Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԷ՞Ր ԿԱՐՈՂ ՊԱՇՏՊԱՆԵԼ

Օգոստոս 28,2007 00:00

«Առավոտի» հարցին՝ մտադի՞ր է արդյոք որեւէ կերպ արձագանքել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նկատմամբ իրականացված բռնարարքին (հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին՝ Համահայկական խաղերի բացման արարողության ժամանակ, երբ պատգամավորը թռուցիկներ էր բաժանել՝ քաղբանտարկյալներ Արման Բաբաջանյանին, Ժիրայր Սեֆիլյանին, Վարդան Մալխասյանին եւ Ալեքսանդր Արզումանյանին ազատ արձակելու կոչով, ոստիկանները Զարուհի Փոստանջյանին քաշքշել էին եւ խլել պայուսակը, սպառնացել «քացու տակ գցել»)՝ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը պատասխանեց. «Կարծում եմ, ոչ: Քանի որ պատգամավորն ինքը որեւէ տեղեկություն չի ներկայացրել կատարվածի մասին: Ես տեղյակ եմ միայն թերթերից. ուրիշ ոչինչ»:

Զարուհի Փոստանջյանը մեր հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ կատարվածի կապակցությամբ չի դիմել ԱԺ նախագահին՝ ասաց. «Ես չդիմեցի, քանի որ կարծում եմ, ԱԺ նախագահն այս իրավիճակում չէր կարող ինձ որեւէ հարցով օգնել եւ պաշտպանել: Երբ ԱԺ պատգամավոր չէի, այլ Հայաստանի Հանրապետության սովորական քաղաքացի ու փաստաբան՝ իմ պաշտպանյալների կապակցությամբ բազմիցս եմ դիմել ԱԺ նախագահին, նաեւ այլ պատգամավորների: Եվ երբեւէ նրանցից ոչ մեկից չեմ ստացել որեւէ աջակցություն մարդու իրավունքների ոտնահարումների կապակցությամբ: Եվ ես այժմ ուղղակի դիմեցի իրավապահ մարմիններին ու իմ նախկին գործընկերներին՝ փաստաբաններին, նաեւ ԱԺ այլ պատգամավորների ու հասարակական կազմակերպությունների՝ աջակցության համար»:

Հիշեցնենք նաեւ, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը ոստիկանների քաշքշոցից հետո կապտուկներ էր ստացել ու դիմել դատաբժշկի: Մեր հարցին՝ կա՞ արդեն եզրակացություն պատճառված վնասվածքների մասին՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Փորձաքննության արդյունքները կան, բայց ես դեռ դրանց չեմ ծանոթացել: Երեւի այսօր դրանք ինձ հայտնի կդառնան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել