Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՎՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՊԱՌՆԱԼԻՔ ԵՂԵ՞Լ Է

Օգոստոս 25,2007 00:00

«Օշականցի Հայկի» մահափորձի գործը

Երեկ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում՝ Ժորա Հովսեփյանի նախագահությամբ, շարունակվեց Վիրաբ Գասպարյանի («Բանգլադեշցի Վիրաբ») դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Երեւանի դատախազությունը Վ. Գասպարյանին մեղադրանք է առաջադրել «Օշականցի Հայկի»՝ Հայկ Մելիքյանի դեմ «մահափորձ» կատարելու գործով: Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը Վիրաբ Գասպարյանին դատապարտել է 9 տարի ազատազրկման: «Մահափորձի» գործով տուժող չի ճանաչվել «Օշականցի Հայկը»: Ավելին, գործի նյութերում չի գտնվել մի ապացույց, որով Հայկ Մելիքյանը կհաստատեր իր դեմ կատարված մահափորձը: Խնդիրն այս օրերին ավելի է դժվարացել, քանի որ Հայկը հունիսի 21-ից, երբ Աշտարակի ձորում վեճի մեջ մտավ ՀՀ վարչապետի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի եւ նրա հյուրի հետ, փախուստի մեջ է: Իսկ փախուստի գաղափարը ծնվեց այն պահին, երբ ձորի միջադեպը շարունակվեց Արգավանդի՝ Հայկին պատկանող խաղատանը: Սարգսյանի կողմնակիցները «ձորի վրեժն» էին լուծել, ծեծի ենթարկել Հայկին, նրա կողմնակիցներին:

Վիրաբ Գասպարյանը, ըստ գործի նյութերի, 2004թ. նոյեմբերի 17-ին իր ընկերների՝ Ռուբեն Սահակյանի, «Չուգուն» մականունով Արտակ Խաչատրյանի, Գագիկ եւ Գեւորգ Խաչատրյանների հետ զվարճացել են մայրաքաղաքի Հալաբյան փողոցի վրա գտնվող «Տաթեւիկ» սաունայում: Այնտեղ նրանց է միացել «Օշականցի Հայկը»: Ծխելու պատրվակով Վիրաբն ու Արտակը կարճ ժամանակով հեռացել են: Նրանք նկատել են «քննությամբ ինքնությունը չպարզված մի անձնավորության», որն էլ, ըստ գործի նյութերի, նրանց ասել է, թե սպասում է Հայկին, գումարային հարց ունի նրա հետ: Դատարանում Վիրաբն ասաց, որ սաունայում ինքը երկար չի մնացել, գնացել է «Զանգու» ռեստորան: Մինչդեռ, նախաքննական մարմինը պնդել է, որ վերոհիշյալ օրը գիշերվա ժ. 24-ին Վիրաբը վերադարձել է սաունայի տարածք, ապա վիճաբանության մեջ է մտել Հայկի հետ, կրակել նրա վրա: Մեղադրական եզրակացության համաձայն. «Գասպարյանը Մելիքյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, վազելով նրա ետեւից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ռեալ վտանգ ստեղծելով տարածքում գտնվող, փողոցով անցնող անձանց կյանքի նկատմամբ, կրակոցներ է արձակել եւ փորձել է սպանել Մելիքյանին, սակայն իր կամքից անկախ պատճառներով չի կարողացել, վրիպել է, քանի որ Մելիքյանին հաջողվել է նստել ՎԱԶ 2109 մակնիշի ավտոմեքենան, հեռանալ դեպքի վայրից»: Գասպարյանի ձեռքում գործով անցնող վկաները զենք չեն տեսել: Նա նախաքննության ժամանակ, առաջին ատյանի դատարանում ցուցմունք չի տվել (իսկական հեղինակությունները ցուցմունք չեն տալիս – Ռ.Մ.): «Օշականցի Հայկն» էլ ցուցմունք չի տվել, թե Վիրաբն է իր վրա կրակել:

Ըստ մեր աղբյուրի, հատկապես այս դրվագն է եղել Մուշեղ Ազատյանի՝ «Աշտարակցի Մուշեղի» Աշտարակում գտնվող տանը վերջերս հավաքված քրեական հեղինակությունների խոսակցության թեման: Հայկին, որը համարվում է Մուշեղի մտերիմներից մեկը, չի ների Կազանից Երեւան բերվող, հանցաշխարհում հայտնի նրա եղբայրը՝ «Օշականցի Գեւորիկը», քանի որ Վիրաբը, ըստ էության, կապ չունի կատարվածի հետ. «Վիրաբին ոստիկաններն են փուռ տալիս»: Արտակ Խաչատրյանը՝ «Չուգունը», Գորիսի բերդում է, իսկ Ռուբեն Սահակյանը՝ փախուստի մեջ: Ճշմարտությունը կարող են ասել ականատեսները:

Վերաքննիչ դատարանում երեկ ցուցմունք տվեց վկա, սաունայի մենեջեր Արթուր Մերդինյանը: Նա ասաց, որ դեպքի մասին իրեն ասել են ոստիկանները, չգիտի Վիրաբին: Վկան հայտնեց, որ Երեւանի դատախազությունում իր ցուցմունքը գրել է քննիչը: Երբ հետեւեց Վիրաբ Գասպարյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանի հարցը՝ «Բռնություն եղե՞լ է քո նկատմամբ», վկան հարցրեց. «Անգրագետ տղա եմ, ի՞նչ է բռնությունը»: Երբ ասացին՝ ծեծ, սպառնալիք, հիշեց, որ իրեն ապտակել են, իսկ դատախազություն էլ գնացել է եւ ասել, որ տեսել է միջադեպը, որովհետեւ իր հորը պահել էին այնտեղ ու սպառնում էին ազատ չարձակել, եթե իրենց ուզածը չասի:

Դատավոր Ժորա Հովսեփյանին հետաքրքրում էր, թե ինչպես է, որ Վիրաբին չճանաչող վկան նախաքննության ժամանակ նրան նկարագրել է մանրամասն: Գասպարյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը ասաց, որ առարկություն ունի մինչ հարցի պատասխանը: Նախագահողը պաշտպանի առարկությունը չլսելով՝ համառորեն այն մերժում էր: Մինչդեռ պաշտպանն իրավունք ուներ վկայի հարցաքննության պահին առարկություն անելու:

Հանկարծ տարօրինակ պոռթկաց երկրորդ դատավորը՝ Մհեր Արղամանյանը: Նա ասաց, թե դահլիճից իրեն սպառնում են՝ վիզը կտրելու շարժում անելով: Դատական նիստի անվտանգությունն ապահովում էին ոստիկանները, որոնք զարմացած այս ու այն կողմ սկսեցին նայել: Իսկ դատավորը չասաց, թե ում կողմից է սպառնալիքը: Նախագահող դատավոր Ժորա Հովսեփյանը ասվածին որեւէ ռեակցիա չտվեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել