Լրահոս
Օրվա լրահոսը

Կանանց արհամարհողը՝ նարկոբիզնեսմեն

Օգոստոս 28,2007 00:00

Ըստ Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի, իրենց նախկին աշխատակիցը կենտրոնի դեղերը «տակից» ծախել է թմրամոլներին:

Օրերս Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնի հոգեբուժական բաժանմունքի նախկին վարիչ Ֆերդինանտ Գյոլեցյանն «Առավոտին» դժգոհել էր, որ նշված կենտրոնի ներկայիս տնօրեն Նադյա Վարդանյանը կենտրոնում ապօրինություններ է անում. օրինակ՝ իր անձնական «Վոլգա» մակնիշի մեքենան, որն արդեն շարքից դուրս եկած է եղել, թանկ գնով վաճառել է իր ղեկավարած հիմնարկին՝ դարձնելով ծառայողական մեքենա եւ ծախսերը հանել հոգեբուժարանից:

Այս մասին «Առավոտի» օգոստոսի 17-ի համարում հրապարակումից հետո Նադյա Վարդանյանը հրավիրեց մեզ իրենց կենտրոն, որպեսզի փաստաթղթեր ներկայացնի, ըստ որոնց՝ կենտրոնի ծառայողական մեքենան բավականին էժան գնով ձեռք էր բերվել Մարալիկի բնակիչներից մեկից: «Չեմ հասկանում, ինչի՞ է ոգեւորվել Գյոլեցյանը նրանից, որ մենք ունենք ծառայողական մեքենա: Այսօր նույնիսկ գյուղերի ամբուլատորիաներն ունեն մեքենաներ, էլ ուր մնաց 3 մեծ ծառայություն ունեցող հոգեբուժարանը, որը գտնվում է քաղաքի ծայրամասում եւ որին այդ մեքենան օդ ու ջրի պես անհրաժեշտ է: Ես, ի տարբերություն նախկին տնօրենի, դեղորայքը 3 անգամ էժան գներով եմ ձեռք բերում, մատակարարի հետ էլ իրենց նման երբեք բիզնեսի մեջ չեմ մտնում: Այդ պատճառով էլ իմ հիմնարկում գոյացել է շահույթ, ես էլ, վերադասի թույլտվությամբ, ծառայողական մեքենա եմ գնել: Ի՞նչ է, չէ՞ր կարելի: Այն ժամանակ, երբ նախկին տնօրենի տղան իր մոր մոտ աշխատում էր որպես տնտեսվար ու վարորդ, ինչո՞ւ այդ ժամանակ Գյոլեցյանը պետական մտածելակերպ չուներ: Թե՞ դա իրեն էլ էր ձեռնտու, ամբողջ օրն այդ մեքենայով էր իր հարցերը լուծում: Ի տարբերություն Ֆերդինանտի, որն իր ամբողջ կյանքում նույնիսկ հեծանիվ չի ունեցել, մենք տանը երկու մեքենա ունենք, այնպես որ՝ իմ անձնական նպատակների համար երբեք թույլ չեմ տա ծառայողական մեքենա օգտագործել»,- պարզաբանեց Նադյա Վարդանյանը: Նա նաեւ վստահեցրեց, որ 9 տարի աշխատելով որպես առողջապահության կազմակերպիչ՝ բազմիցս ներկա է գտնվել Գյոլեցյանի կողմից հիվադներին ծեծելու արատավոր պրակտիկայի հարցի քննարկմանը: Նույնը նաեւ հավաստում էր հոգեբուժական բաժանմունքի վարիչ Գագիկ Մխիթարյանը, որի ներկայացմամբ՝ Ֆերդինանտ Գյոլեցյանը հիվանդասենյակներ է մտել «միլիցու դուբինկով», ամիսներով էլ կանանց բաժանմունք ոտք չի դրել՝ ասելով, որ այդ սեռին արհամարհում է:

Որոշ աշխատակիցներ էլ փաստում էին, որ Ֆերդինանտ Գյոլեցյանն ու նախկին տնօրեն Ջուլիետա Մարգարյանը հիմնարկը դարձրել էին ծերակույտ, երիտասարդներին տեղ չեն տվել ու իրենցից բացի մյուս բժիշկներին նորմալ աշխատավարձ չեն վճարել:

«Սանիտարական ֆակուլտետ ավարտած ու իրեն գիտնական երեւակայող Գյոլեցյանը ստացել է 130 հազար դրամ, իսկ հոգեբույժների միջին աշխատավարձը եղել է 23 հազար դրամ, այսօր նույն բյուջեի սահմաններում ես նրանց աշխատավարձը դարձրել եմ 60-70 հազար դրամ: Իսկ Գյոլեցյանը իր ողջ գործունեության ընթացքում զբաղվել է հոգեմետ դեղերի վաճառքով: Նա դեկտեմբեր ամսին դիազեպամ կոչվող դեղորայքից (սա թմրամոլների դեղերից է) 214 սրվակ է օգտագործել՝ ռեկորդային քանակ, եւ սա այն դեպքում, երբ ամսական ամենաշատը ծախսվում է 60 սրվակ: Պարզ է, որ դուրս է գրել ու վաճառել»,- ասաց Նադյա Վարդանյանը: Զարմանալի է, թե ինչու է կենտրոնի տնօրինությունն այսքան ժամանակ թաքցրել նման անօրինական փաստերը՝ դրանք ոստիկանությանը ներկայացնելու փոխարեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել