Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստորեն, «ՎիվաՍելլը» գնել են

Օգոստոս 25,2007 00:00

Այդ մասին ակնարկեց «ԱրմենՏելի» տնօրենը

«Կյանքում ամեն ինչ փոփոխական է, եւ բոլորը փոխվում են: Օրինակ՝ հարսնացուն ամուսնանալ չէր ուզում, բայց տանը մնալ էլ չէր ուզում, ու նրան փողով գայթակղեցին: Մենք ցանկանում ենք դառնալ իսկական տղամարդ, իսկ ոմանք ցանկանում են ամուսնանալ»,- երեկ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստից հետո, լրագրողների հետ զրույցի ժամանակ իրենց ընկերության տղամարդկությունն այսպես սկսեց գովել «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկը: Տանը մնալ չցանկացող հարսնացուի մասին նրա խոսքերը վերաբերում էին «ՎիվաՍելլին»: Հիշեցնենք, որ «ՎիվաՍելլի» տնօրեն Ռալֆ Յիրիկյանն իրենց ընկերությունը նմանեցրել էր մի սիրուն, 18-ամյա աղջկա, որի շուրջ տարբեր փեսաներ են պտտվում, սակայն իրենց աղջիկը չի ուզում ամուսնանալ: Օ. Բլիզնյուկի ակնարկից, թե աղջկան փողով գայթակղեցին, պարզ է դառնում, որ 18-ամյա սիրուն աղջիկն ամուսնանում է եւ ունի արդեն որոշված «փեսացու»: Իսկ քանի որ «ՎիվաՍելլի» բաժնետոմսերի ձեռքբերմամբ խիստ հետաքրքրված էր ռուսական MTC-ը եւ արդեն լուրեր էին շրջանառվում, որ այդ ընկերությունը գնել է «ՎիվաՍելլը», նշանակում է՝ իսկապես աղջիկն ամուսնացել է, չնայած՝ «ՎիվաՍելլից» առայժմ հերքում են այդ տեղեկությունը:

Հանձնաժողովի նիստում երեկ քննարկվեցին թիվ 60 լիցենզիայի փոփոխությունները եւ որոշվեց այս տարվա հոկտեմբերի 1-ից «ԱրմենՏելին» զրկել հեռահաղորդակցության ոլորտի բոլոր մենաշնորհներից: Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի խոսքերով՝ «ԱրմենՏելին» զրկելով մենաշնորհից, չի նշանակում, թե ընկերությունը կարող է մատուցված ծառայությունների դիմաց ավելի բարձր սակագին նշանակել. «Բոլոր սակագները մնալու են նույնը: Հոկտեմբերի 1-ից 6 ամիս հետո միայն «ԱրմենՏելը» կարող է դիմել հանձնաժողովին՝ նոր առաջարկով, որպեսզի վերաբալանսավորի սակագները»:

Օլեգ Բլիզնյուկը նշեց, որ իրենք են իրենց բարի կամքով հրաժարվել գերիշխող դիրքից, այլ ոչ թե իրենց ինչ-որ մեկն է լիցենզիայից զրկել. «Ես ուզում եմ, որ բոլորս հասկանանք, որ հոկտեմբերին համազգային տոն չի լինելու: Մենք դառնալու ենք կոմերցիոն ընկերություն եւ առաջնորդվելու ենք միայն առավելագույն շահ ստանալու ակնկալիքով: Մենք ներդրումներն էլ անելու ենք այն ոլորտներում, որտեղից մեր շահույթներն ավելի մեծ են»: Սա, կարելի է ասել, սպառնալիք էր, որն իր ողջ ուժով կիրականանա 2008-ի ապրիլին, երբ «ԱրմենՏելը» կդիմի հանձնաժողովին ու ֆիքսված հեռախոսակապի սակագները մի քանի անգամ կբարձրացնի:

Ռ. Նազարյանի ներկայացմամբ՝ արդեն ազատականացված շուկայում ինտերնետ հեռախոսակապի ծառայություններ մատուցող մի շարք մասնավոր ընկերություններ հնարավորություն ունեն վերաբացվելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել