Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՆԸ ԿՀԱՍՆԻ՞ «ԳՅՈՒԼԼԵԼՈՒՆ»

Օգոստոս 25,2007 00:00

\"\"Այգեստանի գյուղապետ Սերգեյ Գեղամյանը դա չբացառեց

Օգոստոսի 19-ին Արարատի մարզի թիվ 17 ընտրատարածքն ընդգրկող Այգեստան գյուղում տեղի ունեցած գյուղապետի ընտրությունների շուրջ բողոքի ալիքը դեռ չի մարել: Հիշեցնենք, որ այդ ընտրություններում առաջադրվել էր 5 թեկնածու, այդ թվում՝ գործող գյուղապետ Սերգեյ Գեղամյանը, որը պաշտոնապես վերընտրվել է, երկրորդ տեղում հայտնված Սոկրատ Հովսեփյանը եւ «կողմ» ձայների թվով երրորդը հայտարարված Գագիկ Թամրազյանը: Ընտրությունների հաջորդ օրն իսկ Ս. Հովսեփյանն ու Գ. Թամրազյանն իրենց կողմնակիցներով եւ մի քանի տասնյակ գյուղացիների հետ միասին եկել էին Երեւան, նախ՝ ՀՀ նախագահի նստավայր՝ պահանջելու անվավեր ճանաչել ընտրությունները, իսկ հինգշաբթի օրը նույն պահանջով եղել էին ՀՀ ԿԸՀ-ում՝ իրենց հետ բերելով թվով 1179 կնքված ծրարներ՝ առանց քվեաթերթիկների, որոնք ընտրությունների օրը «շաղ տված» են եղել թիվ 17/15 ու 17/16 ընտրատեղամասերում: Դրանք, օրենսդրության համաձայն, պետք է փաթեթավորված լինեին քվեարկության պարկերում: Քանի որ այգեստանցիներին ԿԸՀ-ում ոչ ոք այդպես էլ չէր մոտեցել, նրանք իրենց բերած երկու պարկ ծրարները ետ էին տարել: Իհարկե, սա Ս. Հովսեփյանի մատնանշած միակ օրինախախտումը չէր: Ըստ նրա, թիվ 17 ԸԸՀ նախագահ, արձակուրդի մեջ գտնվող Արմեն Մարգարյանն ակտիվորեն մասնակցել էր տեղամասային ընտրական հանձնաժողովում քվեաթերթիկների հաշվման գործընթացին, որի իրավունքը չուներ: Ավելին, ըստ Ս. Հովսեփյանի, «էն տեղամասում՝ 17/16-ում, որտեղ ես իրականում պարտվել եմ երկու ձայնով, ձայների հաշվարկին մասնակցել է ԸԸՀ նախագահ Ա. Մարգարյանը: Իմ անվան դիմաց իրականում եւ, ըստ վստահված անձանց, եղել է 142, Ս. Գեղամյանինը՝ 144 «կողմ» ձայն, բայց ԸԸՀ նախագահը միջամտել է՝ ասելով, թե՝ չէ, Սերոժինը 185 է, ու 40 քվեաթերթիկ մտցրել է տոպրակի մեջ: Երբ վստահված անձինք բողոքել են, նա առաջարկել է քվեաթերթիկները տոպրակից հանել ու վերահաշվարկ անել, ինչն էլ արվել է, ու պարզվել է, որ Ս. Գեղամյանի «կողմ» քվեները 185-ն են»:

Գործող գյուղապետ Ս. Գեղամյանը, որն արդեն չորրորդ ժամկետն է պաշտոնավարում, համաձայն չէ, որ ընտրություններն անօրինական են եղել:

«Ընտրությունները կայացել են շատ մաքուր, եւ ոչ մի խոսակցություն, բողոք, անախորժություն չի եղել»,- ասաց նա մեզ հետ զրույցում: Ըստ նրա, երբ պարզվել էր, որ ինքը հաղթել է, Ս. Հովսեփյանի վստահված անձինք անգամ շնորհավորել են իր վստահված անձանց, բայց քիչ անց արդեն հայտարարել, որ ընտրություններն անօրինական են: Այս դրվագը Ս. Հովսեփյանն այլ կերպ ներկայացրեց: Նախ, նրա մատուցմամբ, «քվեարկության արդյունքների արձանագրությունը, ըստ օրենքի, պետք է փակցվեր տեղամասում, ինչը առ այսօր չի արվել, եւ ես չգիտեմ, թե պաշտոնապես քանի ձայն եմ ստացել: Ոչ մեկը չասաց, որ Սերոժը հաղթել է: Մի հատ ոստիկան ասաց՝ Սերոժ, դու հաղթել ես, վսյո: Մեր վստահված անձինք ոչ մեկին չեն շնորհավորել: Ուղղակի իմ եղբայրը բանականությունից ելնելով, որովհետեւ տեսանք, որ ժողովուրդը վրդովված, հավաքված՝ սպասում հանձնաժողովի նախագահին՝ չիմանալով, որ նա պատուհանից ուղղակի փախչել է, ասաց՝ ոչ մի բան անել պետք չի, Սերոժը հաղթել է: Դա արվեց ուղղակի մթնոլորտը լիցքաթափելու համար: Ի՞նչ անեինք՝ գնայինք արյո՞ւն թափեինք»:

Ս. Գեղամյանը նախօրեին հանդիպել էր իր մրցակցի՝ Ս. Հովսեփյանի հետ, իր ասելով՝ իմանալու, թե ինչ խնդիր կա, ինչն է անօրինականը: Իսկ Ս. Հովսեփյանի ասելով, նույն հանդիպման ժամանակ գյուղապետն իրենից մեկ ամիս ժամանակ է խնդրել եւ հայտարարել, թե դրանից հետո հրաժարական է տալու: «Ես չեմ հրաժարվի, ինչի՞ համար հրաժարվեմ, մանավանդ, որ իմ մարզպետը՝ իմ ղեկավարը, Հայաստանում չի: Վաղը-մյուս օրը գալու ա, ես գնալու եմ իրա հետ նստեմ խորհրդակցության: Ոնց որոշվի…»,- ասաց գյուղապետը՝ միաժամանակ հավելելով, որ եթե անգամ մարզպետն էլ ասի, ինքը հրաժարական չի տա:

Մեր հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել, եթե ընտրությունների գործը հասնի դատարան, պարոն Գեղամյանն ի պատասխան ասաց. «Թող դատեն, եթե դատարանը կորոշի, որ մեղավոր եմ՝ թող դատեն, ես ի՞նչ ասեմ: Ես սխալ բան չեմ արել»: Գյուղապետը չբացառեց, որ ընտրությունների շուրջ զարգացումների շարունակության դեպքում գյուղի բնակիչները կարող են երկու մասի բաժանվել, ինչպես դա եղել էր Արարատի մարզի Դալարիկ գյուղում, որը տխուր պատմությամբ էր ավարտվել: Գյուղապետի պարտված թեկնածուն սպանել էր ընտրված թեկնածուին: «Էդ տխուր պատմությունը երեւի կլինի մեր գյուղում: Հա, ես ասում եմ: Ով որոշել ա ինձ տանի դատի տա, ես եմ անելու: Եթե ուժս չպատի՝ ես նաղդ գյուլլող եմ: Չգիտե՞ք՝ մարդը, որ ուժը չի պատում, ամեն ինչի էլ դիմում ա»,- զգուշացրեց Ս. Գեղամյանը:

Իր մյուս մրցակցի՝ Գ. Թամրազյանի բողոքներին գնահատական տալով՝ Ս. Գեղամյանը կարծիք հայտնեց, որ նա՝ Գ. Թամրազյանն ուղղակի ընկել է Ս. Հովսեփյանի ջրերը. «Էսօր ուզում են, որ գան, նստեն էդ աթոռին: Էսօր էլ հարյուր մարդ ասել ա՝ պտի գնամ նստեմ էն աթոռին: Ով է ասե՞լ: Հովսեփյան Սոկրատը: Թող գան, նստեն, թող ընտրվեն, ես բան չունեմ ասելու: Հա, մարդը (Ս. Հովսեփյանը- Ն. Մ.) ասել ա, որ քեզ դատի եմ տալու, քեզ այ սենց՝ ոսկորներդ միս-միս պոկելու եմ»:

Ս. Հովսեփյանն ասում է, թե նման բան չի ասել ու աչք չունի գյուղապետի աթոռի վրա: Իր միակ նպատակն այն է, որ գյուղում նորմալ ընտրություններ լինեն, իսկ դատարան կդիմի, թե ոչ՝ կախված է ԿԸՀ պատասխանից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել