Լրահոս
Օրվա լրահոսը

Նմանակում էր ուկրաինական օղուն

Օգոստոս 23,2007 00:00

«Սալեքս գրուպը» կրկին տուգանվեց

«Մի 6 ամիս առաջ 200 հատ «Ուկրաինսկայա վոդկա» լոգոտիպով պիտակներ ենք տպել, երեւի սխալմամբ էդ պիտակներով օղին շուկա է հանվել: Շատ շնորհակալ կլինենք, եթե չտուգանեք մեզ դրա համար»,- երեկ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նիստի ժամանակ «Էրեբունի ալկո» ընկերության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանն այսպես համոզում էր հանձնաժողովի անդամներին, որ ուկրաինական օղու ապրանքանիշին նմանեցված պիտակներով իրենց օղիները շուկայում են հայտնվել բոլորովին պատահաբար: «Էրեբունի ալկոյի» արտադրած այդ օղին, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության «Ստանդարտների ազգային ինստիտուտի» տվյալներով՝ գրանցված չէ եւ համապատասխան սերտիֆիկատ չունի, սակայն դարձյալ «սխալմամբ» դրանց պիտակների վրա առկա է սերտիֆիկատի մասին գրառում: Հանձնաժողովի մասնագետների կարծիքով՝ «Էրեբունի ալկոյի» օղիները շփոթության աստիճանի նմանեցված են «Ուկրաինսկայա վոդկայի» արտադրանքին, ուստի «Էրեբունի ալկոյին» տուգանեցին 500 հազար դրամով: Հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը Հովհաննես Մարգարյանին խորհուրդ տվեց առավելագույն շահ ստանալու փոխարեն մտածել բարեխիղճ մրցակցություն ապահովելու մասին:

Հանձնաժողովը տուգանեց նաեւ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Սալեքս գրուպ» ընկերությանը: «Սալեքսի» արտադրած «Խլոպցի» օղու արտաքին ձեւավորումը՝ շիշը, խցանն ու պիտակը, նույնպես նմանեցված էին ուկրաինական «Իմիջ գրուպ» ընկերության «Խորտիցա» ապրանքանշանին: Բացի այդ խախտումից, «Սալեքսը» նաեւ շուկա էր հանել չգրանցված օղիներ՝ «Մոսկովսկայա», «Գժելկա», «Ստարայա Ստոլիցա» անուններով: Քանի որ այս տարվա ընթացքում արդեն 2-րդ դեպքն է, որ հանձնաժողովը «Սալեքսը» խախտել է տնտեսական մրցակցության մասին օրենքը՝ հանձնաժողովն ընկերությանն այս անգամ տուգանեց ոչ թե 500 հազար, այլ՝ 1 միլիոն դրամով:

«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ-ն հանձնաժողովին բողոք էր ներկայացրել՝ ընդդեմ «ԱրմենՏելի»: Ըստ հ/կ-ի, «ԱրմենՏելն» «իզի» քարտերի հեռուստատեսային գովազդում ասում է, որ բոլոր զանգերն ու հաղորդագրություններն արժենալու են ընդամենը 3 դրամ, այնինչ՝ իրականում խոսելն ու sms ուղարկելն ավելի թանկ է նստում բաժանորդների վրա: «ԱրմենՏելի» ներկայացուցիչը բացատրեց, որ գովազդում խոսվել է միայն նոր գնվող «իզի» քարտերի մասին, իսկ արդեն օգտագործվողներին դա չի վերաբերում: Այդ մասին հեռուստաէկրանների վրա նաեւ մանր տառերով նշվել է: Հանձնաժողովը, հիմնավոր համարելով բացատրությունը՝ «ԱրմենՏելին» չտուգանեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել