե անուղղակի, բայց ի շարս այլ պաշտոնատար անձանց՝ կապվում է նաեւ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի անվան հետ: Քաղաքապետն ինքը դա անհեթեթություն է համարում՝ նշելով, որ նախ՝ Լոռու մարզային դատախազությունում քաղաքապետարանի հետ կապված որեւէ քրեական գործ չկա, իսկ մամուլում շրջանառության մեջ դրված գործը, նրա ասելով, եղել է ոստիկանության քննչական վարչությունում: «Կան մի շարք գործեր՝ կապված մետաղական կարկասի փոխարինաբար վերցնելու հետ, բայց դա էլ այդքան հնչեղություն ունեցող գործ չէր, որքան ներկայացվում է»,- վստահեցրեց քաղաքապետը: Նրա համոզմամբ, տվյալ դեպքում «խոսքն ընդամենը 7-8 տոննա մետաղի մասին է, որը կազմում է մոտավորապես $1600»: Մարզի դատախազի սպանության համատեքստում հիշյալ գործերի շահարկումներում Ս. Դարբինյանը միտում է տեսնում: Մեր այն դիտարկմանն ի պատասխան, թե բացի լրատվամիջոցներից, այդ սպանության կազմակերպման մեջ իրեն առնվազն կասկածում են նաեւ սպանված դատախազի հարազատները, Վանաձորի քաղաքապետն ասաց. «Ես չեմ կարող ասել, թե նրանք ինչ են մտածում, բայց ես, իրոք, վշտացած եմ այդ մարդու՝ որպես դատախազի, որպես մարդու դաժան սպանությամբ: Չէի ասի, որ մենք ընկերական, բայց նորմալ հարաբերություններ ենք ունեցել՝ որպես պաշտոնյաներ»: Ս. Դարբինյանը դժվարացավ կարծիք հայտնել՝ դատախազի սպանությունը անձնակա՞ն շարժառիթներ ուներ, ինչպես ենթադրել էր ՀՀԿ խորհրդի անդամներից մեկը, թե՞ կապված էր նրա ծառայական գործունեության հետ: «Ես շատ մանրամասներ չգիտեմ ու չեմ կարող ասել, թե շարժառիթն ինչը կարող էր լինել: Բայց կարծում եմ, խելացի մարդը նման բան (սպանություն) չէր անի, որովհետեւ կհասկանար, որ մարզի դատախազին սպանելը հենց էնպես չի անցնի: Այս գործն, ըստ իս, շատ արագ բացահայտվելու է, ու թող ոչ մի մարդասպան չմտածի, որ ինքը կարող է մարդ սպանել եւ ստվերում մնալ: Վաղ թե ուշ նա հայտնաբերվելու է, եւ ես վստահ եմ, որ այս բոլոր խոսացողները, ովքեր ուզում են ուրիշի կրակի վրա ձեռքեր տաքացնել, ուրիշի անունը հոլովել, ուրիշին վարկաբեկել՝ իրենք են ծուղակում հայտնվելու»,- ասաց քաղաքապետն ու ակնարկեց, որ նրանք, «ովքեր կատարել են այս սպանությունը, դրա համար նախապես հող են պատրաստել ԶԼՄ-ների միջոցով, մեծ աղմուկ են բարձրացրել, իսկ հիմա ուզում են այդ սպանությունն անմեղ մարդկանց վրա կոտրել»:

Թե կոնկրետ ո՞ւմ նկատի ուներ քաղաքապետն այս ասելով՝ նա չմանրամասնեց: Փոխարենը հավելեց, որ լրագրողները կարող են իրենց եզրակացություններն անել՝ 2005թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից ի վեր իր դեմ սկսված արշավը նկատի ունենալով: Այդ արշավը, ըստ քաղաքապետի, սկսվել էր Վանաձորի քաղաքապետի ընտրություններից: Հիշեցնենք, որ այդ ընտրություններում գործող քաղաքապետի մրցակիցն էր սպանված դատախազի աներորդին՝ Գագիկ Հովսեփյանը, թեեւ դատախազն այդ ընտրություններին, Ս. Դարբինյանի ասելով, մասնակցություն չի էլ ունեցել: Քաղաքապետի համոզմամբ՝ Վանաձորում տեղի ունեցած վերջին բացահայտումները, իհարկե, իր դեմ ուղղված միտում են ունեցել, բայց, ինչպես նա ասաց՝ «չեմ մտածում, որ այդ միտումը հե՛նց դատախազի կողմից էր»: Ս. Դարբինյանը երեկ մեզ ասաց, որ դատախազի սպանության գործով իրեն դեռեւս չեն հարցաքննել, բայց եթե հարցաքննության կանչեն, ինքն անպայման կհուշի քննիչներին ճշտել դատախազի աներոջից՝ Մուշեղից, թե ինչու է նա իր փեսայի սպանության մեջ կասկածում քաղաքապետին: Երեկ թերթերից մեկի փոխանցմամբ, նույն Մուշեղը սպառնացել էր, թե հաշվեհարդար կտեսնի քաղաքապետի հետ: Ս. Դարբինյանը դա համարեց զգացական եւ ոչ հավասարակշիռ արտահայտություն. «Ես տեղյակ եմ, թե ովքեր են Վանաձորում այդ գործով զբաղվում եւ համոզված եմ, որ այն մի քանի օրում կբացահայտվի: Ինձ երբեմն թվում է, որ տվյալ անձը, որը կատարել է այդ հանցագործությունը, խորապես չի հասկացել, թե ինչ է արել: Դատախազի սպանությունը հեշտ մոռացվող խնդիր չի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել