Օրենսդիրներն օրենքը շրջանցողներից մեկն են
Չնայած այն բանին, որ ՀՀ խորհրդարանը, իրօրենսդիրներով հանդերձ, այս օրերին պաշտոնապես արձակուրդում է գտնվում, հայրենի օրենսդիրները, բացի արտերկրում հանգստանալուց, մայրաքաղաքի ամենատարբեր հատվածներում ու օբյեկտներում «ռազբորկաներ» անելուց զատ՝ նաեւ «օբյեկտաշինությամբ» են զբաղված: Եվս մեկ անգամ գործարար-պատգամավորների համար մեջբերենք ՀՀ Սահմանադրության հոդված 65-ը՝ «Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից»: Այն, որ գործարար-օրենսդիրները մեր երկրի մայր օրենքի այս հոդվածը հաստատ անգիր գիտեն՝ անկասկած է, բայց շարունակում են օրենք խախտել, որովհետեւ վստահ են՝ իրենց բան ասողն ո՞վ է:
Ահավասիկ այս օրերին Քանաքեռ-Զեյթուն համայնքի Պարույր Սեւակի եւ Ռուբինյանց փողոցների հատման մասում խանութի շինարարություն է ընթանում, որի նախագծային փաստաթղթերը մշակված են եւ շինարարությունն իրականացվում է «Գրանդ Քենդի» հայ-կանադական համատեղ ձեռնարկության կողմից: Ուշագրավն այն է, որ սույն շինարարության թույլտվությունը տրված է ՀՅԴ-ի համամասնական ցուցակով ընտրված եւ համանուն խմբակցության պատգամավոր 31-ամյա Կարեն Վարդանյանին՝ նույն ինքը «Գրանդ Քենդի» ՍՊԸ խորհրդի նախագահին:
Այս շինարարության անմիջական հարեւանությամբ է գտնվում նաեւ մեկ այլ գործարար-պատգամավորին՝ Սամվել Ալեքսանյանին դե-ֆակտո պատկանող «Երեւան Սիթի» նորակառույց «սուպերմարկետը»: Ընդ որում, խանութների այս ցանցը գնալով ընդլայնվում է, իսկ պատգամավորին ոչ ոք չի ասում՝ ախր, խանութների ցանց ունենալը, էլ չենք ասում՝ շաքար ներկրելն ու օղու արտադրություն ծավալելն ու «Փարվանայի» տիպի ռեստորաններ ունենալը հե՛չ գիտական ու մանկավարժական, առավել եւս՝ ստեղծագործական աշխատանք չէ: Այսինքն՝ ո՞վ իմանա: Ինչպես մի պատեհ առիթով «Հայելի» ակումբում գործարար- պատգամավոր Մանվել Ղազարյանն էր ասել, Ս. Ալեքսանյանն էլ երեւի իր բիզնեսին զուտ մանկավարժական գործունեության տեսանկյունից է մոտենում:
Էրեբունի համայնքում՝ Դավիթ-Բեկի եւ Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում, գործարար-պատգամավոր, ՀՀԿ համամասնական ցուցակով խորհրդարանում հայտնված Արմեն Դանիելյանին պատկանող օբյեկտներից երկուսն են՝ վերջերս կառուցված «սուպեր-մարկետն» ու ավելի վաղ գործող ծաղկի սրահ «Էլենը», որը միայն վերջերս է նոր եւ ազդեցիկ անուն ստացել՝ «Սենատոր»: Ընդ որում, եթե իր մյուս օբյեկտներից այս պատգամավորը հրաժարվում է՝ ասելով, թե դրանք իր ընտանիքի անդամներինն են, ապա այս մեկի՝ իրեն պատկանելիության վերաբերյալ նա համեստորեն լռում է, թերեւս այն պատճառով, որ այդ խանութի պատճառով նրան մեկ-մեկ նաեւ «Ծաղիկ Արմեն» են ասում: Զավեշտականը, սակայն, այս օբյեկտի հետ կապված պատմությունն է: «Առավոտի» աղբյուրի ասելով, ԱԺ ընտրությունների ժամանակ պատգամավորի հետ կատակել են՝ ասելով, որ եթե Ռուբեն Գեւորգյանը՝ «Ծաղիկ Ռուբոն» էլ պատգամավոր ընտրվի, ինքն էլ՝ ուրեմն խորհրդարանում կլինեն «Ծաղիկ» մականունով երկու պատգամավորներ: Ա. Դանիելյանն էլ շտապել է զգուշացնել, որ պատգամավոր ընտրվելուց հետո իր ծաղկի խանութը կկոչվի արդեն «Սենատոր»: Մարդն իր խոսքի տերն է եղել, բայց օրենսդրական գործունեությունն էլ նրան չի օգնել ՀՀ բոլոր օրենքները յուրացնելու համար: Բանն այն է, որ օրենքով սահմանված կարգով բոլոր պետական եւ մասնավոր հիմնարկ-ձեռնարկությունների, օբյեկտների անվանումը հուշող ցուցանակը պետք է պարտադիր գրված լինի հայերենով, հետո նոր միայն օտար լեզվով, այն էլ՝ ավելի մանր տառերով:
Եվ վերջապես, ԱԺ պատգամավոր, հանրապետական Արմեն Պուրտոյան: Նա էլ, ինչպես իր մյուս գործընկեր պատգամավորները, մի քանի բիզնես ունի, որոնցից մեկը կամ մի քանիսը միանգամից գտնվում են Երեւան-Արտաշատ մայրուղու վրա: Այստեղ են գտնվում նրան պատկանող լատինատառ «Կանտինենտալ» հյուրանոցը, բենզալիցքավորման կայանն ու խաղատունը: Վերջիններիս հարեւանությամբ այս օրերին նա եւս մի օբյեկտի շինարարություն է նախաձեռնել: Թե ի՞նչ նշանակության օբյեկտ է լինելու՝ մեզ հայտնի չէ: