Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանյան գիշերահավասար

Օգոստոս 23,2007 00:00

Շարունակություն

3. Ինչի՞ց սկսել

Էս հարցին ողորմածիկ Վլադիմիր Իլյիչը իր ժամանակին շատ հստակ ու տեղին պատասխան է տվել. «Համառուսաստանյան քաղաքական լրագրից»: Խոսքն, անշուշտ, հասկացաք՝ հեղափոխությանն է վերաբերում: Որի անհրաժեշտությունը, ոնց որ տեսնում եք, մեր դռանն է չոքել:

Ու, ոնց որ թե՝ անխուսափելի է այլեւս: Կամ՝ որպես իշխանափոխություն, կամ՝ դրանից հետո: Որպես դրա հետեւանք: Ու էդ համառուսաստանյան, կներեք՝ համահայաստանյան քաղաքական լրագրի խնդիրն օրակարգային է դարձյալ: Ու էսօր եղածներից յուրաքանչյուրը կարող է հավակնել էդ դերին: Հիշեցնեմ միայն, որ խոսքը ՔԱՂԱՔԱԿԱՆ լրագրի մասին է: Այսինքն՝ հստակ եւ նպատակամետ ինֆորմացիոն քաղաքականություն վարող լրագրի: Լրագրի, որը նաեւ ինքն է օրակարգ ձեւավորում-առաջարկում-պարտադրում: Լրագրի, որը խնդրի իրագործելիության հավատը կամրապնդի զանգվածների շրջանում: Լրագրի, որը ոչ թե հուսահատություն կամ ոգեւորություն կքարոզի, այլ՝ ճանապարհ ցույց կտա: Որովհետեւ առանց հավատի ոչինչ չի կայանա: Եթե մարդը հանկարծ կասկածի, որ կարող է քայլել կամ որ՝ հողը խախուտ է, կամ որ՝ դիմացն անդունդ է՝ մի քայլ էլ չի անի: Ու ճիշտ էլ կանի: Ո՞ւր անի էդ քայլը՝ դեպի անդունդ, թե՞… Մամուլի պահվածքի մի օրինակ, որն արդեն կարծես թե մի անգամ բերել եմ, բայց մի փոքր այլ ենթատեքստով: 1815թ. մարտի 1-ին Նապոլեոնը փախչում է իր աքսորավայրից՝ Էլբա կղզուց եւ մի փոքրիկ ջոկատով ափ իջնում Ժուանի նեղուցում: Դեպի Փարիզ շարժվելու ընթացքում Նապոլեոնի կողմն են անցնում նորանոր զորական ուժեր: Էն ժամանակվա պաշտոնաթերթ «Մոնիտյոր»-ը այս երեւույթի մասին միայն մեկ շաբաթ անց ու էն էլ ընդամենը երրորդ էջում գրեց. «Կորսիկացի հրեշը ափ է իջել Ժուանի նեղուցում»: Հաջորդեց հետեւյալ հաղորդումը. «Մարդակերը շարժվում է դեպի Գրասս»: Հաջորդ համարում՝ «Բռնակալը մտավ Գրենոբլ»: Եվս երկու օր անց. «Բոնապարտը գրավեց Լիոնը»: Ապա՝ «Նապոլեոնը մոտենում է Ֆոնտենբլոյին»: Եվ վերջապես՝ «Նորին կայսերական մեծությանը այսօր սպասում են իրեն հավատարիմ Փարիզում»: Ապա եւ, որպես կատարված փաստ. «Նորին կայսերական մեծությունը երեկոյան ժամը 8-ին ժամանեց իր Տյուիլրի պալատը»: Ահա այսպես: Զգացի՞ք աճող «պատասխանատվությունը»: Բոլորն էլ, ի վերջո, հաղթողների կողմն են անցնում: Ճիշտը, պարզապես, ճիշտ ժամանակին եւ ճիշտ կերպով անցնելն է:

Մարդս (հիշեցնեմ, համենայնդեպս, որ թերթերի խմբագիրներն էլ մարդ են) չի փոխվել երեւի թե իր «ծննդյան փուչ օրից»: Բայց արժե՞, արդյոք, կատարված սխալները մեկ անգամ եւս կրկնել: Ախր էդքան շատ էլ չի կյանքի ժամանակը:

Որ արդեն արված սխալները կրկնես: Ափսոս չի՞ դրա վրա ծախսվող ժամանակը: Էդ ժամանակում արդեն իսկ արված սխալները կրկնելու փոխարեն արժե նորերն անել: Չէ՞ որ դրանք առավել գայթակղիչ են:

(Շարունակելի)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել