Լրահոս
Օրվա լրահոսը

Կարապետիչը՝ նախագա՞հ

Օգոստոս 25,2007 00:00

\"\"Տիգրան Կարապետյանի կարծիքով՝ «Սերժ Սարգսյանը ծանր հրետանի է»

ԺԿ նախագահ, «ԱԼՄ» հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանը հիմա էլ ուզում է դառնալ երկրի նախագահ: Համենայնդեպս, երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարեց, որ նախագահական ընտրություններում դնելու է իր թեկնածությունը, եւ եթե ինքն ու Սերժ Սարգսյանը միասին անցնեն երկրորդ փուլ, ինքը չի զիջելու Սերժ Սարգսյանին:

Տիգրան Կարապետիչը հայտարարեց նաեւ. «Ես համարձակորեն մտածում եմ՝ իսկ ինչո՞ւ ժողովուրդը պետք է չունենա իր թեկնածուն, շատ կներեք, ես հավակնում եմ այդ դերին՝ լինել ժողովրդի թեկնածու, ժողովրդական թեկնածու, որը ոչ մեկին չի հայհոյելու, բայց որը հստակ ասելու է, որ այսօր կեղծիքներով չի կարելի առաջնորդվել, որ վաղը այդ կեղծիքները կարող են բումերանգով դառնալ այն մարդկանց, ովքեր այսօր սխեմաներ են գծում ու մտածում, որ իրենք ամենազորեղն են եւ ամենախելացին»: Ասաց նաեւ, որ ինքը «պետք է լինի խաղի մեջ, որպես ժողովրդի ներկայացուցիչ, առաջինը, որ դրա մասին չմոռանան: Օրինակ, երբ սեղան է լինում, սեղանի շուրջ կանանց կենացը խմում են երրորդ կենացը, ինչո՞ւ, որ չմոռանան, չորրորդը, հինգերորդը սկսում են հարբել, ուրեմն, թող բոլորը իմանան, որ ժողովուրդը գործոն է, գործիք չէ, թող չմտածեն, որ միշտ կարող են ժողովրդին առնել, թող չմտածեն, որ ոնց ուզենան, այնպես կֆռռացնեն: Ուրեմն, կգա մի օր՝ իրենք խիստ կհիասթափվեն: Ոչ թե չոր գումարը տան ու մի բան էլ հըլը ձեռ առնեն՝ փող եմ տվել, ի՞նչ ես ուզում: Հասել է այն վիճակին՝ մեկը քար ա տալիս, մեկը ձու ա տալիս, ով ինչ ունի՝ բաժանում է ժողովրդին, որ ձայն հայթայթի: Իսկ բոլորն ասում են, որ իրենք գաղափար կրողներ են: Թող իրենց գաղափարները դնեն նժարին, թող ապացուցեն, որ գաղափարներ ունեն եւ այդ գաղափարներով մեծ զանգվածների տանեն առաջ: Մեկին ասեք, որ փող չի բաժանել: Ամոթ է, ու հետո կանգնում ասում են՝ մեր գաղափա՜րը՝ ավանդաճի՜չ, ավանդա-չգիտեմ ինչ, ուրեմն ավանդաճիչ չի, ավանդա-(չշարունակեց միտքը- Մ. Ե.) է»:

Տիգրան Կարապետյանն ասաց, որ ինքը «դեռ լուրջ» չի ընդունում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կառաջադրվի. «Առաջադրվելուց առաջ պետք է մի հատ սոցիալական հարցում անցկացնեն՝ ես չեմ մտածում, որ դա կհիացնի իրենց»: Իսկ տեսակետին, որ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր այլընտրանք չունի, Տիգրան Կարապետյանն այսպես հակադրվեց. «Այն քաղաքական գործիչը, որ համարում է, թե Սերժ Սարգսյանն այսօր այլընտրանք չունի, չի հարգում հայ ժողովրդին: Ոչ մեկը չի կարող իմանալ՝ ինչ կարծիք կարող է ձեւավորել հայ ժողովուրդը: Սերժ Սարգսյանը ոչ մի անգամ նախագահ չի առաջադրվել, որտեղի՞ց դուք գիտեք՝ ինչպես կձեւավորվի քվեն: Դա սապոնվելու ձեւ է, երբ մեկը ուզում է առաջինը ասել՝ տեսեք, այլընտրանք չունի Սերժ Սարգսյանը, դրանով ինքը իբր դառնում է կողմնակից: Ես համարում եմ, որ Սերժ Սարգսյանը ծանր հրետանի է, պարզ է, որ առաջնային լիդերներից է, բայց ոչ մեկը իրավունք չունի հաշվարկել, որ գիտե՞ք ինչ, այլընտրանք չկա: Դե, ուրեմն չանենք ընտրություններ, չծախսենք հարկատուների գումարները»:

Տիգրան Կարապետյանը վստահ է, որ նախագահական ընտրություններում ինքը կստանա «մի քանի անգամ ավելի ձայներ, քան թե ինձ մատուցեցին սկուտեղի վրա»։ Նկատի ունի խորհրդարանական ընտրություններում ԺԿ հավաքած 0-ական տոկոսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել