Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Օգոստոս 25,2007 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք հինգերորդ

Գլուխ տասներեքերորդ

ԱՌԱՆՑ ՀԱՆԳԵՐԻ

Երբ Բասենցյանն ու Անահիտը գնացին, Աշոտն իմ ու իր բաժակները լցնելով՝ նայեց Սեյրանին ու ասաց.

– Դե հիմի ասա՝ տենամ ի՞նչ ես ասում, ա՛յ բառադի:

– Ի՞նչ պիտի ասեմ,- զարմացավ Սեյրանը:

– Դժգոհ ե՞ս, որ գործերդ դզեցի,- հարցրեց Աշոտը:

– Ո՞ր գործերս,- հարցրեց Սեյրանը:

– Դու ինձնից լավ գիտես,- ասաց Աշոտը:

– Ամեն անգամ էրեսով ես տալի,- փնթփնթաց Սեյրանը:- Ավելի լավ ա՝ խմեք:

– Ի՞նչ խմենք,- հարցրեց Աշոտը:

– Շամպայն,- ասաց Սեյրանը:

– Դու որ չես խմում, գոնե մարդավարի մի կենաց ասա,- ասաց Աշոտը:

– Քո կենացը, Աշոտ ջան,- ժպտաց Սեյրանը:- Ամեն անգամ ինձ վիռուչատ ես անում:

– Էրեսովս ե՞ս տալի,- ժպտաց Աշոտը:

– Ես իրավունք ունեմ,- ասաց Սեյրանը.- լավություն անո՛ղն էրեսով տալու իրավունք չունի:

– Խմի՛,- բաժակը Սեյրանի բաժակին խփելով՝ ասաց Աշոտը:- Շատ ես փիլիսոփայում:

– Ռույլի վրա եմ, Աշոտ ջան,- ասաց Սեյրանը:

– Կենացդ, Աշոտ ջան,- բաժակ ս Աշոտի բաժակին խփելով՝ ասացի ես:- Փաստորեն, էսօր ինձ էլ վիռուչատ արիր:

– Չեղավ, Արմո ջան,- ժպտաց Աշոտը.- արդեն դու էլ ես էրեսով տալի:

– Ես իրավունք ունեմ,- ժպտացի ես:

– Խմի՛, Արմո ջան,- իր բաժակը բաժակիս խփելով՝ ասաց Աշոտն ու ծիծաղելով ավելացրեց.- դու էլ հո ռույլի վրա չե՞ս:

– Մերսի, Աշոտ ջան,- ասացի ես ու խմեցի:

– Գլխներիցս անպակաս ըլնես,- Աշոտին ժպտաց Սեյրանը:

– Իրարով,- ասաց Աշոտն ու խմեց:

– Էս մյուս շիշն էլ բացենք,- առաջարկեց Սեյրանը:

– Քո ի՞նչ գործն ա,- ասաց Աշոտը.- մեկ ա՝ դու չես խմում:

– Ձեր համար եմ ասում,- ասաց Սեյրանը:

– Խմե՞նք, թե՞ թողենք վաղվան,- ինձ հարցրեց Աշոտը:

– Ոնց որ դու կասես,- ասացի ես:

– Որ սկսել ենք, շարունակենք,- ասաց Աշոտը:- Վաղը լիքը գործեր ունենք:

– Խմեք,- ասաց Սեյրանը:- Ձեզ ի՞նչ կա. դուք էլ հո ռույլի վրա չե՞ք:

– Խմենք,- ձեռքը երկրորդ շշին գցելով՝ ասաց Աշոտը:

– Ասում ես՝ խմբագիրը վրես շատ է՞ր կատաղած,- Աշոտին հարցրեց Սեյրանը:

– Ինձնից լավ գիտես,- շամպայնի գլխիկը պտտեցնելով՝ ասաց Աշոտը.- իզուր խի՞ ես ավելորդ հարցեր տալի:

– Լավ ես համոզել, Աշոտ ջան,- ժպտաց Սեյրանը:

– Որ լավ չհամոզեի, էս շամպայնի պռոպկի պես թռնելու էիր,- շամպայնը տրաքացնելով՝ ասաց Աշոտն ու սկսեց ծիծաղել:

– Մեր Աշոտը շատ ուժեղ լեզու ունի, Արմեն ջան,- ասաց Սեյրանը.- որ մտքին դնում ա, օձին էլ ա բնից հանում:

– Արդեն ավելորդ բաներ ես խոսում,- իմ ու իր բաժակները լցնելով՝ Սեյրանին ասաց Աշոտը:

– Ի՞նչ ավելորդ բաներ,- ասաց Սեյրանը.- օձ որ ասեցի, հո Դարբինյանի՞ն նկատի չունեի:

– Հիմի ավելի՛ ավելորդ ես խոսում,- ասաց Աշոտն ու ավելացրեց.- ես իրավունք ունե՞մ մի կենաց առաջարկել:

– Առաջարկի, ցա՛վդ տանեմ,- ասաց Սեյրանը:

– Դարբինյանի կենացն եմ ուզում խմենք,- բաժակը բարձրացնելով ասաց Աշոտն ու Սեյրանի զարմացած հայացքը նկատելով՝ հարցրեց.- դեմ ե՞ս, Սեյրան:

– Ո՞նց կարամ դեմ ըլնեմ,- զարմացավ Սեյրանը.- էդ մարդը, փաստորեն, իմ փրկիչն ա:

– Ո՞նց ա քո փրկիչը,- զարմացավ Աշոտը:

– Ինքը, փաստորեն, շատ հանգիստ կարար ինձ աշխատանքից հեռացներ, բայց չհեռացրեց,- բացատրեց Սեյրանը.- փրկիչ չի՝ բա ի՞նչ ա:

– Փրկիչիդ կենացն արդեն խմել ենք,- ծիծաղեց Աշոտը.- հիմի Դարբինյանի կենացն ենք խմում:

– Դու էլ ես փրկիչ, Աշոտ ջան,- ժպտաց Սեյրանը.- բան չունեմ ասելու:

– Դարբինյանի՛ կենացը,- ասաց Աշոտը.- ինքը շատ մեծ հոգու տեր ու շատ խղճով մարդ ա:

– Ես հակառակը չեմ ասել,- ասաց Սեյրանը.- ես է՛լ եմ իրա կենացը սրտանց խմում:

– Ասում ես, բայց չես խմում,- ասաց Աշոտը:

– Ռույլի վրա եմ, Աշոտ ջան,- ժպտաց Սեյրանը:

Սեյրանի խոսքի վրա դուռը բացվեց, եւ դռան բացվածքից նախ Դարբինյանի հզոր քիթը հայտնվեց, այնուհետեւ՝ հսկա մարմինը:

– Էս ի՞նչ գործի եք,- զարմացած Դարբինյանը նախ շշերին նայեց, հետո՝ մեզ:

– Ձեր կենացն ենք խմում, ընկեր Դարբինյան,- ասաց Սեյրանը:

– Ձեռ ե՞ս առնում, ա՛յ տղա,- գոռաց Դարբինյանը.- ի՞նչ կենաց:

– Սեյրանն ու Արմոն մաղարիչ են անում, ընկեր Դարբինյան,- բացատրեց Աշոտը:

– Արմենը, հասկացանք, աշխատանքի է ընդունվել,- ասաց Դարբինյանն ու զզվանքով Սեյրանին նայելով՝ հարցրեց.- բա էս անշնո՞րհքն ինչի համար է մաղարիչ անում:

– Ավտոյի համար,- ասաց Աշոտը:

– Թող պահակին մաղարիչ անի,- ասաց Դարբինյանը.- իր մեքենայի մասին պահակից ենք իմացել:

– Էսօր նոր պիտի դակումենտներն իմ անունով անեի, ընկեր Դարբինյան,- ասաց Սեյրանը:

– Բա ինչո՞ւ ես մաղարիչը շուտ անում,- Սեյրանին հարցրեց Դարբինյանը:

– Կարեւորը ավտոն ա,- ժպտաց Սեյրանը:

– Կարեւորը ավտոն չի,- ասաց Դարբինյանը:

– Բա ի՞նչն ա,- հարցրեց Սեյրանը:

– Կարեւորը մարդկությունն է,- ասաց Դարբինյանը.- ավելի ճիշտ՝ մարդկայնությունը:

– Համաձայն եմ, Դարբինյան ջան,- ժպտաց Սեյրանը:

– Նախ պիտի մարդ լինես, հետո նոր՝ վարորդ,- ասաց Դարբինյանը:

– Համաձայն եմ,- գլուխը կախեց Սեյրանը:

– Վարորդը նաեւ մարդ է,- ծիծաղեց Աշոտը:

– Բա պահակի՞ն ինչու չես հրավիրել, ա՛յ տղա,- Սեյրանին հարցրեց Դարբինյանը:

– Ո՞ւր հրավիրեի,- զարմացավ Սեյրանը:

– Կանչեիր՝ մեքենայիդ մաղարիչը խմեր,- ասաց Դարբինյանը:

– Պահակի՞ն խի պիտի կանչեի,- զարմացավ Սեյրանը:

– Մեքենայիդ մասին պահակից ենք իմացել,- ասաց Դարբինյանը:

– Պահակը լրիվ պատահական ա տեսել,- ասաց Սեյրանն ու ավելացրեց.- որ ճիշտն ուզում եք իմանաք, էդ ավտոյի մասին առաջինն Աշոտն ա իմացել:

– Ո՞ր Աշոտը,- զարմացավ Դարբինյանը:

– Է՛ս Աշոտը,- Աշոտին մատնացույց արեց Սեյրանը:

– Ինձնից թաքուն ե՞ք պահել, ա՛յ Աշոտ,- հարցրեց Դարբինյանը:

– Ես էլ եմ լրիվ պատահաբար տեսել,- արդարացավ Աշոտը:

– Փաստորեն, ստացվում է, որ էս մարդու չուզողը ես եմ,- ասաց Դարբինյանը:

– Ինքն էր խնդրել, որ մարդու բան չասեմ,- արդարացավ Աշոտը:

– Շատ ենք շեղվում, Աշոտ ջան,- ասաց Սեյրանը:

– Ինչի՞ց ենք շեղվում,- հարցրեց Աշոտը:

– Ընկեր Դարբինյանի կենացից,- ժպտաց Սեյրանը:

– Ես գնամ,- ասաց Դարբինյանը.- կենաց լսելու ո՛չ ժամանակ ունեմ, ոչ էլ՝ հավես:

– Մի հատ չեք խմի՞,- Դարբինյանի համար բաժակ բերելով ու բաժակը լցնելով՝ հարցրեց Աշոտը:

– Ղեկի վրա եմ,- ասաց Դարբինյանը, հետո մի քիչ մտածեց՝ ասաց.- շտապում եմ՝ կարեւոր գործեր ունեմ,- հետո մի քիչ էլ մտածեց, Աշոտի լցրած բաժակը բարձրացրեց, նայեց ինձ ու ասաց.- շնորհավորում եմ, Արմեն ջան. հուսով եմ՝ մեր համագործակցությունը բարի պտուղներ կտա:

– Աստված տա՝ բարի պտուղներ տա,- բաժակս բարձրացնելով՝ ասացի ես:

– Աստված ոչ մի կապ չունի. ամեն ինչ մեզնից է կախված, ավելի ճիշտ՝ քեզնից,- բաժակը բաժակիս խփելով՝ ասաց Դարբինյանը:

– Ամեն ինչ լավ կըլնի, Արմո ջան,- բաժակը բաժակիս խփելով՝ ասաց Աշոտը.- հեչ դարդ մի արա:

– Քեզ է՛լ եմ շնորհավորում, երիտասա՛րդ,- բաժակը բարձրացնելով ու Սեյրանին նայելով՝ ասաց Դարբինյանը:

– Մերսի, շեֆ ջան,- բաժակը բարձրացնելով՝ ժպտաց Սեյրանը:

– Հաջորդ անգամ որ մեքենա առնես, նախ մեզ տեղյակ կպահես, հետո նոր՝ պահակին,- ժպտաց Դարբինյանը:

– Պահակը լրիվ պատահական ա իմացել,- ժպտաց Սեյրանը:

– Ինչեւէ, շնորհավորում եմ,- բաժակը Սեյրանի բաժակին խփեց Դարբինյանը.- թող անփորձանք մեքենա լինի:

– Զգացված եմ, շեֆ ջան,- ասաց Սեյրանը:

– Վաղը ե՞րբ եք հանրակացարան գնալու,- Աշոտին հարցրեց Դարբինյանը:

– Կգանք խմբագրություն ու էստեղից կգնանք,- ասաց Աշոտը:

– Իրեն էլ եք, չէ՞, հետներդ տանելու,- Սեյրանին նայելով՝ Աշոտին հարցրեց Դարբինյանը:

– Ե՛ս եմ իրանց հետս տանելու, շե՛ֆ ջան,- ժպտաց Սեյրանը.- իմ ավտոյով ենք գնալու:

– Հա,- ժպտաց Դարբինյանը.- քո «Զապորոժեցով» գնացեք, որ մտածեն՝ լուրջ մարդիկ եք:

– Տասնմեկին ըստեղ կըլնեմ,- Աշոտին ասաց Սեյրանը:

– Տասին,- ասաց Աշոտը:

– Թող տասին ըլնի,- ասաց Սեյրանը:

– Էդ խաշի ե՞ք գնում,- զարմացավ Դարբինյանը.- էդքան շուտ ո՞ւր եք գնում:

– Բա ե՞րբ գնանք,- հարցրեց Աշոտը:

– Օրվա երկրորդ կեսին,- ասաց Դարբինյանը.- երեքից հետո գնացեք, որ ուսանողներն էլ հանրակացարանում լինեն:

– Շեֆը ճիշտ ա ասում,- ասաց Սեյրանը:

– Արմենը հիմնականում ուսանողներին պիտի խոսեցնի,- բացատրեց Դարբինյանը.- պարետին ու աշխատողներին որ խոսեցնի, կասեն՝ ամեն ինչ լավ է:

– Շեֆը շատ ճիշտ ա ասում,- ասաց Սեյրանը:

– Շնորհակալություն գնահատականի համար,- ժպտաց Դարբինյանը, հետո դեմքին խիստ տեսք տալով՝ Սեյրանին հարցրեց.- մեր պայմանավորվածությունը չես մոռացել, չէ՞:

– Ո՞ր պայմանավորվածությունը, շեֆ ջան,- հարցրեց Սեյրանը:

– Մինչեւ հոկտեմբերի վերջ ինձնից փող չես ուզելու,- ասաց Դարբինյանը:

– Ի՞նչ փող,- հարցրեց Սեյրանը:

– Էդ լուսանկարչական նյութերիդ փողերը,- ասաց Դարբինյանը:

– Ես քեզնից ե՞րբ եմ փող ուզել,- ասաց Սեյրանը:

– Ո՞նց թե,- ապշեց Դարբինյանը.- ինձնից փող չես ուզե՞լ:

– Ուզում եմ ասեմ՝ միշտ էլ առանց ուզելու տվել ես,- ժպտաց Սեյրանը, հետո մի քիչ մտածեց, մեղավոր հայացքով նայեց Դարբինյանին ու հարցրեց.- հիմի մնում եմ, չէ՞:

– Ո՞ւր ես մնում,- հարցրեց Դարբինյանը:

– Ուզում եմ ասեմ՝ աշխատանքից չես ազատում, չէ՞,- խորամանկ ժպտաց Սեյրանը:

– Մինչեւ հոկտեմբերի վերջ կմնաս՝ հետո կտեսնենք,- ասաց Դարբինյանն ու ավելացրեց.- մինչեւ հոկտեմբերի վերջ ինձնից կոպեկ չուզես:

– Դու միշտ էլ առանց ուզելու ես տվել, շեֆ ջան,- ժպտաց Սեյրանը:

– Ես գնացի,- Դարբինյանն աթոռից կտրուկ վեր կացավ, հետո Աշոտին ու Սեյրանին նայելով՝ ասաց.- էս շշերն էսպես չթողնեք. ամեն ինչ կհավաքեք՝ նոր կգնաք:

– Էդքան էլ անշնորհք չենք, շեֆ ջան,- ասաց Սեյրանը:

– Ամեն ինչ կհավաքենք՝ նոր կգնանք,- ասաց Աշոտն ու ավելացրեց.- շատ չենք նստելու, ընկեր Դարբինյան:

– Հա. շատ մի նստեք,- ասաց Դարբինյանը.- առանց էդ էլ հաչացողները շատ են:

– Հա,- ասաց Աշոտը:

– Էս շամպանսկին խմելու բա՞ն է, որ խմում եք,- Աշոտին հարցրեց Դարբինյանը:

– Էղածների մեջ էս ամենալավն ա,- ասաց Աշոտը:

– Շամպանսկին կանացի խմիչք չի՞,- հարցրեց Դարբինյանը:

– Հիմի տղամարդիկ էլ են խմում,- ասաց Սեյրանը:

– Հիմի ինչ զիբիլ ասես խմում են,- ասաց Դարբինյանը.- դուխի էլ են խմում:

– Ադիկալոն,- ճշտեց Սեյրանը:

– Ի՞նչ տարբերություն,- հարցրեց Դարբինյանը:

– Դուխին շատ թանկ ա,- ծիծաղեց Սեյրանը.- էժանության համար են ադիկալոն խմում:

– Դուք էլ ե՞ք էս չայն էժանության համար խմում,- Սեյրանին արհամարհական նայեց Դարբինյանը:

– Էս չայն արաղից համարյա էրկու անգամ թանկ ա, շեֆ ջան,- ժպտաց Սեյրանը:

– Դու օդեկոլոն պիտի խմես, որ հետո չասես՝ փողերը պրծել են,- Սեյրանին ասաց Դարբինյանը:

– Ես վաբշե՛ չեմ խմում, շեֆ ջան. ես ռույլի վրա եմ,- ժպտաց Սեյրանն ու ավելացրեց.- էս շամպանսկիներն առա, որ աղջկերքն է՛լ էս մաղարիչից օգտվեն:

– Ո՞ր աղջկերքը՝ Բասենցյա՞նը,- ժպտաց Դարբինյանը:

– Բասենցյանն ու Անոն,- ժպտաց Սեյրանը:

– Էդ տվածս փողերը կարող է՞ լրիվ աղջկերքի վրա ես ծախսել, ա՛յ տղա,- ծիծաղեց Դարբինյանն ու շոկոլադներին նայելով՝ հարցրեց.- էս շոկոլադներն էլ ե՞ս աղջկերքի համար առել:

– Շամպանսկու հետ հո քյաբաբ չէի՞ առնի,- ժպտաց Սեյրանը:

– Ահագին աճել ես,- Սեյրանին ասաց Դարբինյանն ու ավելացրեց.- որ նոր էիր ընդունվել՝ խամ տղա էիր:

– Կյանքն իրանն անում ա, Դարբինյան ջան,- ժպտաց Սեյրանը, հետո մտածեց, մի բուռ շոկոլադ վերցրեց, լցրեց Դարբինյանի կոստյումի գրպանը, հետո մի ակնթարթ էլ մտածեց, մի բուռ էլ վերցրեց, լցրեց Դարբինյանի կոստյումի մյուս գրպանը:

– Էս ի՞նչ ես անում, ա՛յ տղա,- անակնկալի գալով՝ գոռաց Դարբինյանը:

– Էրեխեքի համար լցրեցի,- ասաց Սեյրանը:

– Էրեխեքի համար լցրեցիր, որ հետո ասես՝ փողերը պրծել ե՞ն,- ձեռքը գրպանը տանելով՝ ասաց Դարբինյանը:

– Որ չվերցնես՝ ինձ թաղես,- Դարբինյանի ձեռքը գրպանի մեջ բռնելով՝ ասաց Սեյրանը:

– Էս տղան լրիվ ցիրկ է,- Աշոտին նայելով՝ ասաց Դարբինյանը:

– Որ տալիս է՝ վերցրեք,- ժպտաց Աշոտը:

– Ես շոկոլադ ուտո՞ղ եմ, ա՛յ Աշոտ,- ասաց Դարբինյանը:

– Էրեխեքին կտաք,- ասաց Աշոտը, հետո ավելացրեց.- Սեյրանն իր սխալները լրիվ ընդունում ա:

– Աշխատիր այլեւս չսխալվել,- ձեռքը գրպանից հանելով՝ Սեյրանին ասաց Դարբինյանը:

– Ես աշխատում եմ, բայց կյանքն իրա՛նն ա անում, շեֆ ջան,- մեղավոր ժպտաց Սեյրանը:

– Եթե կյանքին նայենք, բոլորս պիտի հանցագործ դառնանք,- ասաց Դարբինյանը:

– Ի՞նչ հանցագործ,- զարմացավ Սեյրանը:

– Քրեակա՛ն,- ասաց Դարբինյանը:- Քո արածը մաքուր քրեական հանցագործություն է:

– Ի՞նչ քրեական հանցագործություն,- ավելի զարմացավ Սեյրանը:

– Քրեական օրենսգրքով քո արածը կոչվում է դրամաշորթություն:

– Էդ գիրքը չեմ կարդացել,- ժպտաց Սեյրանը:

– Խորհուրդ կտամ կարդաս,- ասաց Դարբինյանն ու ավելացրեց.- բայց ազատ ժամերին կարդա, ոչ թե՝ աշխատանքի հաշվին:

– Սեյրանն իրա սխալը լրիվ ընդունում ա,- ասաց Աշոտը:

– Հա,- ասաց Սեյրանը.- առանց էդ գիրքը կարդալու էլ իմ սխալն ընդունում եմ:

– Հաջողություն,- ժամացույցին նայելով՝ ասաց Դարբինյանն ու գնաց:

– Ես էլ գնամ,- ժամացույցին նայելով՝ ասաց Սեյրանը.- էսօր որ էդ դակումենտներիս հարցերը պրծնեմ՝ մեծ հաջողություն կըլնի:

– Էսօր չպրծնես՝ վաղը կպրծնես,- ասաց Աշոտը:

– Վաղը շատ խառը օր ա,- ասաց Սեյրանը.- համ էլ՝ վաղը էդ հանրակացարանի գործերով ենք զբաղվելու:

– Որոշեցինք, որ օրվա երկրորդ կեսին ենք հանրակացարան գնալու,- ասաց Աշոտը:

– Որ մինչեւ հանրակացարան գնալը դակումենտներիս հարցը պրծած ըլնեմ, խիղճս լրիվ հանգիստ կըլնի,- ասաց Սեյրանը:

– Հիմի էդ ավտոն անօրինական ե՞ս քշում,- հարցրեց Աշոտը:

– Չէ,- ասաց Սեյրանը.- դավերնըստ ունեմ:

– Որ դավերնըստ ունես, էլ ի՞նչ ես հավարը գցել,- զարմացավ Աշոտը:- Դարբինյանը քանի տարի էր՝ իրա ավտոն դավերնըստով էր քշում. էս մի ամիս ա՝ ինչ իրա անունով ա արել:

– Բա մինչեւ հիմի ո՞ւմ անունով էր,- հարցրեց Սեյրանը:

– Նախկին տիրոջ անունով էր, բայց ինքը դավերնըստով հանգիստ քշում էր,- ասաց Աշոտը:

– Ես ամեն ինչ օրինական եմ սիրում, Աշոտ ջան,- ասաց Սեյրանը:

– Ուզում ես ասես՝ քրեական չե՞ս,- ծիծաղեց Աշոտը:

– Ի՞նչ քրեական,- ասաց Սեյրանը.- դու էլ ե՞ս շեֆիդ խելքին:

– Շեֆին բան չասես,- ասաց Աշոտը.- ով՝ ով, դու շեֆին կպնելու բարոյական իրավունք հեչ չունես:

– Շեֆիս ցա՜վը տանեմ,- ժպտաց Սեյրանը:

– Պիտի իրա ոտերը լվաս՝ ջուրը խմես,- ասաց Աշոտը:

– Յա՜խկ,- դեմքը ծռմռեց Սեյրանը:

– Ոչ մի յախկ,- ասաց Աշոտը.- ինքը քո հանդեպ շատ խղճով գտնվեց:

– Բան չունեմ ասելու,- ասաց Սեյրանը:

– Ո՞նց բան չունես ասելու,- ասաց Աշոտը.- իրա կենացն ենք խմում:

– Ինքը որ գնացել ա, իրա կենացը կարանք հանգիստ խմենք,- ասաց Սեյրանը.- որ իրա ներկայությամբ խմեինք, պիտի մտածեր՝ պադխալիմություն ենք անում:

– Դե մի բան ասա՝ խմենք,- ասաց Աշոտը.- իրա մասին էրկու խոսք ասա:

– Իրա ցավը տանեմ,- բաժակը բարձրացրեց Սեյրանը.- թող գլխներիցս անպակաս ըլնի:

– Լավ ասեցիր,- ասաց Աշոտը:

– Որ խառնողներ չըլնեն, ես ու շեֆս իրար հետ լավ էլ լեզու կգտնենք,- ասաց Սեյրանը:

– Ո՞վ ա խառնում,- հարցրեց Աշոտը:

– Հանաք եմ անում,- ասաց Սեյրանը:

– Դարբինյանի կենացը,- ասաց Աշոտն ու խմեց:

– Դարբինյանի կենացը,- ասացի ես ու խմեցի:

– Տեսա՞ր ոնց մոռացա,- ինձ նայեց Սեյրանը:

– Ի՞նչը մոռացար,- հարցրի ես:

– Իրա էրեխեքի ֆոտոները պիտի իրան տայի,- ասաց Սեյրանը:

– Ի՞նչ ֆոտոներ,- հարցրեց Աշոտը:

– Իրա էրեխեքին Մանկական երկաթուղում նկարել եմ,- ասաց Սեյրանը:

– Իրան էլ ասել ես, թե՝ էդ ֆոտոների վրա ես էդ սաղ փողերը ծախսել,- ասաց Աշոտը:

– Ես իրան ըտենց բան չեմ ասել,- ասաց Սեյրանը.- ձեզանից բաներ եք հնարում:

– Չխորանանք,- ասաց Աշոտը.- անցած ըլնի:

– Ես գնամ,- տեղից վեր կենալով՝ ասաց Սեյրանը:- Վաղը էրկուսից հետո կերեւամ:

– Մինչեւ չորսը կարաս քո գործերով զբաղվես,- ասաց Աշոտը:

– Չորսին որ գամ՝ լա՞վ ա,- ոգեւորվեց Սեյրանը:

– Հա,- ասաց Աշոտը:

– Ուշ չի՞,- հարցրեց Սեյրանը:

– Չէ,- ասաց Աշոտը:- Դարբինյանը ճիշտ ա ասում. մի քիչ ուշ գնանք, որ ուսանողներին էլ խոսացնենք:

– Ինչքան հասկանում եմ, Դարբինյանը քննադատական հոդված ա ուզում,- ասաց Սեյրանը:

– Ես է՛լ եմ ըտենց զգում,- ասաց Աշոտը:

– Էս թերթում հազարից մեկ ա քննադատական հոդված տպվում,- ասաց Սեյրանը:

– Էս երեւի էդ դեպքերից մեկն ա,- ասաց Աշոտը:

– Արմենին առաջին օրվանից գլխացավանքի մեջ եք ուզում գցեք,- ասաց Սեյրանը:

– Ոչ մի գլխացավանք,- ասաց Աշոտը.- բարդությունների դեպքում խմբագիրը միշտ էլ պատասխանատվությունն իրա վրա ա վերցնում:

– Ինչքան զգում եմ, գլխացավանք հոդված ա ըլնելու,- ասաց Սեյրանը:

– Արմոյին մի՛ վախացրու,- ասաց Աշոտը.- առանց էդ էլ՝ ինքը հոդված գրելուց շատ ա վախենում:

– Խի՞ ես վախենում,- զարմացած ինձ նայեց Սեյրանը:

– Կյանքումս հոդված գրած չկամ,- ասացի ես:

– Բա «Գարունի» էդ բանաստեղծություններդ ո՞վ ա գրել,- հարցրեց Սեյրանը:

– Ես եմ գրել,- ասացի ես:

– Հոդվածը նույն բանաստեղծությունն ա, մենակ թե՝ առանց հանգերի,- բացատրեց Սեյրանը:

– Արմոյի բանաստեղծություններն է՛լ են առանց հանգերի,- ծիծաղեց Աշոտը:

– Ուրեմն, ոչ մի բարդություն չկա,- ասաց Սեյրանն ու մի քիչ մտածելով՝ ինձ հարցրեց.- կյանքումդ շարադրություն գրած կա՞ս:

– Հա,- ասացի ես:

– Ազա՛տ շարադրություն,- ճշտեց Սեյրանը:

– Ազատ է՛լ եմ գրել,- ասացի ես:

– Արմոն բանասիրականն ա ավարտել,- Սեյրանին ասաց Աշոտը:

– Ուրեմն, վաբշե բարդություն չկա,- ասաց Սեյրանն ու ավելացրեց.- հոդվածը, փաստորեն, նույն ազատ շարադրությունն ա, մենակ էն տարբերությամբ, որ շարադրությունն իրանց տված թեմայով ես գրում, իսկ հոդվածը…

– Իսկ հոդվածը Դարբինյանի՛ տված թեմայով ես գրում,- ծիծաղեց Աշոտը:

– Հա,- ծիծաղեց Սեյրանը.- փաստորեն, ոչ մի տարբերություն չկա:

– Շատ ուժեղ բացատրեցիր,- ծիծաղեց Աշոտը:

– Որ էդքան լավ գիտես, դո՛ւ բացատրի,- ասաց Սեյրանը:

– Բացատրելու բան չկա,- ասաց Աշոտը.- Արմոն սաղիցս էլ լավ կգրի:

– Բա խի՞ ա վախենում,- հարցրեց Սեյրանը:

– Ոչ մի անգամ չի գրել,- ասաց Աշոտը:

– Ոչ մի անգամ չի գրել, ու հենց առաջին անգամից քննադատական հոդված ե՞ք պահանջում,- ասաց Սեյրանը:

– Ոչ ոք քննադատական հոդված չի պահանջում,- ասաց Աշոտը.- ինչ որ կա՝ է՛ն պիտի գրի:

– Էդ հանրակացարանում ի՞նչ կա՝ որ ինչ գրի,- ասաց Սեյրանը.- ինչ էլ գրի, քննադատական ա ստացվելու:

– Ինչ որ տենա՝ է՛դ պիտի գրի,- ասաց Աշոտն ու ավելացրեց.- Արմոն կգրի, դու էլ կլուսանկարես:

– Ի՞նչ պիտի լուսանկարեմ,- հարցրեց Սեյրանը:

– Ինչ որ տենաս,- ասաց Աշոտը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել