Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԱԶԱՆՔՆ ԱՅԼԵՎՍ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է

Օգոստոս 25,2007 00:00

\"\"«Առավոտը» տեղեկացրել է Արեւմուտքում ճանաչված, արգենտինահայ ջութակահար Սամի Մերդինյանի՝ Հայաստան առաջին անգամ համերգային այցի մասին, որը մեկ մենահամերգով հանդես կգա Կամերային երաժշտության տանը՝ օգոստոսի 27-ին:

Արեւմտյան չափանիշներով «դաստիարակված» արվեստագետը մեր զրույցին կարճ ժամանակահատված տրամադրեց:

Ս. Մերդինյանը նախ տեղեկացրեց, որ ինքն ուսանել է Ջուլիարդի դպրոցում եւ Յեյլիի համալսարանում՝ լեգենդար Դորոթի Դիլեյի եւ Փիթեր Ունջյանի դասարաններում: Իբրեւ մենակատար հանդես է եկել արտերկրյա ճանաչված նվագախմբերի հետ։ Մասնակցել է մի շարք հեղինակավոր փառատոների, այդ թվում՝ Holland Music Session, The Perlman Chamber Music Workshop, Aspen Musig Festival եւ հեղինակավոր մրցույթների դափնեկիր է՝ «Franz Liszt», «Promociones Musicales», The Sewannee Festival Concerto Competition:

Զրույցի սկզբում կանխելով մեր հարցը՝ Սամի Մերդինյանը նշեց, որ թեեւ ինքն ունի իմպրեսարիոներ Հարավային Ամերիկայում եւ Եվրոպայում, այդուհանդերձ, առաջին մենահամերգն է ունենալու հայրենիքում. «Վաղուց էի երազում հայրենակիցներիս առջեւ ելույթ ունենալ, բայց, հավանաբար, հոլանդացի իմպրեսարիոս՝ Ռոբ Գրոյենը եւ ամերիկացի Վիկտոր Հյուգոն գտնում էին, որ, այնուամենայնիվ, շահութաբեր չէ Հայաստանում մենահամերգներ կազմակերպելը: Թեեւ նրանց աջակցությամբ եմ հանդես եկել հեղինակավոր մրցույթների ու փառատոների»։ Երաժշտից հետաքրքրվեցինք, թե նա ի՞նչ ստեղծագործական կապերի մեջ է Արեւմուտքում ապրող ու ստեղծագործող հայազգի արվեստագետների հետ: «Ժամանակին, երբ ղեկավարում էի կամերային նվագախումբ, որպես մենակատար հրավիրեցի ճանաչված սոպրանո Իզաբել Բայրաքդարյանին։ Շփվել եմ տաղանդավոր ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հետ։ Իմ ծրագրում մշտապես իրենց մնայուն տեղն ունեն Խաչատրյանի, Բաբաջանյանի, Մանսուրյանի երկերը, ընդ որում՝ հայրենիք այցիս առաջնահերթ նպատակն է ծանոթանալ ազգիս կոմպոզիտորների հետ ու, բնականաբար, նրանց ստեղծագործություններին»,- հայտնեց Ս. Մերդինյանը:

Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, որ չնայած իր ժամանակի սղությանը, ինքը շաբաթվա մեջ գոնե մեկ անգամ ժամանակ է գտնում ելույթ ունենալ հարավամերիկյան հայկական եկեղեցիներում. «Հոկտեմբեր ամսին էլ Արգենտինայում եւ Ֆրանսիայում՝ Հայաստանի դեսպանատների առաջարկով, Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ պատրաստվում եմ հանդես գալ մենահամերգներով, որոնց ծրագրերում ընդգրկված կլինեն նաեւ ազգիս կոմպոզիտորների երկերից»:

Զրույցի ավարտին Ս. Մերդինյանը նշեց, որ Երեւանում կայանալիք իր մենահամերգի աջակիցներն են Արգենտինայում եւ Ուրուգվայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը եւ ՀՀ մշակույթի նախարարությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել