Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱԽՏԵՑԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Օգոստոս 28,2007 00:00

\"\"Օգոստոսի 26-ին ոստիկանները դարձյալ խոչընդոտել են թռուցիկներ բաժանելու փորձերին

Կիրակի՝ Համահայկական խաղերի փակման արարողության ժամանակ, ոստիկանությունը կրկին թույլ չի տվել թռուցիկներ բաժանել: Հիշեցնենք, որ նման արգելանք նրանք կիրառել էին նաեւ բացման արարողության ժամանակ՝ թռուցիկ բաժանող «Ժառանգություն» կուսակցության եւ «Այլընտրանք» նախաձեռնության մի քանի անդամների տանելով ոստիկանության Մարաշի բաժանմունք: Օգոստոսի 18-ին բերման ենթարկվածների մեջ էր «Այլընտրանքի» համակիր Վարդգես Գասպարյանը (նկարում), որին ոստիկանության բաժանմունքում միայն մի քանի ժամ հարցաքննելուց հետո էին ազատ արձակել: Օգոստոսի 26-ին նա դարձյալ թռուցիկներ է բաժանել: «Դա Գուլյանների ընտանիքի նախաձեռնությունն էր: Մենք ընտանիքներով մտերիմ ենք, եւ բնական է, որ իմանալով, թե նման նախաձեռնություն կա՝ ես նույնպես մասնակցեցի,- մեզ պատմեց Վարդգես Գասպարյանը:- Լեւոն Գուլյանի հիշատակի շապիկներով մենք Թատերական հրապարակում էինք ժամը 19-ից քիչ անց: Արտառոց որեւէ բան չեղավ մինչեւ ժամը 20-ը, թեեւ ոստիկանները խիստ սեւեռված էին մեզ վրա: Հետո բաժանվեցինք 2 խմբերի՝ ես ու Լիլիթ Գուլյանն իրար հետ էինք քայլում, իսկ Արմինե Գուլյանն ու Ջեմման (Լեւոն Գուլյանի կինը.- Ա. Ի.) ու նրանց հետ՝ եւս երկու հոգի՝ միասին»: Նրանք բաժանել էին թռուցիկներ, որոնց վրա պատկերված է Լեւոն Գուլյանը՝ իր երկու որդիների հետ, եւ գրված. «Երկու երեխաների հայր, 31-ամյա Լեւոն Գուլյանը մայիսի 12-ին մահացավ ոստիկանությունում: Վերջին տարիներին ավելի քան մեկ տասնյակ մարդ է մահացել ոստիկանության բաժանմունքներում: Ո՞վ է հաջորդը»: Թռուցիկում նաեւ նշված է՝ www.levon-gulyan.info կայքի հասցեն՝ լրացուցիչ տեղեկատվության եւ ցավակցությունների համար:

Ըստ Վարդգես Գասպարյանի՝ իրենց մոտեցել են 3 ոստիկաններ, որոնք «հրավիրել» են ղեկավարների մոտ. «Հարցրինք, թե ի՞նչ է նշանակում հրավերը. եթե մեր ցանկությամբ է՝ չե՛նք գալիս, իսկ եթե հրահանգում են, որ պիտի գնանք՝ կգա՛նք, բայց նաեւ կփորձենք պարզել, թե իրավունք ունե՞ն մեզ առանց որեւէ պատճառի նման հրահանգներ տալ: Այնուամենայնիվ, գնացինք՝ հրապարակի մի ծայրից մյուսը: Ոստիկաններն իրենց ղեկավարների հետ չգիտես ինչ խորհրդակցեցին եւ մեզ ասացին, որ ազատ ենք»:

Նույնքան հարթ չի ընթացել, սակայն, Արմինե եւ Ջեմմա Գուլյանների «շփումը» ոստիկանության հետ: Արմինե Գուլյանը (նկարում)՝ Լեւոն Գուլյանի քույրը, մեզ պատմեց. «Սկզբում ոստիկանները երկար հետեւում, ուսումնասիրում էին մեզ»: Նրանց շապիկներին նայելով, որոնց վրա պատկերված է Լեւոն Գուլյանը՝ ոստիկանները հետաքրքրվել էին. «Մի երկուսը մոտեցան, թե էս ո՞ւմ նկարն ա, ի՞նչ ա: Բացատրեցինք: Ասացին՝ խի տենց բա՞ն ա էղել, տենց բան չի՛ էղել, հնարավո՛ր չի: Ու ծաղրում էին մեզ, ուզում էին հունից հանել: Հետո մոտեցան բավական ագրեսիվ պահվածքով 3 հոգի, որոնցից մեկը՝ քաղաքացիական հագուստով: Եվ մեր ձեռքից խլեցին թռուցիկները՝ ասելով, թե ստեղ չի թույլատրվում ոչ մի թռուցիկ բաժանել, դուք խախտում եք անում: Նաեւ պահանջեցին պայուսակը բացել ու դատարկել: Մենք ասացինք, թե իրավունք չունեն մեր պայուսակները մտնել: Այդ պահին զանգեցին ինչ-որ մեկին եւ ասացին, թե այստեղ էլ 4 հոգի են՝ սրանց ի՞նչ անենք: Եվ հեռախոսով կարդացին թռուցիկի բովանդակությունը, ասացին, թե ոստիկանությանը վարկաբեկում են: Դրանից հետո ասացին, որ եթե չտանք թռուցիկները՝ հենց հիմա գնում ենք բաժանմունք: Մենք էլ ասացինք՝ ի՞նչ իրավունքով եք տանում, մենք ոչ մի օրենք չենք խախտել. իրավունք ունենք արտահայտվելու եւ ազատ խոսելու: Ասացին, թե արտահայտվել եք ուզում՝ ԶԼՄ-ներով արտահայտվեք, եւ այլն: Պատասխանեցինք, թե տարբեր ձեւեր կան՝ այս դեպքում նախընտրում ենք այսպես արտահայտվել»: Միայն Գուլյանի հարազատների պահանջով ներկայանալուց հետո՝ պարզվել էր, թե այս գործողությունները ձեռնարկել է Կենտրոն համայնքի օպերլիազոր Կարեն Հովսեփյանը:

Վարդգես Գասպարյանի վկայությամբ, երբ միջադեպից մի քանի րոպե անց հանդիպել էր Արմինե եւ Ջեմմա Գուլյաններին՝ տեսել էր, որ նրանք ահաբեկված են. «Ասացին, թե խոստացել են, որ թռուցիկ չեն բաժանելու, միայն բանավոր ագիտացիա են անելու: Բայց մարդն ինչո՞ւ պիտի նման պարտավորություն ստանձնի, եթե ոչ ահաբեկվածության պատճառով: Ջեմման էլ ասաց, որ իր պայուսակը, որի մեջ թռուցիկներն էին, տվել է՝ տանեն: Փաստորեն կնոջը, որն ամուսնուն մի քանի ամիս առաջ կորցրել էր այդպիսի պայմաններում՝ ահաբեկել էին»: Արմինե Գուլյանը մեր հարցին, թե ոստիկանները չե՞ն մատնանշել՝ ո՞ր օրենքով է արգելվում թռուցիկ տարածելը՝ ասաց, թե հարցրել են այդ մասին, սակայն ոչ մի պատասխան չեն ստացել. «Ասացին՝ ձեզ չի թույլատրվում, իրավունք չունեք»: Մինչդեռ ՀՀ Սահմանադրությունն ընձեռում է այդ իրավունքը, որի 27-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել