Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«ՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱՆ» ՄՐՑՈՒՅԹԸ՝ ՍՏՈՐԻՆ ՎԵՐՋՈՒՅԹՆԵՐՈՒՄ

Օգոստոս 24,2007 00:00

Հավաստիացնում է «Միսս Հայաստան-2006» մրցույթի մասնակից Մարինա Կարապետյանը

Հայտնի է, որ մինչեւ սեպտեմբերի 7-ը «Միսս Հայաստան» գործակալությունը հավաքագրում է հայուհիների՝ «Միսս Հայաստան-2007» մրցույթին մասնակցելու նպատակով: Հետո կանցկացվի կաստինգ, որն էլ կորոշի կայանալիք մրցույթի մասնակիցներին, որոնք շուրջ մեկամսյա պարապմունքներ կանցկացնեն, իսկ բուն մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի երկրորդ տասնօրյակում:

«Առավոտը» զրուցեց «Միսս Հայաստան-2006» մրցույթի մասնակից Մարինա Կարապետյանի հետ. «Ցանկանում եմ թեթեւակի բացահայտել «Միսս Հայաստան» մրցույթի դեմքը, որով գուցե կանխեմ հայրենակցուհիներիս սպասվելիք հիասթափությունը: Չէ՞ որ նրանցից մեկն է արժանանալու գեղեցկուհու թագին»:

Ներկայացնում ենք մեր զրուցակցի խոսքը՝ առանց միջամտության.

«Ասում են Հայաստան, լրջորեն հասկանում եմ, որ խոսքը մեր երկրի մասին է: Ասում են «Միսս Հայաստան», ընկնում եմ բառերի ու լեզվական խառնաշփոթի մեջ այն առումով, որ miss-օրիորդ եւ միսս-միս արտահայտություններից ճիշտը «Միսս Հայաստանի» համար չեմ կարողանում գտնել: Դե, «Օրիորդ Հայաստան» չէր էլ հնչի ու կկորցներ իր օլիմպիական նշանակությունը, իսկ միսս բառը դնելիս Հայաստան-ի առաջ, արդեն վաղուց, իր տառային թարգմանությամբ վավերացել է դրա բառային նշանակության մեջ:

Իմ վերաբերմունքն ու ասոցիացիաները կապված չեն կոնկրետ թեկնածուների կամ թագակիրների հետ, այլ՝ ընտրողի ու թագադրողի: Դե, իհարկե, այս մրցույթ-երեւույթի հետ որեւէ առնչություն ունեցած ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, անշուշտ, ճանաչում է թղթապանակը մշտապես թեւի տակ պահող, խոսելիս երբեք աչքերիդ մեջ չնայող, «Միսս Հայաստան» ազգային գործակալության եւ դրա կողմից կազմակերպվող բոլոր մրցույթների ժյուրիի անվերապահ նախագահ Կարեն Արիստակեսյանին:

Առհասարակ, նման մրցույթի հետ կապված ցանկացած լուսաշող տպավորություն, որ մրցույթի մասին կհաղորդի «մոնտաժված էկրանը», կարող է ստել: Չեմ խոսի վաղուց արդեն ծեծված ու մարսված թեմաներից, ինչպիսին է, օրինակ՝ «թագը նախօրոք պատկանում է, հետո կազմակերպվում է մրցույթը»: Այստեղ հատկանշական է այլ երեւույթ. աղջիկները դիտվում են գլխաքանակով, հաճախ նույնիսկ՝ փաթեթներով: Իհարկե, նմանատիպ ցանկացած մրցույթ աշխարհում իր մեջ ներառում է խոշոր գումարների շրջանառություն եւ եկամուտներ: Մեր երկրում էլ դա կազմակերպվում Է գումարներ վաստակելու նպատակով, բայց եւ այնպես, իր որակի ու մակարդակի առումով հայտնված է ստորին վերջույթներում: 2006թ. «Միսս Հայաստանի» համար հովանավորչական յուրաքանչյուր փաթեթը կազմում էր շուրջ $1000։ Մեկ-երկու հովանավոր ձեռք գցելով, մասնակիցների սննդի եւ քնելաժամի «zip» էկոնոմիայի հաշվին էլ կազմակերպվում էր մրցույթը. հազիվ շոու-ներկայացում, որ բեմում «միայն թե մի բան ցուցադրվի», ոչինչ, որ դահլիճում միայն հրավիրված ծնողներն են: Ստացվում է՝ շատ փոքրիկ գումարի համար, ամբողջ երկրին խառնում են իրար:

Նախապատրաստական օրերին Կարեն Արիստակեսյանը հայորդաց օրիորդների գլուխը կլցնի այնպիսի հանապազօրյա խոստումներով, ինչպիսին, ասենք, «կմասնակցեք 100 տարին մեկ կազմակերպվող «Միսս Չուչա-մաչուչա» մրցույթին, որի հաղթողը կստանա բոլոր մոլորակներով անվճար երթեւեկելու ուղեգիր, իսկ ինքը՝ Արիստակեսյանը, ամեն ինչ կանի, որ դա լինի հայուհի»: Աղջիկները լայն բացված աչքերով կզարմանան, կհիանան «մեծ պապայի» ընձեռած հնարավորություններով, հետո կլսեն դիետայի մասին դեկլարացիա, կուտեն խաշած խմորը, կկռվեն հացի համար, ուտելիք կթռցնեն խոհանոցից ու սենյակում իրար կբզկտեն սնունդը բաժան անելիս, գիշերը երկու ժամ կքնեն, կքայլեն ամբողջ օրը, կգունատվեն, կդեղնեն, կկանաչեն, հետո զսպանակաձեւ ճոճուն մարմիններով դուրս կգան բեմ: Մի օր էլ Արիստակեսյանը կփորձի բացահայտել ձեր ներաշխարհը: Անվանի արվեստագետների կկանչի, կհավաքի մասնակիցներին, խելոք ու խորը հարցեր կպահանջի, իսկ ինքը կնստի հյուրի կողքը ու, չլսելով հյուրին, կսկսի օպերատորին աչքերով ցուցումներ տալ՝ ում նկարել: Մասնակիցները մեղավոր չեն այս անշուք եւ կուլմինացիայից զուրկ ֆարսում: Իհարկե՝ շատ աղջիկներ կցանկանային ճեմել մրցույթի բեմահարթակում, ինչու չէ, նաեւ դառնալ թագակիր, թեկուզ՝ նախօրոք որոշված: Բայց փաստ է, թե ինչ նյութական ու ֆիզիկական պայմանների, հոգեբանական խիստ ճնշման, վերաբերմունքի, թիկունքից ու առերես վիրավորանքների ներքո է դա արվում: Թույլ մի տվեք համոզել, թե կարեւորը մասնակցությունն է. իրականում ակամա ու անվճար խաղում եք շոու-ներկայացման մեջ՝ որպես ֆոն ու դեկորացիա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել