Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԴՐԱԴԱՐՁ Վ. ԴԱԼԼԱՔՅԱՆԻ «ՄԵՐ ԱՊԱԳԱՅԻ ԲԱՆԱԼԻՆԵՐԸ» ՀՈԴՎԱԾԻՆ

Օգոստոս 28,2007 00:00

\"\"(«Առավոտ», 10.11.2006 թ.)

«Առավոտ» օրաթերթում Վիկտոր Դալլաքյանի նախորդ տարեվերջին հրապարակած հոդվածը Հայաստանին սպառնացող ժողովրդագրական աղետի, Սփյուռքի դերի, Հայաստանի անհամաչափ զարգացման ու այս խնդիրների հնարավոր հիմնարար լուծումների շուրջ արդեն իսկ որոշ արձագանքներ գտել է տեղական մամուլում եւ, հավանաբար, դարձել թեմայի շուրջ քննարկումների առարկա կամ մտորումների առիթ տվել շատերին: Հոդվածում պարոն Դալլաքյանը կատարել է հարցադրումներ, որոնք արժանի են հետագա խորքային քննարկման:

Կասկածի տակ չառնելով, որ հոդվածում Դալլաքյանն, անշուշտ, բարձրացրել է մեր ազգային անվտանգության տեսանկյունից կարեւորագույն խնդիրներ եւ «հայի ֆենոմենի»՝ էթնիկ ինքնության բացահայտման յուրօրինակ համատեքստում փորձել մատնանշել այդ խնդիրների համալիր լուծման ճանապարհներ, իմ կարծիքով, հոդվածի ամենամեծ արժեքը կայանում է նրանում, որ այն եզակի փորձ էր հալեցնելու քաղաքականության եւ գիտելիքի, տեսական մտածողության անհամատեղելիության հաստ սառույցը, երեւույթ, որ հայտնի պատճառներով արդեն տեւական ժամանակ դարձել է մեր հասարակական-քաղաքական կյանքի հինգերորդ էությունը:

Չնայած դժվար է չհամաձայնել, որ քաղաքական գործչի կողմից հեղինակած վերքաղաքական բնույթի նման հոդվածի եզակիությունն ու դրա հրապարակումը մամուլում ինքնին մեր հասարակական-քաղաքական կյանքի եւ հատկապես խորհրդարանի քաղաքական անառողջության վկայությունն է (նախեւառաջ խորհրդարաններն են դառնում նման խորքային քննարկումների ամբիոն), սակայն, իմ կարծիքով, հոդվածի պատճառներն ավելի խորն են. ժողովուրդների կյանքում լինում են պատմափուլեր, երբ հասարակության առջեւ ծառացած մարտահրավերները եւ հասարակության հավաքական ու նրա առանձին անդամների անհատական գիտակցության մեջ ապագայի նկատմամբ անհանգստության խորացող զգացումները հասարակության եւ նրա մտավորական ներկայացուցիչների միտքը մղում են որոնելու «ապագայի բանալիները»:

Իրականում, ապագայի նկատմամբ խորը անհանգստությունից ծնված ինտելեկտուալ նման վերջին ալիքին մենք ականատես եղանք ազգային վերազարթոնքի տարիներին, երբ մտավորականության եւ նոր ձեւավորվող քաղաքական էլիտայի կողմից համակողմանի բանավեճ էր ծավալվել հայոց ազգային գաղափարախոսության, համազգային ազգ լինել-չլինելու, մեր քաղաքակրթական ժառանգության, պատմության գնահատման ու վերանայման անհրաժեշտության, համաշխարհային պատմության մեջ հայ ժողովրդի տեղի ու դերի եւ հարակից խնդիրների շուրջ:

Մեր հավաքական մրցունակ գոյությանը սպառնացող ներքին ու արտաքին նորօրյա մարտահրավերների բաղադրությունը, խորացող անորոշությունն ու ապագայի նկատմամբ անհանգստությունը, հասարակական ու քաղաքական կյանքում ազգային վերազարթոնքի գեներացրած ահռելի էներգիայի համարյա ամբողջական սպառումը, տնտեսության մեջ սեփականության վերաբաշխման գործընթացի ավարտը, արտաքին եւ ներքին ինֆորմացիոն միջավայրերի նկատելի ընդլայնումը, երկրի էլիտայում սերնդափոխության նկատելի դրսեւորումները եւ արտերկրում ուսումնառություն ստացած ու կենսափորձ կուտակած երիտասարդների ցանցի հարաճուն ներգրավումը հանրային կյանքի տարբեր ոլորտներում, ի թիվս այլ կարեւոր գործոնների, կարծեք, հող են հասունացնում Հայաստանում վերքաղաքական-ինտելեկտուալ նոր շարժման ծավալման համար: Իմ կարծիքով, Դալլաքյանի հոդվածն անհրաժեշտ է դիտել հենց այս համատեքստում, իսկ վերջինս կամա-ակամա կարող է նպաստել նման շարժման սաղմնավորմանը:

Հոդվածի առանցքը «հայի ֆենոմենն» է, դրա ինքնաբացահայտման փորձը: Այս համատեքստում հեղինակը փաստարկում է, որ «չենք կարողանում մեր անհատական նպատակներն ու ձգտումները կառուցվածքայնացնել որպես հասարակության հավաքական շահեր ու պետության գիտակցված պահանջմունքներ» կամ չենք կարողանում գտնել «անհատի եւ պետական կեցությանն անհրաժեշտ հավաքական նպատակների համադրության բանաձեւը», ինչը հեղինակը կապում է պատմականորեն անբարենպաստ արտաքին քաղաքակրթական միջավայրի հետ: Մասամբ կիսելով հեղինակի ինչպես այս, այնպես էլ այն պնդումը, որ «անհատական բարեկեցության իդեալը ամենաազգային գաղափարն է հայ ժողովրդի ճնշող մեծամասնության համար, իսկ այն հիմնավորող լիբերալիզմը՝ իրականում ամենաազգային գաղափարախոսությունը», անհրաժեշտ է սակայն նկատել, որ հոդվածում քննարկվող խնդիրների համակողմանի բացորոշման համար առանցքային է մնում պետության դերի ընկալման հարցը:

Բանն այն է, որ աշխարհի զարգացած եւ ոչ մի երկրում, որտեղ տիրապետում են ազատական արժեքները, հասարակության անդամները իրենց անհատական նպատակներն ու ձգտումները ի սկզբանե չեն կառուցվածքայնացնում որպես հասարակության հավաքական շահեր: Իրականում նման անհրաժեշտություն էլ չկա, որովհետեւ պետության եւ հասարակության հավաքական շահերը տվյալ երկրներում վերացական իրողություններ չեն. դա իր տարածքում ապրող քաղաքացիների օրինական շահերի հանրագումարն է՝ դրանց հնարավորինս արդյունավետ համադրման միջոցով: Այստեղ խնդիրն այն է, որ հայ անհատի գիտակցության մեջ անհատական-ընտանեկան շահերը շատ հաճախ նաեւ ոչ լեգիտիմ շահերն են, որոնք բացառում են ոչ միայն հավաքական, այլեւ՝ իր նման այլ անհատների շահերը: Խնդիրը հանգում է տվյալ հասարակության բջիջների՝ անհատների եւ ընտանիքների համատեղ կենսագործունեության կազմակերպման մեխանիզմների ընտրությանը: Այստեղ էլ, իմ կարծիքով, ծնվում է պետության դերի ու նրա ընկալման գերխնդիրը:

Խնդիրն այն է, որ մեր ժողովրդի շուրջ հազարամյա պետականազուրկ գոյությունը, այդ ընթացքում մեզ շրջապատող ինֆորմացիոն միջավայրերի պարբերական ձեւախեղումները եւ փոփոխությունները (արդի ազգաբանության մեջ գնալով քաղաքացիություն է ստանում այն պնդումը, որ էթնիկ/ազգային ինքնության կարեւորագույն տարբերակիչը դա տվյալ էթնիկ խմբի ներկայացուցիչների կողմից հենց ինֆորմացիայի ընկալման, յուրացման եւ վերարտադրման միանմանության առանձնահատկությունն է), ինչպես նաեւ խորհրդային հասարակարգի յոթանասուն տարիները մեր անհատական եւ հավաքական գիտակցության մեջ ձեւախեղել են պետության դերի ընկալումը:

Արդյունքում ձեւավորվել է պետության դերի երկակի անառողջ ընկալում, որի երկու բաղադրիչներն էլ մեր օրերում հավասարապես վտանգավոր են եւ հանգում են հետեւյալ պարզ մտահանգումներին՝ 1. պետությունը դա անհատների շահերի հետ կապ չունեցող ճնշող, պատժիչ ինստիտուտ է, որից պետք է վախենալ եւ հեռու մնալ (պայմանականորեն կոչենք մեր պետականազուրկ գոյության՝ օտարների տիրապետության ժամանակաշրջանի ազդեցություն), եւ 2. պետությունը դա սահմանափակ թվով մարդկանց՝ կառավարող էլիտայի շահերը սպասարկող եւ կրկին, հասարակության անհատների շահերի հետ որեւէ կապ չունեցող վերացական գաղափար է, փողի տոպրակ եւ անաշխատ եկամուտների աղբյուր, որից անհրաժեշտ է գողանալ եւ թալանել (պայմանականորեն կոչենք մեր խորհրդային գոյության ազդեցություն): Օբյեկտիվ ու սուբյեկտիվ տարբեր հանգամանքներով պայմանավորված, անկախ պետականության այս 15-16 տարիներին պետության ընկալման վերոնշյալ երկու շերտերը շարունակում են առանձին-առանձին կամ զուգակցված ձեւով տիրապետող մնալ մեր անհատական ու հավաքական գիտակցության մեջ, դրանով իսկ դանդաղեցնելով պետության դերի երրորդ՝ շատ ավելի պարզ եւ հեռանկարային ընկալումը, համաձայն որի՝ պետությունը դա իր տարածքում ապրող քաղաքացիների համատեղ անվտանգ կենսագոյությունը կազմակերպելու եւ օրինական իրավունքներն ու շահերը երաշխավորելու մարդկությանը մինչ օրս հայտնի ամենաարդյունավետ մեխանիզմն է, իր քաղաքացիների գաղափարները կենսագործելու լավագույն մեխանիզմը: Իրավացի է պարոն Դալլաքյանը, պետության դերի, ըստ էության, վերեւում ներկայացված ձեւախեղված ընկալման մասին գրելով «պետությունն ու հասարակությունը հայկական ֆենոմենի կրողը հանդիսացող մեր ժողովրդի համար ինչ-որ անհասկանալի ֆետիշներ են, որոնց մեջ նա փնտրում, բայց չի գտնում իր անհատականության դրական ներուժի դրսեւորման հնարավորությունները»: Թերեւս տեղին է նշել, որ ազգային ինքնության կառուցվածքի, ինքնության անհատական եւ հավաքական շերտերի ինքնատիպ եւ ուսանելի կորելացիայի տեսանկյունից չափազանց հետաքրքրական է ճապոնացիների ֆենոմենը (ակամայից մտաբերեցի Ճապոնիայում երկար տարիներ գործարարությամբ զբաղված նորզելանդացի մի ձեռնարկատիրոջ պնդումը, թե նույնիսկ տասնամյակների ընթացքում գործնականում անհնար է հասկանալ, թե որտեղ է սկսվում եւ ավարտվում ճապոնացիների ինքնության անհատական, առաջնային-խմբային՝ ընտանիքի կամ ձեռնարկության եւ հավաքական-խմբային՝ ազգային ինքնությունը):

Հոդվածում Դալլաքյանը բավարարվում է ընդհանրական բնույթի եզրակացություններով, թե մեր գերխնդիրը «հայի ֆենոմենի» բացահայտումն է, իսկ «մեր հոգու բանալին յուրաքանչյուր անհատի համար իր անհատական շահի իրացման անհատական հնարավորության ապահովման առաջադրանքն է»՝ շրջանցելով դրան հասնելու եղանակների ընտրության հարցը, չնայած, կարելի է եզրակացնել, որ հեղինակը հակված է «հայի ֆենոմենի», որպես ազգային ինքնության էական առանձնահատկության եթե ոչ բացահայտման, ապա խրախուսման խնդիրը անուղղակիորեն տեսնել պետության գործառույթների դաշտում: Իրականում, համաշխարհային պատմությանը հայտնի են աննշան հաջողված դեպքեր, երբ պետությունը կամ իշխանությունը իր առջեւ դնում է իր ժողովրդի ազգային որակների ուղղորդման, խրախուսման կամ բացառման բարդ եւ անիրականանալի խնդիր (հետաքրքրական է հետպատերազմյան Ճապոնիայի օրինակը): Նախ պատճառն այն է, որ ազգային ինքնության նման որակական փոփոխությունների կարելի է հասնել տասնամյակների, եթե ոչ՝ հարյուրամյակների ընթացքում միայն, իսկ մյուս կողմից նման բարդության խնդիրներ կարող է դնել միայն չափազանց ուժեղ իշխանությունը, եթե կուզեք՝ միայն ամբողջատիրական իշխանությունը, ինչի պատմական չհաջողված փորձերին մարդկությունն արդեն ծանոթ է:

Հետեւաբար, արդի ժամանակներում մեր պետականությունը նշված ճանապարհին կարող է եւ պետք է սահմանափակվի միայն հասարակական կատարելատիպերի խրախուսմամբ: Սա նշանակում է, որ տարբեր մեխանիզմների ճիշտ համադրմամբ պետությունը կարող է խրախուսել իր հասարակական եւ անհատական բնավորության այս կամ այն գծերը, եթե կուզեք՝ մարդկային այս կամ այն տեսակը, խնդիր դնելով հասարակական կատարելատիպերի ձեւավորման ճանապարհով ուղղորդելու, խորացնելու, փոփոխության ենթարկելու կամ բացառելու իր բնակչության հավաքական եւ անհատական ինքնության որոշակի որակներ: Կարելի է բերել կիրառելի տարբեր օրինակներ: Կանգնած լինելով ժողովրդագրական լրջագույն աղետի առաջ՝ բացի զուտ նյութական բնույթի պետական խրախուսումից, ինչն ինքնին անհրաժեշտություն է, լուրջ ջանքերի դեպքում բազմազավակությունը մեր երկրում հնարավոր է վերածել հասարակական կատարելատիպի: Ցանկության դեպքում, օրինակ՝ ոչինչ չի խանգարում 2008 թ. տարեմուտից սկսած ավանդույթ դարձնել այն, որ պետության առաջին 300-400 դեմքերը, ճանաչված մտավորականները եւ հասարակական գործիչները՝ սկսած հանրապետության նախագահից, Ամանորը եւ Վարդավառը դիմավորում եւ նշում են հանրապետության բազմազավակ ընտանիքների հետ միասին:

Ընդհանրապես, համոզված եմ, որ որեւէ բացասական երեւույթի դեմ պայքարելու լավագույն մեխանիզմը ոչ թե այդ վատ երեւույթը արհամարհելը, քննադատելը կամ ջարդուփշուր անելն է, այլ դրա հակադիր եւ մրցակից դրական երեւույթները խրախուսելը: Ճիշտ նույն տրամաբանությամբ, օրինակ՝ ոչ ավանդական եկեղեցիների ու աղանդավորական տարբեր շարժումների բերած հնարավոր սպառնալիքները չեզոքացնելու լավագույն ձեւը ոչ թե այդ եկեղեցիները չգրանցելը, նրանց հետեւորդների կրոնական հավատալիքները քննադատելն ու հանրային կյանքում նրանց արհամարհելն է, այլ՝ մեր հասարակական կյանքում հայ առաքելական եկեղեցու դիրքերի ուժեղացումը եւ ազդեցության մեծացումը:

Այս տրամաբանությունը նույնքան ճշմարիտ է երկրի քաղաքական կյանքի պարագայում: Ապաքաղաքականացվող, գաղափարազրկվող եւ ամայացող քաղաքական դաշտի իրական այլընտրանքը ոչ թե դրա, թեեւ տեղին, սակայն՝ ապարդյուն քննադատությունն է հազվագյուտ լեգիտիմ քաղաքական գործիչների եւ մամուլի կողմից, ոչ թե քաղաքականության հանդեպ մեր հանրային կյանքում արհամարհական վերաբերմունքն է կամ՝ աբսենտիզմը ընտրական գործընթացների ժամանակ, այլ, մեր հասարակական-քաղաքական կյանքում քաղաքական հակադիր-մրցակցող բեւեռի ձեւավորումը՝ էությամբ զուտ քաղաքական, գաղափարական, լեգիտիմ, որն իր տեսակի, էության, սկզբունքների ու արժեքների շնորհիվ հաստատ կարող է վերածվել առկա քաղաքական համակարգի իրական այլընտրանքի: Եթե տեսականորեն անցկացնելու լինենք պատմական զուգահեռներ, ապա կարելի է պնդել, որ խորհրդային ամբողջատիրական համակարգը հազիվ թե փլուզվեր, եթե չլիներ դրան հակադիր-մրցակցող ազատականության եւ ժողովրդավարության արեւմտյան բեւեռը: Ճիշտ նույն կերպ, քաղաքական կուսակցությունների հանդեպ հանրային վստահության ճգնաժամի հաղթահարման ամենակարճ ճանապարհը իր տեսակով, որակներով, ծրագրով եւ առաջնորդներով հակադիր-մրցակցող, իր նպատակների մեջ՝ մեր հավաքականության ապագային միտված նոր սերնդի քաղաքական կուսակցությունների կայացումն է:

Պարոն Դալլաքյանի հոդվածի առանցքային մտահոգությունն, այնուամենայնիվ, երկրում ստեղծված դեմոգրաֆիական աղետալի իրավիճակն է: Այն, իմ համոզմամբ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ տեսլականով մեր ազգային անվտանգության կարեւորագույն սպառնալիքներից մեկն է, ոչ պակաս կարեւոր սպառնալիք, որքան Արցախյան հիմնախնդրի հայանպաստ լուծումը կամ բոլոր հարեւանների հետ հարատեւ բարիդրացիական հարաբերությունների ապահովումը: Ամբողջովին հիմնավորված եւ ընդունելի է հեղինակի առաջադրած խնդիրը առաջիկա 20-25 տարիներին Հայաստանում ապահովելու 5-6 մլն բնակչություն:

Իրականում, Դալլաքյանը շատ մեղմ է ներկայացրել Հայաստանում դեմոգրաֆիական առկա աղետալի խճանկարը եւ դրա դինամիկան, ինչի իրական պատկերի մասին խոսում են բազմապիսի հրապարակումները մամուլում, գիտական տարբեր ուսումնասիրությունները, տեղական ու միջազգային կազմակերպությունների զեկույցներն ու կանխատեսումները: Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակի շտկումը պահանջում է չուշացած, ադեկվատ եւ էությամբ ազգային մոտեցումներ եւ միջոցառումներ: Այստեղ դրոշակակիրն, անխոս, պետք է լինի պետությունը՝ խնդրով շահագրգիռ բոլոր դերակատարների ներգրավմամբ:

Ստեղծված դեմոգրաֆիական իրավիճակի բարդությունը եւ դրա կանխատեսելի վտանգավոր հեռանկարները պահանջում են իրավիճակից բխող կոնկրետ գործողությունների ձեռնարկում հենց այսօր: Անվիճելի է, որ խոսքը պետք է գնա մեկ ընդհանուր՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական քաղաքականության մասին, որը պետք է ծրագրավորված համադրի եւ մեկտեղի պետության, Սփյուռքի եւ մասնավոր հատվածի կողմից այս նպատակին ուղղված ջանքերը: Կարծում եմ, որ նման ծրագրի առանցքը կարող է կազմել «Երիտասարդ-նորաստեղծ ընտանիքներին բնակարանային ապահովության հարցում պետական աջակցության Ազգային ծրագիրը»:

Հաշվի առնելով հանրապետությունում անշարժ գույքի դինամիկ աճող գները, հիփոթեքային շուկայի անմատչելիությունը բնակարանի կարիք ունեցող նոր ձեւավորվող ընտանիքների համար (տարօրինակ է, որ կառավարությունը ամեն ինչ թողնում է «շուկային» եւ չի վերահսկում մասնավոր բանկերի կողմից տարվող հիփոթեքային քաղաքականությունը եւ սակագները, այն դեպքում, երբ ինքը միջազգային ֆինանսական հաստատություններից այդ նպատակի համար վարկերի տեսքով երկարաժամկետ գումարներ է ապահովում նույն մասնավոր բանկերի համար), երիտասարդության շրջանում արտագաղթի տեմպերը եւ դրա ավանդական բնույթի փոփոխությունը, 90-ականների սկզբի համեմատությամբ ծնելիության տեմպերի կրկնակի նվազումը, ամուսնությունների թվաքականի նվազումը եւ ամուսնալուծությունների թվաքանակի աճը, երիտասարդության շրջանում գործազրկության տակավին բարձր տեմպերը, սեփական հայրենիքում ապագայի նկատմամբ առկա անորոշությունն ու անհանգստությունը եւ այլ առաջնային գործոններ, պետությունը, այլ երկրների օրինակով եւ փորձի ուսումնասիրմամբ պետք է օր առաջ մշակի եւ 20-25 տարով կյանքի կոչի «Երիտասարդ-նորաստեղծ ընտանիքներին բնակարանային ապահովության հարցում պետական աջակցության Ազգային ծրագիր», որի գերխնդիրը եւ հաջողության միակ չափանիշը կարող է դառնալ հոդվածում Դալլաքյանի բերած նշաձողը՝ Հայաստանում 2025 թ. ունենալ 5-6 մլն բնակչություն:

Իմ պատկերացմամբ, նշված ծրագիրը պետք է նախաձեռնվի բացառապես պետության կողմից, մշակվի եւ իրականացվի մասնավոր սեկտորի եւ Սփյուռքի լայն եւ գործընկերային մասնակցությամբ, կառավարվի հասարակական մեծ վստահություն ներշնչող կազմ ունեցող հոգաբարձուների խորհրդի կողմից, իսկ զուտ տեխնիկական-կառավարման մասով կարող է կրկնել Հազարամյակի մարտահրավերների հիմնադրամ – Հայաստանյան գրասենյակի մոդելային գործառույթները, ինչը մեր իրականությունում արդեն ապացուցել է իր կենսունակությունը: Իսկ ի՞նչ քայլեր պետք է իրականացնել այս Ազգային ծրագրի շրջանակներում, որի կարգախոսները կարող են լինել «Մատչելի բնակարան յուրաքանչյուր երիտասարդ-նորաստեղծ ընտանիքնին» եւ «Երիտասարդական ավաններ հանրապետության քաղաքային բնակավայրերում»:

Ծրագիրը կարող է իրականացվել տասնյակ գործողությունների համադրմամբ. հիփոթեքային շուկայի իրական մատչելիության ապահովում, հստակ սոցիալական ուղղվածությամբ պետական բյուջեից բնակարանային շինարարության տարեցտարի աճող ֆինանսավորում, երկարաժամկետ փողեր տնօրինող ֆինանսական հաստատությունների մղում հիփոթեքային շուկա, միջազգային ֆինանսատու հաստատություններից ցածր տոկոսադրույքներով երկարաժամկետ նպատակային վարկային միջոցների ներգրավում պետական բնակարանաշինության ոլորտ, Ազգային ծրագրի շրջանակներում 20-25 տարով հատուկ «երիտասարդական» պետական վճարի ներդնում, բնակարանաշինական բիզնեսով զբաղվելու համար նոր պայմանների սահմանում (օրինակ՝ կառուցվող յուրաքանչյուր շենքում, այդ թվում եւ էլիտար, կառուցված բնակմակերեսի 15-20%-ը հատկացվում է երիտասարդական բնակարանային պետական ֆոնդին, որը պետությունը բաշխում է ըստ առաջնահերթությունների), բազմազավակության խրախուսման սոցիալական եւ առողջապահական պատշաճ համակարգի ներդրում եւ այլ միջոցառումներ: Զուտ տեսականորեն կարելի է ենթադրել, որ նման ծրագրի իրականացումը կարող է երկարաժամկետ առումով նպաստել ինչպես գերխնդրի լուծմանը՝ Հայաստանի բնակչության թվաքանակի մեծացմանը եւ դեմոգրաֆիական իրավիճակի շտկմանը, այնպես էլ՝ երկրում առկա սոցիալական լարվածության թուլացմանը, կոնկրետ օրակարգի շուրջ Հայաստանում եւ Սփյուռքում հասարակական-քաղաքական համաձայնության մթնոլորտի ձեւավորմանը եւ, ամենակարեւորը, այն կլինի ապագային միտված քայլ, քայլ, որ տեղավորվում է «անցում գոյապահպանությունից դեպի զարգացում եւ երկարաժամկետ ռազմավարական պլանավորում» տրամաբանության մեջ եւ հասարակական բավականին լայն խմբի գիտակցության մեջ կարող է մաշեցնել ապագայի նկատմամբ անորոշությունն ու անհանգստության զգացումը:

Այստեղ առանցքայինը դեմոգրաֆիական խորացող աղետը իր ամբողջ խորությամբ գիտակցելն ու իրավիճակը շտկելու համար պատասխանատվություն ստանձնելն է: Այս համատեքստում, կարծում եմ, ողջունելի է եւ ընդօրինակման է արժանի Երեւանի պետական համալսարանի շրջանավարտների միության՝ բուհի երիտասարդ գիտամանկավարժական կադրերին բնակարաններ տրամադրելու վերջին նախաձեռնությունը, ինչը ուղղակիորեն կնպաստի նոր ընտանիքների ձեւավորմանը եւ ծնելիության լրացուցիչ խթան կհանդիսանա: Բնականաբար, կարող են գտնվել շատ ավելի հիմնավորված այլ կամ միմյանց փոխլրացնող հարյուրավոր լուծումներ:

Չնայած վիճելի է Դալլաքյանի պնդումը, թե «ցանկացած երկրի բարգավաճման ամենաանվիճելի ցուցանիշը նաեւ նրա բնակիչների թվաքանակի ավելացումն է», ավելին, արդի գիտությունը եւ վիճակագրությունը պնդում են ճիշտ հակառակը (թերզարգացած եւ զարգացող աֆրիկյան, ասիական շատ հասարակություններում բնակիչների թվաքանակի ավելացման տեմպերը մի քանի անգամ գերազանցում են գերզարգացած սկանդինավյան կամ մայրցամաքային Եվրոպայի շատ երկրների համատապասխան ցուցանիշները), այնուամենայնիվ, հեղինակին հաջողվել է ամբողջ խորությամբ ընթերցողներին փոխանցել Հայաստանում դեմոգրաֆիական խնդրի հրատապությունը:

Հոդվածում Դալլաքյանը բավականին ուշագրավ դիտանկյունից է տեսնում Սփյուռքի ապագան. «մի քանի սերունդ հետո Սփյուռքը կամ պետք է ձուլվի ու անհետանա, կամ էլ այսօրվանից մտածի իր ձեւավորման բուն պատճառի՝ Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման, այսինքն՝ հայրենիք վերադառնալու մասին»: Լիովին կիսելով հեղինակի տեսակետը, որ դեմոգրաֆիական իրավիճակի շտկման եւ մեր միլիոնավոր ազգակիցների հայապահպանման տեսանկյունից հայրենադարձությունը կարող է դիտվել որպես առանցքային ուղղություն, այնուամենայնիվ, կարծում եմ, որ մեզանում անհրաժեշտություն կա նորովի, համաշխարհային զարգացումների տրամաբանության ճիշտ համատեքստում բնութագրելու, տեղորոշելու եւ գնահատելու Սփյուռքը, վերջինիս հնարավոր դերակատարությունը եւ ապագան, հայկական պետականությունների ակնկալիքներն ու սպասելիքները Սփյուռքից, մի բան, որ այսքան երկար ժամանակ այս կամ այն ձեւով քննարկվում է Հայաստանում եւ Սփյուռքում:

Ժամանակակից աշխարհը կարելի է բնութագրել որպես աննախադեպ ինտենսիվության գլոբալիզացիայի ժամանակաշրջան, որն ուղեկցվում է ազգային պետությունների դերակատարության նկատելի նվազմամբ, վերազգային կառույցների ու հորիզոնական ցանցերի ձեւավորմամբ ու ազդեցության մեծացմամբ: Աննախադեպ ինտենսիվության գլոբալիզացիան դա նախեւառաջ ինֆորմացիայի, կապիտալի եւ մարդկանց աննախադեպ շարժունակությունն է: Մյուս կարեւոր առանձնահատկությունը գլոբալացման եւ ինտեգրացիոն ներկայիս գործընթացների աղբյուրների ապակենտրոնացումն է, ինչը նշանակում է, որ այնքան էլ հիմնավորված չէ մեր հասարակական-քաղաքական գիտակցության մեջ տիրապետող տեսակետը, թե գլոբալացումը նույնական է արեւմտականացման հետ եւ սպառնում է մեր ազգային ինքնության կորստով:

Գլոբալ գործընթացների այս միտումն, ըստ ամենայնի, կպահպանվի գալիք առնվազն մեկ-երկու հարյուրամյակներում: Հետեւաբար, եթե լրջությամբ մոտենանք մեզ շրջապատող եւ մեր կամքից անկախ գոյություն ունեցող իրականությանը, ապա այսօրվանից պետք է պատասխանենք այնպիսի կարեւոր հարցի, թե արդյո՞ք զարգացումների ներկայիս փիլիսոփայությանը համարժեք ճիշտ ռազմավարական պլանավորման դեպքում Սփյուռքը չի կարող մի կողմից պահպանել իր ազգային դիմագիծը (ապրելով Ստոկհոլմում, Բուենոս-Այրեսում կամ Կահիրեում, այսօր, առավել եւս՝ ապագայում, կարելի է դիտել հայկական հեռուստատեսություն, կարդալ հայկական բոլոր թերթերը, սպառել հայկական արտադրության զանգվածային սպառման առարկաներ, ժամանակ առ ժամանակ ճամփորդել Հայաստան, մի խոսքով՝ վիրտուալ Հայաստանի մաս կազմել եւ լինել հայ էթնիկ ինքնության կրող), մյուս կողմից ծառայել որպես համազգային շահերն ու նպատակները սպասարկող ազդեցության արդեն իսկ գոյություն ունեցող համաշխարհային հորիզոնական ցանց:

Աննախադեպ ինտենսիվությամբ գլոբալացվող աշխարհը դա տարբեր հաստության եւ երկարության հազարավոր, եթե կուզեք միլիոնավոր թելերով միմյանց փոխկապակցված մի մեծ հորիզոնական ցանց է, որտեղ կան եւ ապագայում էլ անպայման կլինեն առանցքային հանգույցներ, առանց որոնց անխափան գործառության, կասկածի տակ կդրվի ամբողջական ցանցի կամ նրա մեկ հատվածի գործունեությունը եւ, անշուշտ, կլինեն «կույր աղիքներ», որոնք, պատկերավոր ասած, որեւէ դերակատարություն եւ էական գործառույթ չեն ունենա եւ կլինեն ցանցի զուտ սպառողներ: Ըստ էության, ապագայում նման «կույր աղիքների» գոյության դադարումը որեւէ կերպ չի ազդի համընդհանուրի կենսունակության եւ կենսագոյության վրա: Դա իմ պատկերացմամբ հենց այն է, ինչ մենք կոչում ենք Հայաստանի տարածաշրջանային եւ գլոբալ մրցունակություն:

Ահա, բոլոր ժողովուրդների եւ պետությունների, առավել եւս հայ ժողովրդի համար, ձեւավորվող համաշխարհային հսկա ցանցում միայն առանցքային կամ կարեւոր հանգույցի դերը կարող է լինել մեր «հազարամյա գոյաբանական ճգնաժամի» հաղթահարման, տարածաշրջանային ու գլոբալ մրցունակության անվիճելի եւ անփոխարինելի միակ երաշխիքը: Ակնհայտ է, որ մեր հասարակական-քաղաքական մտքի շատ «տիտանների» համար նմանատիպ «անէական» խնդիրներով զբաղվելը տեսանելի նեղ-քաղաքական դիվիդենդներ բերել չի կարող, հետեւաբար՝ պոպուլիզմը դեռեւս մնում է նախապատվելի, սակայն, առաջիկայում մեր հավաքական միտքը հատուկ պետական ծրագրերի տեսքով պետք է հիմնավորված պատասխան տա այդ կարեւոր հարցին, թե ի՞նչ քայլերի համադրմամբ Հայաստանին եւ հայ ժողովրդին կհաջողվի վերածվել համաշխարհային-առանցքային կամ գոնե տարածաշրջանային-կարեւոր հանգույցի, ինչի պատուհանը դեռեւս բաց է մեզ համար:

Չնայած վերջերս ընդունված Կառավարության գործունեության ծրագիրը առաջին անգամ դնում է Հայաստանի՝ տարածաշրջանային մրցունակության խնդիրները, սակայն այն, ինչ ունենք այսօր՝ լավատեսության քիչ տեղ է թողնում: Սակայն այս հարցերի պատասխանները փնտրելիս չպետք է տառապենք մազոխիզմով եւ «ադրբեջանական նավթի» ու «ձեւավորվող տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքներով» պայմանավորենք ամեն ինչ (նույնպիսի մազոխիզմ է այդ գործոնները ընդհանրապես շրջանցելը, ինչին եւս հաճախ ականատես ենք լինում): Այստեղ է, որ Սփյուռքի դերը կարող է վերագնահատվել, քանզի այն օբյեկտիվ հանգամանքներում ձեւավորված եւ փաստացի գոյություն ունեցող համաշխարհային բացառիկ ենթացանց է, ինչի նմանատիպի ձեւավորումը, որպես ազդեցության կամ համաշխարհային գործընթացներում ներգրավման ինստիտուտի, նույնիսկ տեսականորեն անհնար է ինչպես մեր հարեւան երկրների, այնպես էլ շատ այլ ժողովուրդների համար, խնդիր, որ թուրքական եւ ադրբեջանական պետական մեքենան փորձում է լուծել ուսանողական փոխանակման ծրագրերի, միջազգային կազմակերպություններում այդ երկրների քաղաքացիների ներգրավման խրախուսման եւ այլ մեխանիզմներով: Ասվածից հետեւությունը մեկն է՝ Սփյուռքը Հայաստանի գլոբալ մրցունակության կարեւորագույն երաշխիքներից մեկն է: Սփյուռքի դերի վերագնահատման արդյունքում, օրինակ, որպես համաշխարհային ֆինանսական գործընթացների վրա ազդեցություն ունենալու հնարավոր մեխանիզմ, մեզ համար շատ ավելի հեշտ կլինի ստեղծել միջազգային բոլոր չափանիշներով գործող եւ Շվեյցարիայում տեղակայված ու ողջ աշխարհում մասնաճյուղեր ունեցող Համահայկական Բանկ, քան մեր հարեւան այլ ժողովուրդներին:

Սակայն սա չի նշանակում, որ Սփյուռքը միակ երաշխիքն է եւ մենք պետք է տառապենք աբսոլյուտիզմով ու անտեսենք մեզ հայտնի ու անհայտ այլ առանցքային գործոններ, ներառյալ ազդեցության եւ ներգրավման համաշխարհային ժամանակակից ցանցերի ձեւավորումը, տարածաշրջանում ժողովրդավարության առաջնեկի դերին հավակնելը, լավ կառավարումը, մարդկային կապիտալի արդյունավետ օգտագործումը, մրցունակ տնտեսական ենթակառուցվածքների ստեղծումը, օտարերկրյա ներդրումների համար առավել գրավիչ պայմանների ապահովումը, պաշտպանության եւ անվտանգության բնագավառում նոր բաղադրիչների ներգրավումը եւ այլն: Այս համատեքստում շատ հետաքրքրական է թվում եւ հետագա քննարկման է արժանի Դալլաքյանի առաջարկը տնտեսական գործունեության դիֆերենցված բազմազանության ապահովման վերաբերյալ:

Ընդհանրացնելով՝ կարելի է փաստել, որ, չնայած, հոդվածի առանձին դրվագներում տեղ գտած ծայրահեղություններին եւ համակողմանի վերլուծության բացակայությանը, որոշ դեպքերում տերմինների վիճելի կիրառմանը եւ համարձակ հետեւություններին, պարոն Դալլաքյանի հոդվածը նոր խոսք է գաղափարազրկվող մեր քաղաքական դաշտում եւ արժանի է մեծ դրվատանքի, իսկ հոդվածում բերված մտքերը՝ հետագա քննարկման եւ զարգացման: Քանի որ իր հիմնական եզրակացություններով հոդվածն անհատականության բացահայտման համատեքստում անհատի բարեկեցության գաղափարի, հետեւաբար՝ ազատական գաղափարախոսության հիմնավորման լուրջ փորձ է, չափազանց հետաքրքիր կլիներ «Առավոտում» տեսնել նաեւ ոչ ազատական հայացքներ ունեցող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների տեսակետները եւս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել