Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՍՏԱՊ ԲԵՆԴԵՐԸ ԵՎՍ ԿԱՐՈՂ ԷՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼ

Օգոստոս 25,2007 00:00

Բայց չարեց այդ բանը, այլ ստեղծեց իր հայտնի ընկերությունը եւ հարմար պահի էլ այն փակեց: Հայաստանում նույն ոգով հակված են կուսակցություններ ստեղծել:

Հայաստանում գրանցված 74 կու սակցություններից 15-ի անունները կազմված են «ազգ» եւ «ազգային» բառերից, երկրորդ տեղում «միավորում», «միաբանություն» կամ «միացյալ» բառերն են, երրորդում՝ «հայրենիք» եւ «երկիր» բառերը: «Քաղաքացիական եւ սոցիալական զարգացման հիմնադրամը» հրապարակել է «Հայաստանի Հանրապետության կուսակցությունները» տեղեկագիրը, որում մանրամասներ կան ՀՀ-ում գրանցված բոլոր կուսակցությունների մասին: Հիմնականում հանդիպում են կուսակցությունների այնպիսի անուններ, որոնք ոչինչ չեն ասում: Որոշ կուսակցությունների մասին տեղեկությունը սահմանափակվում է բառացիորեն 5 տողի մեջ: «Քաղաքացիական եւ սոցիալական զարգացման հիմնադրամի» աշխատանքային խումբը ներկայացրել է սրա պատճառը՝ որոշ կուսակցություններ ուղղակի հրաժարվել են իրենց մասին տեղեկատվություն հաղորդելուց: Գրանցված 74-ից իրենց մասին խոստացել են տեղեկություններ հաղորդել 63-ը,

7-ը նպատակահարմար չի գտել իր մասին տեղեկություն հաղորդել, սակայն վերը նշված 63-ից միայն 56-ն է տեղեկություն տվել իր կուսակցական գործունեության մասին:

Իրավաբան, պրոֆեսոր, հանգուցյալ Վլադիմիր Նազարյանն այս կարգի կուսակցությունների մասին հաճախ էր կատակներ անում՝ երեւի թեյ խմելիս են որոշել մի-մի կուսակցություն էլ իրենք բացել, բա՜, ումի՞ց են պակաս, ու էդ բոլորը տեղավորվում են մեկ ավտոմեքենայի մեջ:

Հետաքրքիր է, որ ազգայինի, ազգային արժեքների եւ այս կարգի բառերից կազմված կուսակցությունների անունները մեծամասնություն են կազմում: Այսպես, պարզվում է՝ գոյություն ունի «Ազգային արժեքների պահպանության» կուսակցությունը: Եթե այն իրոք կա, ազգային այս կամ այն արժեքի պահպանության համար թեկուզ մեկ-երկու տողանոց հայտարարություն արե՞լ է: Որպես «Ազգային արժեքների պահպանության» կուսակցության նախագահ գրված է Աշոտ Պողոսյան անուն-ազգանունը։ Այն հեռախոսահամարը, որը նշված է որպես այս կուսակցությունը գտնելու միջոց, ուղղակի գոյություն չունի: Այսինքն՝ «կանտորան» փա՞կ է: Իսկ «Ազգային պետություն» կուսակցության նախագահ Սամվել Շահինյանի հետ մեզ հաջողվեց զրուցել, եւ պարոն Շահինյանը տեղեկացրեց, որ իր կուսակցության գործունեությունը «սառեցված է», քանի որ ինքն ու իր կուսակիցները գտնում են, որ «Հայաստանում չկա քաղաքական դաշտ, չկա քաղաքական կուսակցությունների համար գործունեության դաշտ, Հայաստանը մի մեծ զոն է՝ առանց փշալարերի, կան զոն նայողներ, նրանց ենթականեր եւ վերջ»: Սամվել Շահինյանը նաեւ տեղեկացրեց, որ իր կուսակցության անդամները «սառեցվելուց» հետո այլ կուսակցությունների չեն անդամակցել, չնայած «այսօր որոշ կուսակցությունների անդամ դառնալը դարձել է շատ շահավետ»:

«Ազգի փրկություն» կուսակցությունը հավանաբար այնքան էլ մտահոգ չէ ազգի փրկությամբ, քանի որ իր մասին ոչ մի տեղեկատվություն չի թողել, եւ եթե մեկը ուզում է հենց այս կուսակցությանն անդամակցել եւ նրա միջոցով փրկել ազգը, չի կարող, քանի որ այս կուսակցության ոչ մի տվյալ տեղեկագրում գոյություն չունի: Բայց այս կուսակցության մեջ մի կարեւոր բան կա. կուսակցության նախագահի անուն-ազգանունը Խաչիկ Մանուկյան է, եւ եթե թիվ 15-ում իմանային այս մասին, հաստատ այս մի Խաչիկ Մանուկյանին էլ մեջտեղ կհանեին: Իր մասին քրիստոնեական համեստությամբ լռում է նաեւ «Ազգային քրիստոնեական առաքելություն» կուսակցությունը: Ոչ մի տեղեկություն եւ ոչ մի ծրագիր ներկայացված չէ:

Թեպետ երկրում այսօր իշխում է նժդեհյան գաղափարախոսությունը կրող Հանրապետական կուսակցությունը, սակայն դա երեւի որոշ նժդեհականների չի բավարարում, որովհետեւ, պարզվում է՝ կա եւս մեկ կուսակցություն, որն իրեն համարում է Նժդեհի ժառանգորդ՝ «Նժդեհյան ցեղակրոն» անվանմամբ կուսակցությունն է դա, որի նախագահ Գեւորգ Հովսեփյանը մեզ տեղեկացրեց, որ «Նժդեհյան ցեղակրոնը» նախագահական ընտրություններում չի պաշտպանելու ոչ մի թեկնածուի եւ իր կուսակցական գործունեությունը սահմանափակում է միայն հրատարակչական գործունեությամբ: Հրատարակում են Նժդեհի գործերը: Ըստ Գեւորգ Հովսեփյանի, կուսակցությունների գործունեության գաղափարը մեզանում աղավաղված է. «Միայն իշխանության գալը չի կուսակցության խնդիրը, կուսակցությունը պետք է լինի ազգին համախմբող եւ համազգային նպատակներ դնի»: Չասաց, թե որոնք են այդ համազգային նպատակները: Երեկ մեզ չհաջողվեց խոսել մի շարք այլ «կորած-մոլորած» կուսակցությունների նախագահների հետ, հիմնականում նույն պատճառով՝ բոլորը իրենց տան համարները գրանցել են որպես կուսակցության գրասենյակների համարներ եւ «տանը» չէին:

Տեղեկացնենք, որ երկրում գործում է նաեւ «Երրորդ հանրապետություն» անվամբ մի կուսակցություն, որը հիմնադրվել է 2003-ին (նախագահ՝ Կարեն Դավիդյան), սակայն այս կուսակցության մասին որեւէ այլ տեղեկություն գոյություն չունի: Ի դեպ, նկատի ունեցեք, որ բավականին մեծ թվով կուսակցություններ «հիմնադրվել» են հենց 2003-ին, այսինքն՝ նախագահական ընտրությունների տարում: Եթե 2008-ին եւս մի քանի նոր կուսակցություններ բացվեն, կուսակցությունների քանակով Հայաստանը երեւի հայտնվի «Գինեսի ռեկորդների» գրքում:

Դեռ շարունակում է գրանցված մնալ նաեւ ժամանակին «Միասնություն» դաշինքի կողմից գյուղնախարար նշանակված, այն ժամանակ ՀԺԿ-ական Զավեն Գեւորգյանի «Հայաստանի ագրարային կուսակցությունը»: Թե ինչ է անում այս կուսակցությունն այսօր՝ պարզել չհաջողվեց, որովհետեւ այս կուսակցությունը եւս իր մասին որեւէ տեղեկություն հաղորդելը համարել է աննպատակահարմար: Իսկ 1995-ից հիմնադրված «Հայկական սոցիալիստական կոնգրես» կուսակցության «քարտուղարուհու» հետ մեզ հաջողվեց զրուցել, բայց իրենց կուսակցության գաղափարախոսության եւ նպատակների մասին վերջինս չուզեց խոսել, ասաց՝ վաղը զանգեք, նախագահը ձեզ կպատասխանի: Փորձեցինք, սակայն դարձյալ «տանը» մարդ չկար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել