Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՄԻԱԿ-Ը ՄԻԱԿՆ Է

Օգոստոս 29,2007 00:00

Այդ համոզմանն է եկել նախկին ՕԵԿ-ական Սամվել Ֆարմանյանը

– Ժամանակին, երբ դուք ՕԵԿ երիտասարդական թեւի ղեկավարն էիք, բավական համոզիչ եւ բուռն պաշտպանում էիք ՕԵԿ-ի գաղափարները: Նույնիսկ տպավորություն կար, որ դուք անգամ արտաքինով եւ հռետորական պաթոսով նմանվել էիք կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին: Ուրեմն, ինչո՞ւ դուրս եկաք այդ կուսակցությունից:

– Ես, որպես մարդ, ունեմ իմ քաղաքական համոզմունքները, սկզբունքներն ու գաղափարները. եղել եւ մնում եմ ազատական-ազգային գաղափարների կրողը եւ որեւէ մեկին նմանվելու կամ տարբերվելու խնդիր չեմ ունեցել եւ չունեմ: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ից իմ եւ մեր երկու այլ գաղափարակիցների դուրս գալու պատճառներին, դրանք եղել են զուտ քաղաքական, իսկ մեր մոտեցումները այդ հարցում եղել են հրապարակային, եւ դա տպագրվել է ձեր թերթի հունիսի 15-ի համարում: Ես ձեռնպահ կմնամ այս խնդրի շուրջ հավելյալ մեկնաբանություններից, անձնավորված գնահատականներ տալուց։

– Իսկ ինչո՞ւ հենց ՄԻԱԿ-ը:

– Իմ մեջ առաջացավ քաղաքական դաշտում մնալու որոշումը: Իսկ ինչու ՄԻԱԿ-ը հարցի պատասխանը շատ ավելի կարճ է՝ իսկ ուրիշ՝ ո՞ւմ: ՄԻԱԿ-ի հիմնադիրներից շատերի հետ եղել ենք գաղափարակիցներ դեռեւս ԵՊՀ-ում եւ արտերկրների տարբեր հաստատություններում ուսանելու տարիներին, նաեւ՝ գաղափարակիցներ ենք եղել ՄԻԱԿ-ի ձեւավորման ժամանակներից: ՄԻԱԿ-ը ազատական դաշտում գործող նոր սերնդի քաղաքական ուժ է, այն ապագայի ուժ է, ՄԻԱԿ-ը քաղաքական ուժ է, որը արտաքին եւ ներքին քաղաքական հարցերում ազգային գաղափարների կրող է, տնտեսության եւ հասարակական կյանքում՝ զուտ ազատական գաղափարների կրող է, իսկ ներքին կառուցվածքով ժողովրդավար ուժ է, ինչն ամբողջությամբ համահունչ է իմ քաղաքական համոզմունքներին: ՄԻԱԿ-ը կարողացավ նախընտրական շրջանում քաղաքական քննարկման հարթակ բերել եւ հիմնավորել մեր երկրում 2-րդ սերնդի բարեփոխումների անցկացման քաղաքական անհրաժեշտությունը: Կարծում եմ, ՄԻԱԿ-ը ապագայում իր լուրջ եւ գործուն մասնակցությունը կունենա Հայաստանի քաղաքական կյանքում:

– ՄԻԱԿ-ի նախագահը վերջերս նշանակվեց վարչապետ Սերժ Սարգսյանի օգնական, սա նշանակո՞ւմ է, որ նախագահական ընտրությունների ժամանակ ամբողջ ՄԻԱԿ-ը աշխատելու է թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին:

– Նախ, Լեւոն Մարտիրոսյանի նշանակման մասին. անկախ իմ անդամակցելուց, իսկ ես ՄԻԱԿ-ին անդամակցել եմ հուլիսի կեսերին, այսինքն՝ մինչեւ Լեւոն Մարտիրոսյանի նշանակումը, ես շատ ուրախ եմ այդ նշանակման կապակցությամբ, որովհետեւ գտնում եմ, որ մեր պետական մեքենան առավել արդյունավետ կարող է գործել, եթե ավելի շատ լինեն Լեւոն Մարտիրոսյանի կամ Ներսես Երիցյանի նման մարդկանց նշանակումները: Որեւէ օբյեկտիվ հայացք նույն հետեւությանը կարող է հանգել: Ինչ վերաբերում է Լեւոն Մարտիրոսյանի նշանակման վերաբերյալ մամուլում հայտնվող որոշ գնահատականներին, ասեմ, որ սովորաբար լավին նախանձողները կամ սխալ դիտանկյունից նայողները շատ են լինում: Անխոս, այս նշանակումը նաեւ ՀՀ վարչապետի լայնախոհության դրսեւորումն է, որովհետեւ, հիշեք, Լեւոն Մարտիրոսյանը ներկայացնում է այլ քաղաքական կուսակցություն: Իսկ ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, կուսակցության գլխավոր քարտուղարը հարցազրույցներից մեկում արդեն ներկայացրել է մեր կուսակցության մոտեցումը: Մի բան հստակ է՝ ՄԻԱԿ-ն այս նախագահական ընտրություններում հանդես չի գա սեփական թեկնածուով, նաեւ այն պատճառով, որ իր անդամների մեծ մասի տարիքը չի գերազանցում սահմանադրությամբ պահանջվող 35-ը: Իսկ կուսակցության մոտեցումները նախագահական ընտրություններում պարզ կդառնան հոկտեմբերին, կուսակցության 2-րդ՝ արտահերթ համագումարում: Մենք չենք բացառում, որ համագումար որոշում կկայացնի աջակցել առաջադրվելիք թեկնածուներից որեւէ մեկին: Ինչպիսի որոշում էլ մենք կայացնենք, չենք բավարարվի սոսկ հայտարարություններով, այլ շատ ակտիվ ներգրավված կլինենք այդ գործընթացին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել