Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՉԻԿԻ «ԲԱԽՏԸ ԲԱՑՎԵՑ»

Օգոստոս 28,2007 00:00

\"\"Թալինի ընտրությունների ողջ ընթացքում ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը թղթախաղով իր կուսակցի բախտն էր բացում, որ տեսներ՝ անցնելո՞ւ է,
թե՞ ոչ: \"\"

Կիրակի օրը թիվ 15 ընտրատարածքում, որն ընդգրկում է Թալինի, Աշտարակի, Արմավիրի, Բաղրամյանի տարածաշրջանները, պատգամավորության ընտրություններ էին: Թեկնածուները 6-ն էին՝ ՀՀԿ անդամ Խաչիկ Մանուկյանը, Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀՅԴ անդամ Գուրգեն Շահինյանը, անկուսակցականներ Էմին Կարապետյանը եւ Վահագն Պետրոսյանը: Այս ընտրությունները ոչ միայն մրցակցություն էին ԱԺ-ում իշխող խմբակցությունների ներկայացուցիչների միջեւ, այլեւ Խ. Մանուկյանի համար «թասիբի» հարց էր, քանի որ մայիսի 12-ի ընտրություններից հետո հրաժարվելով իր մանդատից՝ նա հայտարարել էր, որ թեեւ ինքը հաղթող է, սակայն նոր ընտրությունների գնալու է՝ մեկ անգամ եւս ապացուցելու, որ իր դիրքերն ավելի ամուր են: Ինչպես ցույց տվեցին քվեարկության արդյունքները՝ Խ. Մանուկյանը հավաքել էր ամենաշատ քվեները՝ 16.121 ձայն: Երկրորդ տեղում էր Մնացական Մնացականյանը, որը 6054 ձայն քիչ էր հավաքել, քան Խ. Մանուկյանը: Իր հավաքած ձայներով երրորդ տեղում է Գ. Շահինյանը՝ 7.248, չորրորդում՝ Ր. Հովհաննիսյանը՝ 1220 ձայն, հինգերորդում՝ Է. Կարապետյանը՝ 518 ձայն, եւ վերջին տեղում՝ Վ. Պետրոսյանը, որին ձայն էր տվել ընդամենը 58 ընտրող: 60.138 ընտրողից ընտրությանը մասնակցել է 36.394-ը:

Ինչպես ողջ քարոզարշավի ընթացքում, այնպես էլ ընտրության օրը՝ Թալինում խիստ լարված եւ վախի մթնոլորտ էր տիրում: Մարդիկ ամեն վայրկյան սպասում էին, որ Խ. Մանուկյանի եւ Մ. Մնացականյանի կողմնակիցներն ուր որ է՝ կռվելու են ու սկսեն իրար հետ հաշիվ մաքրել: Ուստի ծեծկռտուքները կանխելու համար մայրաքաղաքից ընտրության օրը Թալին էին բերել ոստիկանների ու հատուկ ջոկատայինների: Մ. Մնացականյանի շտաբից Սամվել Բադալյանին այդքան շատ ոստիկանների ներկայությունը դուր չէր եկել: «Այստեղ ամեն ինչ հանգիստ է, ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել, սրանով ուզում էին պարզապես ժողովրդի վրա ազդեցություն թողնել»,- մեզ հետո զրույցում դժգոհեց նա՝ հավաստիացնելով, որ հատուկ ջոկատայինների այդ «շոուն» ընտրությունների վրա որեւէ ազդեցություն չի կարող ունենալ եւ իրենց թեկնածուն 150 տոկոսով պատգամավոր կընտրվի: Մարզի տարածքային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը «Առավոտին» վստահեցրեց, որ մայրաքաղաքից ոստիկանները ժամանել են՝ պարզապես հասարակական կարգը պաշտպանելու եւ դրանով որեւէ թալինցու վախեցնելու մտադրություն չունեն. «Եթե ՀՀ ոստիկանը ընտրողի վրա ազդեցություն է թողնում, ուրեմն ես էլ ասելիք չունեմ: Այսօր մեզ համար միջոցառում է, եւ ոստիկանները պետք է շատ լինեին»:

Րաֆֆի Հովհաննիսյանը Թալինի իր շտաբ ժամանեց բարձր տրամադրությամբ: Մեզ հետ զրույցում պարոն Հովհաննիսյանը նշեց, որ թեեւ իր հաղթանակի համար եկեղեցում մոմ չի վառել, սակայն մինչեւ շտաբ գնալը մասնակցել է պատարագին:

Խաչիկ Մանուկյանին սատարելու էին եկել մի խումբ հանրապետական պատգամավորներ՝ Գալուստ Սահակյանը, Լյովա Խաչատրյանը, Հարություն Փամբուկյանը, Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը եւ այլք: Նրանք ողջ օրը Խ. Մանուկյանի շտաբում էին ու պարապությունից թղթախաղ էին խաղում: Գ. Սահակյանը, իր խոսքերով՝ Խաչիկի բախտն էր բացում, որ տեսներ՝ անցնելո՞ւ է, թե՞ ոչ: Այն, որ Խաչիկ Մանուկյանն անցնելու էր՝ երազ էր տեսել նաեւ Արմավիրի քաղաքապետի եղբայրը, որը հանգստացնում էր Խ. Մանուկյանին, ասելով, որ իր երազում հաստատ անցնում էր:

Ինչ վերաբերում է քվեարկության ընթացքին, Թալինում բազմաթիվ խախտումներ եղան՝ հատկապես Մ. Մնացականյանի ընտրողների կողմից: Օրինակ՝ թիվ 15/41 ընտրատարածք մտնող մի շարք ընտրողների ձեռքին միանման դեղին թղթեր էին՝ վրան գրված քվեարկողի անվան համարը եւ նշումներ, թե ով որ ժամին պիտի գա ընտրության: Ընտրատարածքում Մ. Մնացականյանի ներկայացուցիչը նման թերթիկներով մտնողների ձեռքից, քվեարկելուց հետո, հավաքում էր թերթիկները, որպեսզի հետո հախուհաշվարկ անեն ու պարզեն, թե ով չի եկել ընտրության: Թալինցիների պատմելով՝ ընտրության նախորդ օրը Մ. Մնացականյանի կողմնակիցները 5- հազարական դրամ են բաժանել եւ ում տվել են, որպես կտրոն, հետն էլ այդ դեղին թղթերից են տվել, որ իրենց տված գումարին հետո տեր կանգնեն:

Ր. Հովհաննիսյանի վստահված անձ Հասմիկ Հարությունյանը «Առավոտին» փոխանցեց, որ Մնացական Մնացականյանի քրոջ որդին առավոտյան ժամը 8-ից իր մի քանի հաղթանդամ ընկերներով շրջապատել է թիվ 15/39 ընտրատեղամասն ու ընտրողներին անձնագրեր է բաժանել. «Երբ խնդրեցի, որ մյուս վստահված անձինք մոտենան, կանխեն՝ ոչ մեկը տեղից չշարժվեց, միայն հանձնաժողովի անդամներն ու նախագահն իջան ներքեւ, որ տարածքից հեռացնեն, սակայն Մնացականյանի բարեկամն իրեն շատ լկտի պահեց, ոստիկանների վրա սկսեց բղավել՝ ասելով, թե դուք ով եք, ես ինչ ուզեմ՝ կանեմ»: Վստահված անձի խոսքերով՝ այդ անձնագրերը Մ. Մնացականյանի կողմնակիցները հավաքել էին ընտրությունից առաջ եւ հենց ընտրության օրն էլ ետ տրվեց ընտրողներին: Այս առնչությամբ տեղամասի հանձնաժողովի նախագահ Կարեն Գասպարյանը նշեց, որ երբ ինքն իջել է ներքեւ, անձնագիր բաժանողն արդեն հեռացած է եղել եւ չի հասցրել բռնացնել:

Ըստ Ընտրական օրենսգրքի, չհրկիզվող պահարանները, որտեղ պահվում են քվեաթերթիկները, պետք է լինեն ընտրատարածքում, սակայն չհրկիզվող պահարանը Ավտոնա գյուղի ընտրատեղամասի փոխարեն եղել է գյուղապետարանում: Սա թիվ 15 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ Հովիկ Ասատրյանը բացատրեց նրանով, որ գյուղում նման ուրիշ պահարան չեն գտել, ստիպված են եղել օգտագործել գյուղապետարանինը:

Թալինի թիվ 15/40 ընտրատեղամասում անձնագրային բաժնի աշխատակցուհին անձնագիր չունեցող ընտրողներին տեղում լուսանկարում եւ «9-րդ ձեւ» էր տալիս, ընդ որում՝ ապրիլ ամսվա հետին ամսաթվով: Ընդհանրապես, անձնագրային անճշտություններ շատ կային: Առուճ եւ Գ. Շահինյանի ծննդավայր Ուջան գյուղերում մթնոլորտը շիկացած էր, մարդկանց մեծ կուտակումներ կային հենց ընտրատեղամասերի դիմաց: Ուջանում նույնիսկ բանը հասավ նրան, որ դաշնակները կռվի մեջ քաշեցին հանրապետականներին, սակայն ոստիկանների միջամտության շնորհիվ ծեծկռտուք չեղավ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել