Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ» ԹՈՂՆՎԵԼ Է ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ

Օգոստոս 29,2007 00:00

\"\"«Այլընտրանքի» հիմնադիրներից Բաբկեն Արարքցյանն ու Երջանիկ Աբգարյանն ինքնաբացարկ հայտնելով՝ հրաժարվել են մաս կազմել այդ նախաձեռնության ղեկավար մարմնին:

Շուրջ 1 տարի առաջ ստեղծված «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության 18 հոգանոց նախաձեռնող խմբի անդամներ՝ «Արմատ» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանն ու ՀՀՇ վարչության եւ «Արմատ»-ի անդամ Երջանիկ Աբգարյանը, որոնք այդ նախաձեռնության համակարգող խորհրդի անդամներ էին՝ այլեւս չեն ցանկացել ընդգրկվել այդ ղեկավար մարմնի կազմում: Երբ երեկ այդ լուրը փորձեցինք ճշտել Երջանիկ Աբգարյանից՝ նախ հերքեց, թե իրենք դուրս են եկել խորհրդի կազմից. «Ընդհանրապե՛ս չի եղել այդպիսի դիտավորություն: Ուղղակի ով որ ցանկացել է, որ ավելի շատ երիտասարդներ լինեն՝ հնարավորություն է տվել, որպեսզի այդ երիտասարդներն ավելի հատու գործելու հնարավորություն ունենան: Մենք ակտիվ գործում ենք: Իսկ նրանք կարող են նոր հայացքով նայել հարցերին եւ այլն՝ այդ հնարավորությունը տվել ենք: Սա սովորական, աշխատանքային մի հարց է»: Նշեց, որ համակարգող խորհրդի նիստերին ազատ են մասնակցել նախաձեռնող խմբի բոլոր անդամները, եւ ասենք, նախորդ նիստին, որը կայացել է անցած շաբաթ՝ ի շարս այլ 7-8 հոգու, մասնակցել է նաեւ ինքը. «Այստեղ որեւէ հարց չկա: Եթե որեւէ խնդիր տեսնեմ՝ անպայման կմասնակցեմ խորհրդի նիստին եւ այդ հարցի վերաբերյալ կհայտնեմ իմ կարծիքը»:

Սակայն երբ հետաքրքրվեցինք, թե, այնուամենայնիվ, ո՞ր պահից առավել ճիշտ համարեցին «Այլընտրանքի» համակարգման աշխատանքը թողնել առավել երիտասարդներին՝ Երջանիկ Աբգարյանն ասաց. «Դա ե՛ս եմ այդպես համարում: Այդ պատճառով էլ անձնապես իմ թեկնածության կապակցությամբ բացարկ եմ հայտարարել շուրջ մեկ ամիս առաջ կայացած ընտրությունների ժամանակ: Այո՛, պրն Արարքցյանը նույնպես բացարկ է հայտարարել: Եվ ես դրա մեջ մեծ բան չեմ տեսնում»: Մեր խնդրանքով առավել հստակեցնելով իր ինքնաբացարկի պատճառները՝ ասաց. «Գտնում եմ, որ պետք է հնարավորություն տալ այն մարդկանց, որոնք ավելի կարիք ունեն հասարակության աչքին երեւալու, ու թերեւս ավելի նոր մտքեր արտահայտելու ու նոր գործելակերպ որդեգրելու»:

«Այլընտրանքի» այլ անդամներից մինչդեռ մեզ հասել էին դժգոհություններ, թե նախաձեռնության համակարգող խորհրդի «հասարակության աչքին առավել շատ երեւացող» որոշ երիտասարդ ներկայացուցիչներ փոքր-ինչ անձնակենտրոն ու հավակնոտ գործելակերպ են որդեգրել, չմտածված քայլերով վնասում են ընդհանուր գործին: Եվ այս համատեքստում էին բացատրվում Բաբկեն Արարքցյանի եւ Երջանիկ Աբգարյանի ինքնաբացարկները: Վերջինս այս դժգոհությունների մասին մեր հիշատակմանն ի պատասխան ասաց. «Ես դա երբեք լուրջ չեմ ընդունել, քանի որ քաղաքականության մեջ (մանավանդ այն իրադրության մեջ, որում մենք ենք գործում) անձնական հատուկ դիրքեր առաջացնելը բավական խնդրահարույց հարց է: Ամեն դեպքում՝ մնում է կոնկրետ գործը, եւ թիկունքում՝ անցյալում եղած-չեղածը: Այնպես որ՝ ա՛յս պայմաններում, ա՛յս մարդկանց միջավայրում չեմ գտնում, թե առաջ ու հետ վազելու, մի քայլ առաջ գնալու փորձ անելը որեւէ ազդեցություն ունի ընդհանուր գործի վրա: Այստեղ այդպիսի մարդիկ չեն, որոնք դուր գալու ախտով տառապեն. շփացնո՛ւմ են տեղն ու տեղը երեսին»: Հավելեց. «Մեր գործունեության ընթացքում կարող են առաջանալ վիճաբանություններ եւ այլն: Սակայն դրանք մեզ համար ընդունված երեւույթներ են: Մենք ժողովրդավարությանը հակված կազմակերպություն ենք, այն մեր գիտակցված ընտրությունն է: Եվ մեզ համար սովորական երեւույթ է վիճաբանելն ու հակադրվելն այս կամ այն կարծիքին, որը, կարծում ենք, նպատակահարմար չէ քաղաքական եւ այլ առումներով»: Երջանիկ Աբգարյանն ընդգծեց. «Մեր ինքնաբացարկն ընդհանրապես որեւէ կերպ չի անդրադարձել մեր ընդհանուր գործունեության վրա: Մենք բոլորս էլ ակտիվ գործում ենք»:

«Այլընտրանքի» համակարգող խորհրդի կազմում ընդգրկված եւ ինքնաբացարկ հայտնած գործիչներն այժմ միասին են մասնակցում Լեւոն Տեր-Պետրոսյանի մարզային այցերին: Դրանցից անհանգստացած իշխանամետ մամուլն արդեն դիմել է անգամ քաղաքական ասպարեզից վաղո՜ւց հեռացած այնպիսի գործչի աջակցությանը, ինչպիսին Խաչիկ Ստամբոլցյանն է: ՀՀՇ վարչության նախկին անդամ Խաչիկ Ստամբոլցյանի այս նոր հայտնության ու Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ թափ առնող հակաքարոզչության առնչությամբ Երջանիկ Աբգարյանն ասաց. «Սա սովորական երեւույթ է: 2003-ին էլ կրկնվեց նույն պատմությունը. նորից առաջին գծում հայտնվեցին ե՛ւ Խաչիկ Ստամբոլցյանը, ե՛ւ Շավարշ Քոչարյանը, ե՛ւ Արշակ Սադոյանը, ե՛ւ զանազան «կալիբրի» մտավորականներ՝ ժողովրդին տրամադրելով նախորդ իշխանության եւ մասնավորապես ՀՀ առաջին նախագահի դեմ: Հե՛նց ընտրություններից առաջ մեծանում է Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման հավանականությունը՝ նրանք սկսում են, ըստ էության, աշխատել հօգուտ իշխանության: Նրանց յուրաքանչյուր ասածը եթե լուրջ ընդունենք ու սկսենք վերլուծել՝ կպարզվի, որ ուղղակի դատարկություն է»: Որպես մի օրինակ՝ անդրադարձավ Շավարշ Քոչարյանի պնդմանը, թե իբր Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է Ղարաբաղը զիջելու մասին. «Սա բացարձա՛կ ստախոսություն է: Լեւոն Տեր-Պետրոսյանն, ի տարբերություն Շավարշ & company-ի, հայտարարել է, թե այս հարցը լուծելու է Ղարաբաղի ժողովուրդը՝ ո՛ր կարգավիճակին եւ ո՛ր լուծմանը համաձայնեց ԼՂ ժողովուրդը՝ դրան էլ համաձայն կլինի Հայաստանը: Իսկ 2001-ին խորհրդարանական բոլոր կուսակցությունները ստորագրված փաստաթղթով Եվրոպայի Խորհրդի առջեւ պարտականություն ստանձնեցին ազդել ԼՂ ժողովրդի վրա՝ հարցի քաղաքական լուծման համար: Ա՛յ, սա արդեն միջամտություն է Ղարաբաղի ժողովրդի կամքի նկատմամբ: Եվ այսպես, եթե մենք նրանց ասած յուրաքանչյուր արտահայտություն սկսենք վերլուծել՝ ակնհայտ կդառնա, որ սրանք ընդհանրապես քաղաքական մտածողություն ունեցող մարդիկ չեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել