Լրահոս
Օրվա լրահոսը

Հավակնորդը չի կարող փոխել թերթիկը

Օգոստոս 28,2007 00:00

\"\"Օգոստոսի 25-ին կայացան ՀՀ փաստաբանների պալատի՝ փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու որակավորման քննությունները:

Քննությանը հայտ ներկայացրածներից ընտրվեց 214 հավակնորդ: Նրանցից 110-ը կմասնագիտանա քաղաքացիական, իսկ 104-ը՝ քրեական գործերով:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ պալատի ձեւավորման օրվանից սկսած որակավորման քննությունները անցկացվում են երկրորդ անգամ: Նա տեղեկացրեց, որ «Քննությունը կազմակերպել է Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը: Վերջինս ընտրվել է պալատի ընդհանուր ժողովի կողմից: Որակավորման քննություններն անցկացնելու համար, թե ֆինանսապես, թե կազմակերպչական առումով, մեզ աջակցում են Ամերիկյան իրավաբանների ընկերության ներկայացուցիչներն ու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը»: Ռ. Սահակյանն ասաց, որ չնայած անցյալ տարվա քննությանը մասնակցած 310 հավակնորդից միայն 215-ն է ստացել արտոնագիր, սակայն ինքը, ընդհանուր առմամբ, գոհ է մնացել հավակնորդների մասնագիտական պատրաստվածությունից:

Նշենք, որ անցյալ տարվա քննության անցողիկ միավորը 75-ն էր, այս տարվանը՝ 85-ը: Պրն Ռ. Սահակյանի ձեւակերպմամբ, յուրաքանչյուր հավակնորդ ստանում է այնքան միավոր, որքան գիտելիք ունի. «Անցյալ տարի առաջին քննությունն էր: Ըստ էության՝ մենք փորձ կատարեցինք, պարզելու, թե քանիսը կկարողանան հաղթահարել 75 միավորանոց արգելքը: Համոզվեցինք, որ շատերն են հաղթահարում: Հիմա անցողիկ միավորը դարձրինք 85, որպեսզի Փաստաբանների պալատի անդամների թիվը շատ արագ չաճեցնենք: Եթե հավակնորդը հաղթահարի 85 միավորի արգելքը, նա կմասնակցի բանավոր 2-րդ փուլին, որն էլ բարեհաջող հանձնելուց հետո նրան կտրվի փաստաբանական գործունեություն իրականացնելու անժամկետ արտոնագիր»:

Մեր հարցին, թե ինչ է սպասվում քննությունից բացակայող հավակնորդներին, պրն Սահակյանը պատասխանեց. «Քննակարգում սահմանված է, որ նրանք, ովքեր չեն ներկայանա քննության, անկախ պատճառներից, այսինքն՝ հարգելի է, թե ոչ, նրանց համար նոր քննություն չի անցկացվի, որովհետեւ դա դժվար պրոցես է»: Նշենք, որ հավակնորդների աշխատանքների ստուգումը իրականացվում է համակարգչի միջոցով եւ այն կեղծել հնարավոր չէ: Այս առիթով էլ Որակավորման հանձնաժողովի նախագահ Ենոք Ազարյանը ասաց. «Թերթիկը, որը ստանում է հավակնորդը, մուտք է արվում համակարգիչ, վերջինս կոդավորված է: Հավակնորդը չի կարող մեկ այլ թերթիկ ներկայացնել: Այս ծրագրի շնորհիվ բացառվում են ամեն տեսակի կեղծիքները»: Ռ. Սահակյանի փոխանցմամբ, նկատի ունենալով, որ այս տարի անցողիկ միավորը 85-ն է, հաշվարկները ցույց են տալիս, որ այս տարի հավակնորդների 38-40%-ը պետք է հաղթահարի արգելքը:

Պրն Սահակյանը հավելեց. «Այս տարի երիտասարդների քանակը ավելի շատ է: Կարծում եմ, որքան երիտասարդանա Փաստաբանների պալատը, այնքան լավ կլինի»: Ըստ նրա, մեր իրավաբանական միտքը ոչնչով չի զիջում արտասահմանյանին: Պալատի Որակավորման հանձնաժողովի նախագահ Ենոք Ազարյանն էլ հայտնեց, որ մասնավոր բուհեր ավարտած հավակնորդները գերակշռում են, մասնակիցների 80%-ը կազմում են նրանք:

Երեկ Ե. Ազարյանը «Առավոտին» հայտնեց օգոստոսի 25-ի քննության արդյունքները: Քաղաքացիական գործերով մասնագիտացված հավակնորդներից քննության 85 միավորի արգելքը հաղթահարել է 53-ը, իսկ «քրեականներից»՝ 44-ը: Հավակնորդներից 21-ը չի ներկայացել քննության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել