Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՌՆԱՐԱՐՔ՝ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՑ ՀԵՏՈ

Օգոստոս 23,2007 00:00

\"\"Քաղբանտարկյալներին ազատ արձակելու ակցիան շարունակվելու է

Երեկ «Երեւան» հյուրանոցում ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ իրավապաշտպան Արթուր Սաքունցը հանդիպեցին լրագրողների հետ: Առիթը՝ օգոստոսի 18-ին Համահայկական խաղերի բացման արարողության ժամանակ իրավապաշտպանների եւ ոստիկանների միջեւ միջադեպն էր: Հիշեցնենք, որ այդ օրը ոստիկանները փորձում էին խոչընդոտել ի պաշտպանություն քաղբանտարկյալների թռուցիկների տարածումը:

Զ. Փոստանջյանի ներկայացմամբ՝ կատարվածը մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է: Պատգամավորի պատմելով՝ ոստիկանները տեսնելով, որ նա եւ «Փաստաբաններ՝ մարդու իրավունքների համար» հ/կ-ի խորհրդի անդամ Սեդա Մելիքյանը թռուցիկներ են բաժանում, օղակել էին կանանց: Քիչ անց պատգամավորն ու հ/կ անդամը զգացել են, որ իրենց հետապնդում են քաղաքացիական հագուստով 5 ոստիկաններ: Ըստ Զ. Փոստանջյանի, նրանցից մեկը ներկայացրել է իր վկայականը՝ մայոր Ա. Աղաբալյան, եւ պահանջել ցույց տալ պայուսակների պարունակությունը. «Ոստիկաններից մեկը Սեդային ասում էր՝ մորքուր ջան, թռուցիկներից մի քանի հատը տվեք՝ վերադասներին ներկայացնելու համար, ես այլեւս պարտք ու պահանջ չեմ ունենա ձեզնից: Ինձ գործից կհեռացնեն, եթե չտաք»,- ոստիկանի հետ իրենց երկխոսությունը փոխանցեց Զ. Փոստանջյանը: ԱԺ պատգամավորի տեղեկացմամբ՝ անմիջապես զանգել է կուսակցության ներկայացուցիչներին, ասել ճնշումների մասին, որին հաջորդել է այն, որ պատգամավորին եւ Ս. Մելիքյանին շրջափակողների թիվն ավելացել է եւս 15-ով: Սկսվել է քաշքշուկ՝ «Սպառնում էին քացու տակ գցել մեզ, թեեւ չէին հայհոյում»,- պատմեց Զ. Փոստանջյանը: Վերջինս ոստիկանների մեջ ճանաչել է ոստիկանության Կենտրոնի բաժնի պետին եւ հետախուզության պետին, իսկ տրցակները բռնությամբ խլողներին պատգամավորը կարող է ճանաչել միայն դեմքերով: «Առավոտի» հարցին՝ թե «ոստիկաններին ասացի՞ք, որ դուք պատգամավոր եք», Զ. Փոստանջյանը պատասխանեց. «Նրանք գիտեին, որ ես ԱԺ պատգամավոր եմ: Առաջինը մոտեցած ոստիկանին զգուշացրին, որ ես պատգամավոր եմ: Երբ գնացինք մյուս կողմը, կարծում եմ՝ այնտեղ մոտեցածներն էլ շատ լավ գիտեին, թե ով եմ»: Ապա հավելեց՝ «Ինձ համար այդ սկզբունքային հարց էր: Ես այնտեղ ԱԺ պատգամավոր չէի ցանկանում ներկայանալ, այլ որպես ՀՀ քաղաքացի ուզում էի տեղեկատվություն փոխանցել մեկ այլ քաղաքացու, որի իրավունքը սահմանադրորեն ունեմ»:

Զ. Փոստանջյանի փոխանցմամբ՝ ոստիկանությանը հայտարարություն տալու հաջորդ օրը ինքը դատաբժշկի ուղեգիր է ստացել եւ զննվել նրա կողմից (մարմնին կապտուկներ են եղել), որի եզրակացությունը դեռեւս հայտնի չէ:

Նշենք նաեւ, որ թռուցիկներ եւ մի շարք քրգործերի փաստաթղթեր պարունակող փաստաբանի «քրքրված» պայուսակը վերադարձվել է: Զ. Փոստանջյանը հայտնեց, որ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի քրգործին վերաբերող վերաքննիչ դատարանի վճիռը անհետացել է:

Ասուլիսին ներկա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պատասխանատու Արթուր Սաքունցը կատարվածի շուրջ ընդգծեց, որ իրավապաշտպանների գործողություններում չկա որեւէ արարք, որը կարելի է որակել հասարակական կարգի խախտում: Իրականում, ըստ նրա, կանխվել են մարզադաշտում տարածվող «քաղբանտարկյալներին» վերաբերող թռուցիկ-կոչերը: «Միջոցառմանը մասնակցում էր նաեւ նախագահ Ռ. Քոչարյանը: Ուր լինում է նա, ապա նրա շրջապատում ցանկացած այլ գործողություն, որ չի մտնում նրա սցենարի մեջ, արդեն վտանգավոր է սահմանադրական գործողություն իրականացնող մարդկանց համար»,- հայտարարեց Ա. Սաքունցը:

«Ժառանգության» մեկ այլ ներկայացուցիչ՝ Վարդան Խաչատրյանն էլ պնդեց, որ այդ ակցիայով իրավապաշտպանները Սփյուռքի ուշադրությունն են հրավիրել հայաստանյան իրողությունների վրա:

Ա. Սաքունցը տեղեկացրեց, որ Համահայկական խաղերի փակման ժամանակ ավելի հստակ կազմակերպված եւ մեծաքանակ թռուցիկներով ակցիա են կազմակերպելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել