Լրահոս
Օրվա լրահոսը

Պերեսը զանգել է Էրդողանին

Օգոստոս 25,2007 00:00

Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը նախօրեին զանգահարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին եւ նրան հավաստիացրել, որ Իսրայելը ցանկանում է պահպանել սերտ կապերն այդ մահմեդական երկրի հետ: Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն, հղում անելով «Ֆրանսպրեսին», այդ մասին հաղորդել է Էրդողանի օգնականը: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում գործող «Ընդդեմ վարկաբեկման միություն» հրեական ազդեցիկ կազմակերպությունը, որը տարիներ շարունակ հերքել է Հայոց ցեղասպանության փաստը, օրերս հիմնովին փոխել է դիրքորոշումը եւ «ցեղասպանություն» տերմինով որակել 0սմանյան կայսրությունում հայության զանգվածային կոտորածը:

«Պերեսն ընդգծել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարեւորությունն Իսրայելի համար. դա շատ արդյունավետ հեռախոսազրույց էր»,- ասել է Էրդողանի օգնականը:

Անկարայում Իսրայելի դեսպանատունը չորեքշաբթի օրը հայտարարել էր, թե հրեական պետությունն ընդունում է, որ տեղի են ունեցել «սարսափելի դեպքեր», եւ հայությունն «ահավոր տառապանքներ» է կրել: Դեսպանատունը նաեւ նշել էր, թե Իսրայելը հորդորում է հրեաներին «կողմնակալ չլինել»: «Տարիների ընթացքում այս թեման հայերի եւ թուրքերի համար ակամա դարձել է քաղաքական բարդ հարց: Իսրայելը հրեաներին խնդրում է չգրավել որեւէ կողմ եւ չտալ տեղի ունեցածի որեւէ որակում: Մենք հուսով ենք, որ կողմերն իրենք կներգրավվեն բաց երկխոսության մեջ, ինչը թույլ կտա դարմանել վերքերը»,- ասված էր դեսպանատան հաղորդագրությունում:

«Ֆրանսպրես»-ը նշում է, որ 1996 թ. ռազմական պայմանագրի ստորագրումից հետո Թուրքիան Իսրայելի համար դարձել է տարածաշրջանային դաշնակից, ինչը վրդովեցրել է արաբական երկրներին ու Իրանին: Սակայն իրաքյան պատերազմի եւ իսրայելա-պաղեստինյան հակամարտության խորացման հետեւանքով թուրքական հասարակության մեջ նկատելի են դարձել հակաամերիկյան եւ հակաիսրայելական տրամադրությունները: Մյուս կողմից, 2006 թ. Իսրայելի վրդովմունքն էր հարուցել այն, որ Էրդողանի իսլամամետ կառավարության հրավերով Անկարա են այցելել «Համաս» խմբավորման բարձրաստիճան պաշտոնյաները: Թուրքերը պատասխանել էին, թե այդ հրավերի նպատակն էր համոզել «Համաս»-ին հրաժարվել ահաբեկչական գործողություններից:

Իր հերթին, «Նոյյան տապանը» տեղեկացնում է, որ Թուրքիայի «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի» կազմակերպությունը արշավ է սկսել հրեական «Ընդդեմ վարկաբեկման միության» դեմ՝ վերջինիս՝ Հայոց ցեղասպանության հարցում դիրքորոշումը փոխելու կապակցությամբ: Ըստ «Միլլիեթի», թուրքական կազմակերպության նախագահ, Աթաթուրքի համալսարանի դասախոս Սավաշ Էղիլմեզի նախաձեռնությամբ, բողոք-նամակներ են ուղարկվում հիշյալ միության էլեկտրոնային հասցեին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել