Բաց նամակ ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցին
«Կրթություն-2015» համաժողովին Ձեր ուղերձը, որը հրապարակվել է «Առավոտ» թերթում՝ 12.06.07-ին, ընթերցելուց հետո սկսեցի տարակուսել, մտատանջվել. մի՞թե կրթական համակարգի բարեփոխումները այնքան հետ են մնացել հասարակության զարգացման պահանջներից ու ընթացքից, որ կրթական համակարգը դեռեւս չի կարողանում ազատվել համատարած կոռուպցիայից, ինչպես Դուք նշում եք ուղերձում. «Հաջորդ գլխավոր խնդիրը կրթության համակարգում համատարած կոռուպցիան է, որը դրսեւորվում է թե՛ ռեպետիտորական պարապմունքներով, որոնք հաճախ քողարկված կաշառակերության բնույթ ունեն, թե՛ նվերներով եւ թե՛ հենց ուղղակի կաշառքով՝ բարձր գնահատականներ ստանալու համար»: Այդպիսով, ըստ Ձեզ՝ «պատրաստվում են սերունդներ, որոնք տառապում են թերարժեքության եւ անապահովության բարդույթներով, ստորաքարշ դրսեւորումներով»:
Անկեղծ ասած, չէի արձագանքի ուղերձին, եթե Դուք կրթական համակարգի բարեփոխումների բացթողումները եւ խնդիրների իրականացման թերացումները չվերագրեիք միայն կրթական համակարգին։ Օրինակ՝ ուղերձում նշվում է. «Ներկայիս խեղաթյուրումները քաղաքական եւ տնտեսական դաշտում կարելի է վերագրել հենց այս թերի դաստիարակությանը»: Պրն Ներսիսյանց, ուղերձում Ձեր խոսքը ազնիվ, ծանրակշիռ ու կամոզիչ կլիներ, եթե մեր հասարակության մեջ տեղ գտած ու արմատավորված, նշված բոլոր բացասական երեւույթների վեկտորը միանգամից չուղղեիք դեպի կրթական համակարգը: Դուք ուղերձում ոչ այդքան պետք է ներկայացնեիք իրավիճակը (մի բան, որը բոլորս էլ տեսնում ենք) եւ խոսեիք բացասական հետեւանքների մասին, այլ՝ հանդես գայիք վերլուծական ու քննադատական դիրքերից եւ նշեիք այն խոչընդոտները, որոնք, ըստ էության, արգելակում եւ թույլ չեն տալիս, որ կրթությունը լիարժեքորեն իրագործի իր առջեւ դրված խնդիրները: Պրն Ներսիսյանց, կրթական համակարգը սոցիալական կյանքի մի օղակն է եւ այն չի կարող դուրս լինել, զերծ լինել մեր հասարակական կյանքից: Աշակերտները, ուսուցիչները, ծնողները եւ կրթության պատասխանատուները չե՞ն տեսնում, թե այսօր ովքեր են հանրապետությունում եղանակ ստեղծում, ի՞նչ որակի ու «կշռի» եւ ինչպիսի՞ կրթությամբ մարդիկ են տնօրինում ժողովրդի ճակատագիրը: Անօրինականության ու թալանի, ուժի ու տգիտության այս ժամանակաշրջանում կեղծիքն ու քծնանքը, ինչպես նաեւ՝ այս կամ այն անձի կամ «կուսակցության» ենթակայության տակ լինելն են ձեւավորում մեր արժեքային համակարգն ու «առողջ մթնոլորտը», եւ հենց այս «արժեքներն» են խրախուսվում ու գնահատվում պետական պաշտոնյաների ու հասարակության կողմից: Այս մթնոլորտում դժվար է խոսել սովորողների դաստիարակության մասին եւ նույնիսկ դժգոհել ու պահանջել, որ, ինչպես նշված է ուղերձում, լիարժեք բարեփոխումներ իրականացվեն: Ինչ է, դպրոցականը կամ ուսանողը չի՞ տեսնում, թե ինչ է կատարվում իր շրջապատում, այն հասարակությունում, որտեղ ինքը ապրում ու սովորում է, «կառուցում» իր վաղվա օրը, որ՝ ուսուցչին ու գիտնականին եկել են փոխարինելու թիկնապահներն ու բիզնեսմենները, դղյակատերերն ու թաղային հեղինակությունները: Անհնար է ապահովել արդյունավետ ու որակյալ կրթություն՝ առանց հաշվի առնելու, թե ինչպես է փոխվում սովորողին շրջապատող աշխարհը: Այո՛, դասարանը, լսարանը պետք է դառնա իրական կյանքի լաբորատորիա: Եվ այս նոր իրողությունը անխուսափելիորեն չի կարող առաջ չբերել ուսուցչի ստանձնած դերի փոփոխություն: Ուսուցիչը տեսնում է, որ փոխվել է այսօրվա աշակերտը՝ նրա մտածողությունը, ձգտումներն ու սպասելիքները, որ նրա հերոսները այլեւս մեր դասական գրականության հերոսները չեն, նրա իդեալը այլեւս մեր ճանաչված գիտնականներն ու գրողները չեն, մտքի մարդը չէ, այլ՝ հասարակության փրփուրն է: Այս հանգամանքներում ուսուցիչը չի կարող սահմանափակվել միայն գիտելիք հաղորդողի դերակատարությամբ, եւ այստեղ շատ է կարեւորվում կրթության բովանդակության արժեքային համակարգի բաղադրիչը: Դաստիարակել սերունդ, որը կարողանա տեր լինել մեր անկախությանը, մեր նորաստեղծ պետությանը եւ քայլել աշխարհի զարգացումներին համընթաց. այսօր մեր կրթական համակարգի դժվարագույն խնդիրներից մեկն է: Եվ այստեղ մեր պետությունն ունի լուրջ բացթողումներ ու վրիպումներ՝ սկսած հեռուստատեսային հաղորդումներից, խաղատներից, վերջացրած հետզհետե խորացող անպատժելիության մթնոլորտով: