Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԹԵԺ ԻՐԱՎՈՒՆՔ

Օգոստոս 24,2007 00:00

\"\"«Առավոտի» նամակագիրները դժվար օրեր են ապրում

Օգոստոսին, երբ պետական այրերն իրենց հանգիստն են անցկացնում արտերկրի թանկարժեք հանգստավայրերում, «Առավոտում» քաղաքացիների հոսքը չի դադարում: Օգոստոսի 1-20-ն ընկած հատվածում ստացվել է 45 նամակ, որոնք վերաբերում էին նրանց իրավունքների ոտնահարմանը: 45-ից 32-ը մարզերի բնակիչներ են, 1-ը՝ դատապարտյալ, մի նամակ էլ ստացվել է հասարակական կազմակերպությունից: Նկատենք, որ ստացված բոլոր նամակները ստորագրված են:

Հարավ-արեւմտյան թաղամասի Սվաճյան 60/1, 24 բնակարանի բնակիչ Կարինե Մանուկյանը վեճ ունի Դատական ակտերի հարկադիր կատարողների (ԴԱՀԿ) հետ: Դիմել է դատարան: ԴԱՀԿ-ն 7 տարի չի կատարում դատարանի վճիռը: Նամակագիրն իր անչափահաս երեխայի հետ ապրել է վարձով, իսկ դատարանի վճռով իրեն հատկացված բնակարան չի կարողանում մտնել, քանի որ ԴԱՀԿ-ն ի զորու չէ ապահովել. «ԴԱՀԿ-ի ուժը միայն խեղճերի վրա՞ է պատում»,- հարցնում է նամակագիրը:

Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, Հանրապետական կուսակցության անդամ ներկայացած Զորիկ Սահակյանը պատմում է իր անձնական կյանքի մանրամասները: Ամուսնալուծվել է եւ ապահարզանից հետո նախկին կնոջը տվել է «Ֆոլսվագեն» ավտոմեքենա: Նամակագիրը նշում է, որ համատեղ ունեցվածքը՝ մասնավորապես, երկտեղանոց մահճակալը, անարդարացի է բաժանվել եւ որ իր նախկին կնոջ եղբայրները զինված ուժերում են աշխատում, հետեւաբար, կարող են ազդել դատական գործընթացների վրա. «Ահա թե ինչու եմ ակնկալում Ձեր միջամտությունը, արդարության հասնելու միջոցներս սպառվել են»:

Մեկ այլ նամակագիր էլ՝ Ներքին Շենգավիթ համայնքի 10 փողոցի 24 տան բնակիչ Շուշիկ Միսակյանը զբաղվել է խոզաբուծությամբ: Կերի թանկացման պատճառով վերցրել է իր ծանոթից 4000 դոլար՝ 10 տոկոսով: «7600 դոլար տոկոսը վճարելուց հետո՝ տեղի ունեցավ անսպասելին: Ամուսնուս վիրահատեցին, ֆերման մնաց հսկողությունից դուրս, խոզերը սատկեցին: Կնքեցի գրավի պայմանագիր: Գնացի Ռուսաստան աշխատելու: Վերադառնալուց հետո տունս գտա թալանված»,- գրում է նամակագիրը, կասկածանքն ուղղելով տոկոս տված իր ծանոթին: Ոստիկանությունն ու իրավապահ մարմինները ոչնչով չեն կարողացել օգնել կնոջը:

«Պատերազմի ժամանակ տուժածների կենտրոն» հասարակական կազմակերպությունը նամակով խնդրում է օգնել մի քանի ընտանիքների, որպեսզի ճանաչվի նրանց հողօգտագործման իրավունքը՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքների Կուրղինյան խաչմերուկում: Կազմակերպության անդամները Երեւանի քաղաքապետի հետ կնքել են պայմանագիր՝ հողն անհատույց օգտագործելու մասին: Կադաստրից ստացել են սեփականության վկայական: Սակայն նույն այդ տարածքում հայտնվել են նոր վարձակալներ, եւ 3-տասնյակից ավելի մարդիկ դուրս են մնացել քաղաքապետի կողմից վերահաստատված ցուցակներից:

«Բազմիցս ասել եմ. այսօրվա Հայաստանն իրենից ներկայացնում է ստրկա-ֆեոդալա-բուրժուա-քրեա-ավազակային մի երկիր, ուր չեն պատժվում անօրեն տնօրենն ու սադրիչ քննիչը, մակաբույծ դատախազն ու անարդար դատավորը»,- գրում է Սիսիանից Վլադիկ Հայրապետյանը: Վերջինս դիմել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարին՝ ՀՀ նախագահին ուղարկած իր 23 նամակների հարցով: Սակայն՝ անարդյունք:

Գավառից Գեւորգ Մարդպետունի անունով մեկը հրատարակել է «Ինչ է կանացիությունը» գրքույկը: Ըստ հեղինակի, գրքույկի նախատիպը եղել է իրենց տարածքի կանանցից մեկը, որին եւ մի քանի կանանց այցելել է գրքույկը պատրաստելու ժամանակ: Հեղինակին ոստիկանները սկսել են բաժին հրավիրել, հետապնդել, մեղադրում են, որ նա «ուրիշի տուն այցելություններ է կատարում»: «Ուրիշի տուն այցելելը օրենսդրորեն մերժելի երեւույթ չէ, չի դիտվում օրինազանցությունների շարքում»,- գրում է նամակագիրը։

Թերեւս առաջին անգամ սպառնալից բովանդակության նամակ ենք ստանում դատապարտյալից, որը գտնվում է ԱՆ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: Դատապարտյալ Գագիկ Բղդոյանի խնդրին անդրադարձել ենք մայիսի 15-ի թերթում: Նրան կտտանքների են ենթարկել, նա կորցրել է առողջությունը: Դատապարտյալը գրում է, որ իրեն կտտանքների են ենթարկել ոչ թե քրեակատարողական հիմնարկում, այլ՝ ՀՀ գլխավոր դատախազությունում: Սպառնում է, որ եթե չտպագրենք այս ամենը, ապա ինքը էլեկտրոնային միջոցներով կհայտարարի, որ տողերիս հեղինակը «սերտ կապերի մեջ» է ոմն, ինձ անհայտ, Խաչատրյանի հետ: Շանտաժի նման ձեւը, հավանաբար, թելադրվել է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում (ժողովրդի լեզվով ասած՝ «կագեբեի բանտ»), որտեղ տեսողությունից զրկվեց մեկ այլ դատապարտյալ՝ Հայկ Վարդանյանը։

Նամակագիրների մեջ էին նախկին դատախազները, որոնք կրկին անդրադառնում են իրենց աշխատանքից ազատելու հարցին: «Զարմանալի է, թե ինչպես կարող է գլխավոր դատախազը չտեսնել ու չիմանալ, թե ում է թողնում աշխատելու դատախազության համակարգում: Չեն կրճատվում նրա մտերիմները, պաշտոնատար անձանց զավակները, օլիգարխների ծանոթները: Չկրճատվողները համակարգում աշխատում են «դատախազի վկայական» ունենալու համար միայն»,- ասվում է նամակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել