Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԱՌԱՋԱՐԴ՝ ՊՈՒՇԿԻՆԻ ԱՆՎԱՆ ԱՅԳՈՒՄ

Օգոստոս 25,2007 00:00

«Հայաստան» համահայկական հիմնադրամը այգու ծառերի հաշվին 650 հազար դոլարով զուգարան ու ջրավազան է կառուցում:

Երեւանի քաղաքապետարանը Պուշկինի անվան այգին 21 տարի ժամկետով վարձակալության է տվել «Ռոբեր Պողոսյան» հիմնադրամին: Հիմնադրամի սեփականատեր շվեյցարահայ Ալբեր Պողոսյանը Պուշկինի այգու բարեկարգման համար «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրել է $650 հազար: Այգու բարեկարգման աշխատանքների ճարտարապետական նախագծի հեղինակն ազգությամբ շվեյցարացի Պիեռ Ռամբախն է: Նրա հեղինակած նախագծում նշված է, որ կառուցապատման ընթացքում այգու բոլոր 680 ծառերը պետք է պահպանվեն: Այս նախագիծը, որով նախատեսված է այգու տարածքում կառուցել ամֆիթատրոն, 2 ջրավազան, 2 զուգարան եւ 56 քմ մակերեսով պաղպաղակի եւ զովացուցիչ ըմպելիքների վաճառքի կետ՝ հավանության է արժանացել «Երեւաննախագիծ» ինստիտուտի կողմից:

Երկու ամիս է, ինչ այգու շինարարական աշխատանքները սկսվել են, բայց արդեն նկատելի է, որ այն, ինչ կատարվում է այգում, մեղմ ասած՝ հեռու է նախագծից, որովհետեւ այս երկու ամսում այգու 680 ծառերից արդեն մի քանի տասնյակը հատվել են:

Սա հարուցել է մի շարք բնապահպանական կազմակերպությունների դժգոհությունը: Հ/կ-ների ներկայացուցիչները համոզված են, որ կառուցապատողները նախագծից շեղվել են: Միայն ջրավազանի կառուցման հետեւանքով բազմաթիվ հաստաբուն ծառերի արմատներ այնպես են վնասվել, որ էկոլոգները վստահ են՝ դրանք էլ երբեք չեն աճի, հատման ենթակա են: Բացի այդ, վերջին օրերին այգու տարածքում իբր թե պատահաբար չորանում են նորատունկ ծառերը, որոնք նույնպես խանգարում են շինարարությանը:

«Էկոլոգիական դաշինքի» խորհրդի անդամ Արտեմիս Լեփեջյանի խոսքերով՝ «Մենք այս ծրագիրը բոլորովին այլ կերպ էինք պատկերացնում: Շատ ծառեր արդեն չորացել են, մյուսներն էլ ամիսներով չեն ջրվում: Ո՞վ է տեսել զբոսայգու մեջ 54 քմ տարածքով պաղպաղակի վաճառքի կետ կառուցեն, դա արդեն ռեստորան է: Որովհետեւ, իմ պատկերացմամբ՝ պաղպաղակ վաճառելու համար 4 քմ-ն էլ բավական է»: «Հայաստանի սոցիալ-էկոլոգիական կուսակցության» նախագահ Արմեն Դովլաթյանն էլ «Հայաստան» հիմնադրամի այսպիսի կառուցապատումն անվանեց անբարոյականություն: Նա վստահ է, որ $650 հազարով կարելի է Երեւանի բոլոր այգիները բարեկարգել: Ա. Դովլաթյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ իրենք բողոքով դիմելու են բոլոր եվրոպական բնապահպանական կազմակերպություններին եւ խնդրեն աջակցել: «Ամֆիթատրոն կառուցելու կամ փող ներդնելու համար Երեւանում շատ ավելի նպատակահարմար տեղեր կան: Առանց այդ էլ Պուշկինի այգու տարածքի հաշվին հանրապետության նախագահի անվտանգության ծառայության շենքն ու շատ մեծահարուստների առանձնատներ են կառուցված»,- դժգոհեց «Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանը:

Չնայած այս դիտարկումներին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Վահե Խլղաթյանը խիստ զարմացած էր, թե ինչո՞ւ է իրենց հոյակապ ձեռնարկն այսչափ դժգոհություն հարուցել: Հիմնադրամի գործադիր տնօրեն Վահե Աղաբեգյանցն էլ, պնդելով, որ իրենք բնությանը ոչ մի վնաս չեն հասցնի, վստահեցրեց, որ այգու 680 ծառերից հատելու են ընդամենը 60 ոչ պիտանի ծառ. «Դրանք կհատվեն օրը ցերեկով՝ մարդկանց աչքի առաջ, որպեսզի բոլորն էլ համոզվեն, որ այդ ծառերը չոր են ու փտած»: Սա այն դեպքում, երբ նախագծով որեւէ փտած կամ ոչ փտած ծառի հատում նախատեսված չէ:

Մեր ներկայության ժամանակ այգու տարածքում բազմաթիվ սղոցված ծառեր կային: Հիմնադրամի ներկայացուցիչները, իրենց վրայից պատասխանատվությունը գցելու համար, վստահեցրին, որ մի մասը քամին է պոկել, մի մասն էլ՝ «Եվրոստան ույուտ» ընկերության աշխատակիցները, որոնք այգու հարակից տարածքում շինարարություն են իրականացնում: «Դա զրպարտություն է, մեր աշխատակիցները ոչ մի ծառ չէին կարող կոտրել, որովհետեւ մենք վաղուց այդ տարածքում շինաշխատանքներ չենք իրականացնում»,- «Առավոտին» վստահեցրեց «Եվրոստան ույուտ» ՍՊԸ-ի տնօրեն Մանվել Բադեյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել