Լրահոս
Օրվա լրահոսը

Աստղադիտարանի վարկանիշը բարձրացա՞վ

Օգոստոս 23,2007 00:00

\"\"Աստղագետների միջազգային համաժողովի շնորհիվ

Օգոստոսի 20-ին բացված JENAM (Jonit Europian and National Astronomy meeting) համաժողովը, որին մասնակցում են 300 հոգի՝ շուրջ 37 երկրներից, շարունակվելու է մինչեւ օգոստոսի 24-ը: Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, JENAM-ի տեղական կազմկոմիտեի նախագահ Արեգ Միքայելյանը «Առավոտին» երեկ հայտնեց, որ համաժողովի հիմնական կազմակերպիչներն են Բյուրականի աստղադիտարանն ու Երեւանի պետական համալսարանը: Ա. Միքայելյանը հիշեցրեց, որ հայկական աստղագիտական ընկերությունը հիմնադրվել է 2001-ին եւ Եվրոպական աստղագիտական ընկերության անդամ է: Ա. Միքայելյանի փոխանցմամբ, JENAM–ը եվրոպական եւ ազգային աստղագիտական ընկերությունների համատեղ համաժողովն է: Յուրաքանչյուր տարի միջոցառումն անցկացնելու հնարավորությունը տրվում է որեւէ եվրոպական երկրի: Իսկ թե որ երկրում պետք է այն անցկացվի, որոշվում է մրցույթի միջոցով: Երկիրը, որտեղ պետք է անցկացվի համաժողովը՝ ընտրվում է գիտական թեմատիկայի եւ միջոցառումն անցկացնելու պատրաստվածության առումով: «Ուրախ եմ, որ այս տարի JENAM-ը վստահեց Հայաստանին»:

«Առավոտի» հարցին, թե «Խորհրդային տարիներին դպրոցականներին պարտադիր տանում էին աստղադիտարան, իսկ հիմա աստղադիտարանի վարկանիշը ընկել է, ի՞նչ է արվելու այսպիսի միջոցառումների համատեքստում՝ Բյուրականի աստղադիտարանի նախկին հեղինակությունը վերականգնելու համար», Ա. Միքայելյանը պատասխանեց. «Ես համոզված եմ, որ աստղադիտարանի վարկանիշն այս օրերի ընթացքում վերականգնվեց: Բյուրականի աստղադիտարան նախկինում հաճախակի էին այցելում, իսկ այսօրվա դժվարությունը պարզապես տնտեսական է, դպրոցները չեն կարողանում ֆինանսավորել ուղեւորությունները: Ինչ վերաբերում է աստղադիտարանի վարկանիշին, ապա այն չի ընկել, պարզապես տեխնիկական հագեցվածությամբ զիջում է միջազգային կարեւորագույն ինստիտուտներին: Խոսքը հարյուրավոր սենյակների եւ բացառիկ սարքավորումների մասին է, որոնք արժեքավոր են, ու դրանք պահելու համար անհրաժեշտ է պետական հոգածություն: Իսկ պատշաճ մակարդակով պետական հովանավորություն մեր երկրում չկա: Եթե պետությունը հասկանար, որ գիտությունն է տնտեսության զարգացման հիմնական նախապայմանը, իսկ բոլոր զարգացած պետություններում դա հասկանում են, որոշ ժամանակ անց իր օգուտը կտար»:

Մեր հաջորդ հարցին, թե «Ձեզ բավարարո՞ւմ են դպրոցական աստղագիտության դասագրքերը: Դրանք մատչելի՞ են աշակերտներին: Ի՞նչ կասեք այն մասին, որ դպրոցում աստղագիտություն առարկան վերջին տեղերում է»: «Դասագիրքը կապ չունի, այն չի կարող որոշիչ լինել: Ինձ հայտնի է, որ աստղագիտություն առարկան դասավանդում են ֆիզիկայի ուսուցիչները, որոնք պրոֆեսիոնալ աստղագետներ չեն: Աստղագիտություն չեն դասավանդում: Երեխաներն էլ իրենց կցկտուր տեղեկություններով չեն կարողանում կողմնորոշվել, թե սա ինչ գիտություն է»,- ասաց Ա. Միքայելյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել