Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Տնօրենը պատասխանում է

Օգոստոս 24,2007 00:00

\"\"Թիվ 175 դպրոցում կրքերը դեռ չեն հանդարտվել

«Առավոտի» 16.08.07 թ. «Դպրոցի տնօրենը դիմել է դատարան» հոդվածում նշվում է, որ Նուբարաշեն համայնքի թիվ 175 դպրոցի տնօրեն Անահիտ Բաբաջանյանը դիմել է Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարան՝ իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու, իրեն զրպարտելու համար դպրոցի պահակ Ռիմա Սուքիասյանին եւ նախկին ուսուցչուհի Լենա Ղազարյանին պատասխանատվության ենթարկելու հայցով։ Հակընդդեմ հայցով նույն դատարան է դիմել նաեւ «կրճատված» եւ 37-ամյա աշխատանքային փորձ ունեցող Լ. Ղազարյանը՝ վիճարկելու իր ազատազրկման օրինականությունը։ Հոդվածում Ռ. Սուքիասյանը պատմում է, իր կարծիքով, տնօրենի կատարած ֆինանսական մեքենայությունների ու ապօրինությունների, այդ թվում՝ ավարտական քննություն չհանձնած եւ արտերկրում գտնվող անձանց ավարտական վկայականներ հանձնելու, դրանց մեջ գնահատականները կեղծելու եւ այլնի մասին։ «Առավոտին» այս ամենի վերաբերյալ իր հակափաստարկները ներկայացրեց տնօրեն Ա. Բաբաջանյանը։

Տնօրենը նախ հայտնեց, որ առաջին դատական նիստին, որը նշանակված էր 08.07.07-ին, պատասխանողները չեն ներկայացել։ Լ. Ղազարյանի եւ Ռ. Սուքիասյանի դժգոհություններին, թե տնօրենն իրենց նկատմամբ էլ է ապօրինություններ կիրառել, Ա. Բաբաջանյանը զարմանքով է նայում՝ հարց տալով, թե տարիներ առաջ իր կողմից կատարված «ապօրինությունները» ինչո՞ւ են նոր-նոր հիշում. «Լ. Ղազարյանն աշխատանքից ազատվել է 01.09.04թ.-ին՝ ըստ սահմանված կարգի, համապատասխան դասարաններ չկոմպլեկտավորելու եւ դասաժամեր չունենալու պատճառով։ Ի դեպ՝ տիկին դասվարը չունի համապատասխան կրթություն եւ 37 տարի առաջ ավարտել է ինչ-որ թվաբանական կուրսեր։ Աշխատանքի է ընդունվել իմ՝ տնօրեն նշանակվելուց առաջ։ Իսկ Ռ. Սուքիասյանը դպրոցի պահակն է, որը համատեղում էր նաեւ այգեպանի աշխատանքը։ Սակայն երկրորդ աշխատանքը կատարել հրաժարվելուց հետո՝ նրան ազատեցի այգեպանի պարտականությունից»։ Այնուհետեւ Ա. Բաբաջանյանը կետ առ կետ անդրադարձավ Ռ. Սուքիասյանի՝ հոդվածում ներկայացրած փաստերին։ Տիկ. Սուքիասյանը մայիսի 7-ին դիմել էր ՀՀ ԿԳ նախարարություն՝ պնդելով, որ տիկ. Բաբաջանյանը դպրոցի նախկին աշակերտուհի Լիլիթ Նազարեթյանին՝ ՀՀ-ից բացակայելու պարագայում ավարտական վկայական է հատկացրել։ Տնօրենը պարզաբանեց. «Ստուգումներից պարզվել է, որ Լիլիթ Նազարյանը (Նազարեթյան) 6.06.03 թ.-ին հանրապետությունից մեկնել է՝ վաղաժամկետ հանձնելով պետական ավարտական քննությունը, որի համար հիմք են հանդիսացել ծնողի դիմումը, մանկավարժական խորհրդի 28.05.03 թ. նիստի որոշումը, ԿԳ նախարարությունից հարցումը։ Լիլիթը 10 տարի սովորել է դպրոցում «լավ» եւ «գերազանց» գնահատականներով»։ Ռ. Սուքիասյանի հավաստմամբ՝ Լեւոն Գեւորգյանի՝ միջնակարգն ավարտելու մասին վկայականում՝ 1999-2000 թթ., թվանշանները կեղծված են։ Այդ մեղադրանքին տնօրենը պատասխանեց. «Յուրաքանչյուր աշակերտ ավարտական վկայական ստանում է առարկայական եւ քննական գնահատականներով, որոնք համապատասխանում են յուրաքանչյուր առարկայից մատյանում գրանցված գնահատականներին։ Բացառություն չէ նաեւ Լեւոն Գեւորգյանը»։ Ռ. Սուքիասյանը հոդվածում նաեւ մտահոգություն էր հայտնել, թե իրենց դպրոցում տարիներ շարունակ կազմակերպչի հաստիքով աշխատավարձ են ստացել կողմնակի անձինք, այդ թվում՝ նաեւ զինվորական ծառայության մեջ գտնվող Գագիկ Բալասանյանը: Ա. Բաբաջանյանը ժխտեց այդ փաստը. «Գագիկ Բալասանյանը ազատվել է աշխատանքից զինծառայության մեջ գտնվելու հենց առաջին իսկ օրվանից, հետեւաբար՝ ինչպե՞ս կարող էր աշխատավարձ ստանալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել