Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴՊՐՈՑԸ ԶԵՐԾ ՊԱՀԵԼ ԳՌԵՀԻԿ ԿԵՆՑԱՂԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ»

Օգոստոս 28,2007 00:00

\"\"Ըստ փոխքաղաքապետ Կամո Արեյանի, այս սկզբունքով պետք է աշխատեն կրթօջախների տնօրենները

Նոր ուսումնական տարվա նախապատրաստման առիթով Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը հանդիպեց լրագրողների հետ: Նա տեղեկացրեց, որ այս տարի առաջին դասարան կարող են ընդունվել միայն 2001թ. ծնված երեխաները, ի տարբերություն նախորդ ուսումնական տարվա, երբ կային ավագ եւ կրտսեր առաջիններ: Երեկվա դրությամբ դպրոց է ընդունվել 8115 առաջին դասարանցի: Կ. Արեյանը հայտնեց, որ 2007-08 ուստարում պետք է իրականացվի ավագ դպրոցի ներդրման փորձնական ծրագիրը: Անդրադարձ եղավ նաեւ ներառական կրթությանը, որն իրականացվում է 9 դպրոցում: Քաղաքապետարանի ենթակայությամբ գործող թիվ 5 հատուկ դպրոցը այլեւս վերածվել է առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների գնահատման գիտական կենտրոնի եւ անցել ԿԳ նախարարության ենթակայությանը, իսկ Նուբարաշենի թիվ 1 եւ Պ. Դուրյանի անվան հատուկ դպրոցները փոխանցվել են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը՝ վերածվելով երեխաների խնամքի եւ պաշտպանության սոցիալական հիմնարկների:

Պատասխանելով դպրոցական միասնական համազգեստին վերաբերող հարցին, պրն Արեյանն ասաց, որ այդ քայլին պետք է գնալ միայն այն դեպքում, երբ առկա է մանկավարժական, ծնողական եւ կառավարման խորհուրդների համաձայնությունը:

«Առավոտի» դիտարկմանը, որ պարտադիր համարվող 22-ժամյա դրույքաչափի պատճառով դպրոցներում յուրատեսակ օպտիմալացում է գնում, որովհետեւ, օրինակ, նկարչության կամ կենսաբանության ուսուցիչներին երբեք վիճակված չէ այդքան դասաժամ ունենալ, պրն Արեյանը պատասխանեց. «Օգոստոսյան մեր բոլոր խորհրդակցություններում այս հարցը տնօրենների կողմից մշտապես բարձրացվել է: Դպրոցի ինքնակառավարման աստիճանի տենդենցներն ու նմանօրինակ սահմանափակումներն անհարիր են: 22-ժամյա ծանրաբեռնվածության պատճառով իսկապես կարող ենք զրկվել որոշ առարկաների ուսուցիչներից: Սա լուրջ խնդիր է, որի լուծումը փորձում ենք գտնել ԿԳ նախարարության հետ: Չափորոշիչ, ուսումնական պլան, առարկայական ծրագիր՝ այս երեք պատվերն է պետությունը տալիս դպրոցին, մյուս կողմից էլ իր պատվերի գինը որոշում է աշակերտների թվով եւ ըստ այդմ տրվում է համապատասխան ֆինանսավորում: Դպրոցը պարտավոր է ապահովել պետության պատվիրած կրթական չափորոշիչը, մյուս կողմից էլ ժամանակն է, որ կրթօջախն ինքը որոշի՝ ինչպես իրականացնել այն: Պետք է տնօրենին հնարավորություն տալ մրցույթով ընտրել ուսուցիչներին, որովհետեւ լավագույն որակ ապահովելու երաշխիքը նախեւառաջ բարձրակարգ մանկավարժն է, իսկ վերջինիս լավ պահելու համար պետք է անցնել դիֆերենցված վարձատրության»:

«Առավոտը» հետաքրքրվեց դպրոցից դպրոց 10-րդ դասարանցիների տեղաշարժերով, որոնք հաճախ ինչ-ինչ մեկնաբանությունների ու ասեկոսեների տեղիք են տալիս, մանավանդ տրամաբանորեն 9 տարի նույն դպրոցում սովորած երեխան պետք է որ ցանկանա նույն դպրոցն ավարտել: Փոխքաղաքապետն ասաց, որ այդ մասին տվյալներն առայժմ ճշտվում են: «Տեղաշարժերը երբեմն պայմանավորված են անշարժ գույքի առքուվաճառքով, մարդիկ հաճախ բնակության վայրը փոխելով` ստիպված են երեխային այլ դպրոց տանել, եւ որեւէ մեկը դա չի կարող նրանց արգելել: Ավելի մտահոգիչ է 10-րդ դասարանցու հաճախելիությունը: Պետք է գտնել այնպիսի միջոց, որ դասաժամի հաշվին երեխան չգնա դպրոցից դուրս՝ կրկնուսույցի մոտ պարապելու: Կարծում եմ՝ այս ամենին վերջակետ կդրվի ավագ դպրոցի ստեղծմամբ, երբ երեխայի համար դպրոցը կդառնա ավելի գրավիչ, քննական թեստերը համահունչ կլինեն դպրոցական ծրագրերին, ծնողն ու աշակերտն էլ կգիտակցեն, որ դպրոցում է գիտելիքի ստացման ու ստուգման ճշմարիտ հնարավորությունը»:

Փոխքաղաքապետին հարցրինք, թե վերջին տարիներին քանի՞ տնօրեն է պատժվել աշխատանքային բացթողումների եւ թերացումների համար:

«Օրինակ, միայն 2004-2005թթ. աշխատանքից ազատվել է 7 տնօրեն: Անցած ուսումնական տարում շատերը ենթարկվել են վարչական տույժերի: Մշտապես տնօրեններին հորդորում ենք դպրոցները զերծ պահել գռեհկության աստիճանի հասցված կենցաղավարության որոշ դրսեւորումներից, ինչին տուրք են տալիս թե ծնողները, թե որոշ կոլեկտիվներ: Ոչ ոքի թույլատրված չէ պարտադիր դրամահավաքը: Ամենասարսափելին այն է, երբ առաջին դասարանցին է դառնում տնից դպրոց դրամ տեղափոխողը»,- նշեց Կ. Արեյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել