Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ԹԱՆԳԱՐԱՆԻՆ

Օգոստոս 23,2007 00:00

\"\"Թանգարանի հիմնադիր, Երեւանի պատվավոր քաղաքացի, կոլեկցիոներ, նկարիչ, դերասան, բանաստեղծ եւ գորգագետ Մարկոս Գրիգորյանը վախենում է, որ իրենից հետո թանգարանի ցուցանմուշները կհայտնվեն Վերնիսաժում:

«Գլխիս վերքը կարել են, շուտով կլավանա, բայց է՛ս վերքն է, որ չի լավանում, չի անցնում»,- ցույց տալով սիրտը՝ ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնում պառկած Մարկոս Գրիգորյանը: «Առավոտն» արդեն տեղեկացրել է, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը նկարիչը ենթարկվել էր ավազակային հարձակման («Առավոտ», 8 եւ 9 օգոստոսի): Օգոստոսի 18-ին, երբ այցելեցինք նրան, ապաքինվում էր, եւ բժիշկները խոստացել էին, որ շուտով դուրս կգրվի: Սակայն 83-ամյա նկարիչը վախենում էր, որ մղձավանջը կարող է կրկնվել: «Այստեղից դուրս գամ, պիտի գնամ անհայտ տեղ, ապրելուս տեղը չեմ հայտնի ոչ ոքի: Հիվանդանոցում էլ վախենում եմ: Չունեն հսկիչ, այցելուի ժամ, սեքյուրիտի: Էսքան լավ հիվանդանոց է՝ ամեն ինչ տեղը, բայց դա չկա: Դուռը ներսից փակում եմ, բայց կարող է, չէ՞, մեկը գա, միջանցքում նստած աղջկան ասի, թե բարեկամս է, մտնի եւ թուրը խոթի իմ փորը»,- չարագուշակ մտքեր էին պտտվում նկարչի գլխում: Սակայն դա նրան ավելի քիչ էր հուզում, քան թանգարանի հարցը: «Մարդ մի կյանք հավաքածու ունենա, բերի հանձնի Հայրենիքին, որ հենց էսպես ջուրը տանի՞, տանեն Վերնիսաժ ծախծխե՞ն: Էդ է, որ ինձ տանջում է, ոչ թե էն, որ կգան, ինձ կսպանեն»,- ասում է Մ. Գրիգորյանը:

Նման մտահոգությունների համար Մարկոս Գրիգորյանը հիմքեր ունի: 1992-ին նա Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերեց 50 տարիների ընթացքում իր կուտակած հարուստ եւ եզակի հավաքածուն, որում ընդգրկված են պարսկական եւ հայկական կիրառական եւ ոչ կիրառական արվեստի նմուշներ, ինչպես նաեւ եվրոպական կենցաղային տեխնիկայի զարգացմանը վերաբերող իրեր: Մ. Գրիգորյանի հավաքածուն, ըստ որոշ գնահատականների, կարող է արժենալ մի քանի տասնյակից մինչեւ մի քանի հարյուր միլիոն դոլար: Սակայն քանի որ ճշգրիտ փորձաքննություն չի անցել (Հայաստանում չկան համապատասխան մասնագետներ, որոնք կարող էին իրականացնել դա), կոնկրետ թիվ չի նշվում: Թեեւ հավաքածուի արժեքի մասին որոշ պատկերացում կազմելու համար բավական է նշել, որ նրա մեջ ընդգրկված է անգամ մ.թ.ա. 4-րդ հազարամյակի ցուցանմուշ (նախաքաղաքակրթական կնոջ արձանիկ՝ պեղված Ամլաշիից): Կան Էլամի խեցեղեն եւ Շոշի արձանիկներ, որպիսիք պահվում են Լուվրում, Լուրիստանի բրոնզ, հայկական նախաէրեբունյան արձանիկներ, Էրեբունիի բրոնզ, Կիլիկյան Հայաստանի, Սասանյան եւ Պարթեւական Պարսկաստանի դրամներ, հնագույն պարսկական եւ հայկական գորգեր, խաջարական կերպարվեստի նմուշներ, պարսկական մանրանկարչության նմուշներ եւ այլն, թվով՝ 2700 իր: Հավաքածուի մեջ անգնահատելի տեղ ունեն նաեւ Մարկոս Գրիգորյանի գեղանկարներն ու հողանկարները: Մարկոս Գրիգորյանը՝ որպես նկարիչ, Արեւմուտքում շատ հայտնի անուն է, թեեւ Հայաստանում քչերը գիտեն դա: Միջին Արեւելքի թանգարանի պատասխանատու, ավագ գիտաշխատող Զառա Մոկացյանից տեղեկացանք, որ Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում 20-րդ դարի միայն երեք հայազգի նկարչի գործ կա՝ Արշիլ Գորկի ու Ռուբեն Նաքյան (ԱՄՆ) եւ Մարկոս Գրիգորյան (Իրան): Ի դեպ, Մ. Գրիգորյանը պաշտոնապես համարվում է Իրանի ժամանակակից արվեստի հիմնադիրը:

Սակայն վերադառնանք թանգարանի ճակատագրին: 1993-ին Մարկոս Գրիգորյանի հավաքածուի հիման վրա ստեղծվեց Միջին Արեւելքի թանգարանը, որը ժամանակավորապես տեղակայվեց Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի մի քանի սրահներում: Թանգարանի պաշտոնական բացման արարողության ժամանակ այն ժամանակվա մշակույթի նախարար Հակոբ Մովսեսը, որը գործուն մասնակցություն է ունեցել հավաքածուն Հայաստան բերելու մեջ, ասաց հետեւյալը. «Նոր թանգարանի հիմք է դրվում ՀՀ-ում, առայժմ շենքային այս պայմաններում, բայց կարճ ժամկետում (ես երեկ քաղաքային իշխանությունների հետ գործնական զրույց եմ ունեցել) մենք կկարողանանք առանձին շենք ձեռք բերել թանգարանի համար»: Այդ «կարճ ժամկետը» ձգվում է արդեն 15 տարի: Մշակույթի նախարարությունը չի կատարում իր խոստումը, իսկ Գրականության թանգարանը՝ ի դեմս տնօրեն Հենրիկ Բախչինյանի, արդեն քանի տարի է՝ իր տարածքներն է հետ ուզում: Պարոն Բախչինյանի պահանջը հասկանալի է՝ նա փորձում է ի՛ր հիմնարկի շահերը պաշտպանել, սակայն Մարկոս Գրիգորյանը, այլընտրանք չունենալով, չի համաձայնվում հավաքածուն հանել ցուցասրահներից: Նա ասում է. «Իմ պատասխանը Հենրիկին սա է՝ մինիստրին ասա, շենք տան, գնամ: Բոլոր մինիստրները հերթով խոսք են տվել, մինչեւ 5-րդ մինիստրը: Վեցերորդին որոշել եմ չայցելել, որովհետեւ բեզարել եմ: Բայց շենքերը մեկ-մեկ ծախեցին, շենք չմնաց, որ ինձ հատկացնեն»: Իմիջիայլոց, սկզբում նախատեսված էր Փարաջանովի տուն-թանգարանի մոտ գտնվող կիսակառույց շինությունը հատկացնել, որը Մարկոս Գրիգորյանը պատրաստ էր իր միջոցներով ավարտին հասցնել, սակայն այդ շենքը հետագայում վաճառեցին, այն հիմա ռեստորան է:

Այս ընթացքում նախարարությունը «փորձ է արել» խնդիրը լուծել՝ պարոն Գրիգորյանին առաջարկելով, ասենք, Հարավ-Արեւմտյան թաղամասում նախկին ՊՏՈՒ-ի կամ Դավիթաշենում՝ ինչ-որ ճաշարանի շենք: Առաջարկները, բնականաբար, մերժվել են: Իսկ հավաքածուն հանել Գրականության թանգարանից՝ ոչ ոք չի կարող, քանի որ Հակոբ Մովսեսը հավաքածուի համար Մարկոս Գրիգորյանին ուղղված շնորհակալագրում գրել է. «ՀՀ մշակույթի նախարարությունը հավաստիացնում է, որ թանգարանային արժեքների հաշվառման եւ պահպանման գործող կարգի սահմաններում կհարգվեն Ձեր իրավունքները հավաքածուի հետագա պահպանման ու ցուցադրման հարցերը կարգավորելիս, եւ մինչեւ թանգարանի շենքի հարցի լուծումը հավաքածուի տեղաշարժ չի կատարվի առանց Ձեր համաձայնության»: Եվ հիմա նկարիչն ու իր ընկերները վախենում են, որ նախարարությունն ուղղակի սպասում է, թե երբ Մարկոս Գրիգորյանի համաձայնության կարիքը չի լինի հավաքածուի ճակատագիրը տնօրինելիս: Այստեղ առաջանում է հաջորդ լուրջ խնդիրը:

Մարկոս Գրիգորյանը եւ նրա ընկերները պնդում են, որ թանգարանն առ այսօր պետական կարգավիճակ չունի: «Բոլոր ցուցանմուշները միայն ձեռագիր մատյանի մեջ են գրանցված, որի վրա կնիք չկա, պետական հաշվառում չեն անցել եւ չեն ակտավորվել: Ճիշտ է, մենք բոլորը հաշվել, արձանագրել, համարակալել ենք, բայց կառավարական ցուցակի մեջ չի անցել, եւ եթե գնա պահեստ, կորստի կմատնվի»,- ասում է պարոն Գրիգորյանը, ով վախենում է, որ իր մահից հետո հավաքածուն կտեղավորեն ինչ-որ պահեստում, եւ ապա, քանի որ ցուցանմուշները չունեն գրանցման համարներ, դրանք ուղղակի կարող են «կորչել» եւ հետագայում հայտնվել եթե ոչ արեւմտյան աճուրդներում, ապա՝ Վերնիսաժում:

Որպես քիչ թե շատ ընդունելի տարբերակ, պարոն Գրիգորյանը գտնում է, որ կարելի է Միջին Արեւելքի թանգարանը կցել Ազգային պատկերասրահին, միայն թե հանկարծ թանգարանի ցուցանմուշները չցրեն առանձին սրահներով: Բայց Պատկերասրահի տնօրինությունը հեռակա կարգով հայտնել է, որ դրան չի կարող համաձայնել, քանզի ազատ տարածք չունի: Սրան ի պատասխան՝ որոշ մարդիկ առաջարկում են այն սրահներից գոնե մեկը, որոնցում ներկայումս տեղակայված է Միջին Արեւելքի թանգարանը, եւ որոնք պատկանում են Գրականության թանգարանին, կառավարության որոշմամբ հատկացնել Ազգային պատկերասրահին… Նկատենք, որ ընդամենը մի պատ է բաժանում թանգարանը պատկերասրահից: Սակայն կարելի է վստահ ասել, որ Գրականության թանգարանը այս լուծմանը կտրականապես դեմ կլինի, չէ՞ որ նրա կռիվը հենց տարածքների վերադարձի համար է: Իսկ Մարկոս Գրիգորյանն ասում է, որ այս տարբերակը թեեւ իր ուզածը չէ, բայց գոնե «հանգիստ շունչ կքաշի»՝ իմանալով, որ այդպես կլուծվի թանգարանի ճակատագիրը:

Փորձեցինք իմանալ նաեւ ՀՀ մշակույթի նախարարության տեսակետը: Նախարարն արձակուրդում էր, եւ նախարարության դիրքորոշումը մեզ փոխանցեց թանգարանների բաժնի վարիչ Անահիտ Գալստյանը: «Հարցը մշտապես նախարարության ուշադրության կենտրոնում է: Այո, Միջին Արեւելքի թանգարանը պետք է դուրս գա Գրականության թանգարանի տարածքից եւ ունենա իր մշտական տեղը: Գիտեմ, որ մի քանի տարածքներ առաջարկվել են Մարկոս Գրիգորյանին, բայց նա դրանք հարմար չի գտել: Ինչ վերաբերում է կարգավիճակին, ապա թանգարանի բոլոր նմուշները պետական գրանցում ունեն, պետականորեն նվիրատվություն է ձեւակերպված նախարարության եւ Մարկոս Գրիգորյանի միջեւ: Նմուշները հաշվառված են իրենց իսկ մատյանում, որը փաստաթղթային ուժ ունի, ակտավորված է: Այդ ցուցակներով էլ կատարվել է նվիրատվությունը: Թանգարանն ունի առանձին աշխատող, որը վարձատրվում է, եւ այսօր, նույնիսկ ի վնաս Գրականության եւ արվեստի թանգարանի, այդ հավաքածուն է ցուցադրվում: Դեռ հարց է, թե ով է տուժում: Մենք մտածում ենք Գրականության եւ արվեստի թանգարանի հոգսը թեթեւացնելու մասին»,- ասաց տիկին Գալստյանը: Մեր հարցին՝ «ի՞նչ հեռանկար եք տեսնում հարցը լուծելու համար», նա պատասխանեց. «Տարածքի հայթայթում, ուրիշ ոչինչ: Այդ թանգարանը որեւէ այլ թանգարանի տարածքում տեղավորվել չի կարող, քանի որ իր բնույթով որեւէ թանգարանին հարիր չէ, պիտի ունենա առանձին տարածք: Միջին Արեւելքի թանգարանը լիարժեք պահպանվում է պետության կողմից: Եվ ոչ ոք այդ թանգարանին չի ասում՝ հենց հիմա տարածքն ազատեք, դա բացառվում է: Նման մոտեցում չկա նախարարության կողմից: Ուղիներ ենք փնտրում նոր տարածք հայթայթելու համար»: Մեր հաջորդ հարցին՝ «հնարավո՞ր է, որ այդ ուղիների փնտրտուքը, տարածքի հայթայթումը տեւի եւս մի 14-15 տարի», մշակույթի նախարարության աշխատակիցը պատասխանեց. «Ես գուշակություններ անել չեմ կարող: Չգիտեմ, թե որքան կտեւի»: «Լավ, գոնե Մարկոս Գրիգորյանի կենդանության օրոք կլուծվի՞ այդ հարցը»,- կոնկրետ պատասխան ստանալու մի վերջին փորձ արեցինք: Եվ կրկին ապարդյուն: «Ոչինչ չեմ կարող ասել»,- հնչեց չինովնիկի պատասխանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել