Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է Հայաստան-Նորվեգիա մարզական կապեր հաստատել

Օգոստոս 25,2007 00:00

\"\"Նորվեգացիները եկել են Համահայկական խաղերը դիտելու

Թեեւ 4-րդ համահայկական խաղերում Նորվեգիայի քաղաքներից եւ ոչ մեկը մասնակից չունի, սակայն հատուկ մրցումներին ներկա լինելու նպատակով Հայաստան են ժամանել այդ երկրի իշխող՝ «Գործավորների կուսակցության» անդամ Շել Ինգլբրեսթընը, Օսլոյի քաղաքապետարանի պատասխանատու աշխատակիցներ Ջիմմի Վարթիվարյանը եւ Կնուտ Բոշը:

Երեկ Համահայկական խաղերի կառավարական կազմկոմիտեի նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանն ընդունեց նրանց եւ Հայաստանում հյուրերին ուղեկցող «Առեւտրի եւ սպասարկման պետական քոլեջի» տնօրեն Հրաչ Գրիգորյանին: Նախարարը հյուրերին պատմեց վերջին տարիներին Հայաստանում սպորտի ոլորտում կատարվող բարեփոխումների, իրականացվող եւ ապագա ծրագրերի մասին: Նա նաեւ հատուկ ընդգծեց, որ Հայաստան-Նորվեգիա մարզական կապեր հաստատելը, սերտացնելը եւ խորացնելը, հատկապես ձմեռային մարզաձեւերում, բխում են երկու երկրների շահերից: Այդ նպատակով Արմեն Գրիգորյանը հյուրերին առաջարկեց Նորվեգիա վերադառնալով խնդիրը ներկայացնել երկրի մարզական ղեկավարներին, եկուստեք կազմել համագործակցության ծրագրեր եւ զբաղվել դրանց աստիճանական իրականացմամբ: Շել Ինգլբրեսթընը նպատակահարմար համարեց մարզական պատվիրակությունների փոխանակումների հիմքերի հաստատումը եւ խոստացավ Երեւանի «Նիգ» աղջիկների ֆուտբոլային թիմի օրինակով իր երկրում լրջորեն զբաղվել Հայաստան-Նորվեգիա մարզական կապերի ստեղծմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել