Պարզվեց, որ Աշոտ Ղահրամանյանը «ստրոգի» մարզպետ է
Երբ Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանն ազատվեց իր պաշտոնից, մարզի գրեթե բոլոր գյուղապետերն ու նրա աշխատակիցները բառացիորեն սգում էին նրա հեռացումը՝ ասելով, որ Արմավիրն առանց նրա չեն պատկերացնում: Սակայն առայժմ ամիսներ են անցել մարզպետի փոփոխությունից, եւ գյուղապետերը ոչ միայն Արմավիրը շատ էլ լավ պատկերացնում են առանց Հերոյանի, այլեւ հիմա էլ նույն «նվիրումով» աշխատում են ներկայիս մարզպետի՝ Աշոտ Ղահրամանյանի համար:
Օրինակ, «Առավոտի» հետ զրույցում Արեւադաշտի գյուղապետ Վաչիկ Ասատրյանը, համեմատելով հին եւ նոր մարզպետներին՝ սարերի տարբերություն տեսավ նրանց միջեւ: Ըստ նրա, Ա. Հերոյանը խստապահանջ չէր, եթե գյուղապետերն աշխատում էին, մի լավ գործ էին անում՝ ոչ մի տեղ դա չէր երեւում: Մինչդեռ Ա. Ղահրամանյանը գործի մարդ է. «Նրա օրոք գյուղապետերն ավելի զգոն են, ավելի շատ պարտականություն ենք մեզ վրա վերցնում, քան նախկինի օրոք: Հերոյանի ժամանակ, ճիշտ է, ավելի հեշտ էր, բայց իր ասածները, հրամաններն ուրիշ ձեւ էին ընկալվում՝ թեթեւ: Ղահրամանյանի օրոք ամեն ինչ «ստրոգի» է, նոր զգում ենք մարզպետի պահանջկոտությունը: Իմ կարծիքով, գյուղացիական ոլորտում աշխատելու համար պետք է քայլենք ժողովրդի պայմաններից ու հնարավորություններից ելնելով, այն ժամանակ մի գործ էին անում՝ չէր երեւում, հիմա մի ստից գործ էլ որ անում ենք՝ ասում են, այսօրվա արածներս ավելի լավ է արձագանքվում, քան առաջ, ես ողջունում եմ, որ ամեն մի պաշտոնյա զգաստ լինի իր աշխատանքում, ազնիվ լինի»:
«Առավոտը» հետաքրքրվեց՝ ինչո՞ւ գյուղապետերի հետ «ստրոգի» չի եղել: Պարոն Հերոյանն այդ գնահատականի հետ համաձայն չէ. «Ընդհակառակը, աշխատանքի մեջ ես շատ պահանջկոտ եմ եղել, որ գյուղապետը նման բան է ասել իմ մասին՝ չարաչար սխալվել է»:
Հիշեցնենք, որ մարզպետարանը լքելուց հետո Ալբերտ Հերոյանը մեր թերթին տված հարցազրույցում ասել էր, որ այդուհետեւ ինքը զբաղվելու է թոռների դաստիարակությամբ: Երեկ նախկին մարզպետից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս են ընթանում դաստիարակման աշխատանքները. «Իմ թոռներին դաստիարակել պետք չէ, նրանք օրորոցի մեջ էլ դաստիարակված են եղել»,- պատասխանեց պարոն Հերոյանը: Նա այժմ իրեն նվիրել է միայն ընտանիքին ու հողագործությանը՝ խաղողի եւ պտղատու այգիներ է մշակում:
Փոխարենը՝ բուռն «մարզպետական» գործունեությամբ է զբաղվում Աշոտ Ղահրամանյանը: Նա «Առավոտի» հետ զրույցում մեկ առ մեկ պատմեց, թե ինչ ծրագրեր է իրականացնում մարզում ու մի քանի ամիսների ընթացքում ինչ հաջողությունների է հասել: Օրինակ, ի տարբերություն Հերոյանի, նա բոլոր գյուղապետերից հաշվետվություն է պահանջում: Գյուղապետերը պետք է ժամանակ առ ժամանակ ներկայացնեն իրենց կատարած աշխատանքները, թե ինչքան հարկ են հավաքել եւ ինչ անելիքներ ունեն: «Առաջընթացն ակնհայտ է, խնդիրներին ժողովուրդն ըմբռնումով է մոտենում, որովհետեւ տեսնում է, թե ինչ քայլերով ենք առաջ գնում»,- նշեց Աշոտ Ղահրամանյանը: Նա հավաստիացրեց, որ «1-2 տարի հետո մարզում քարուքանդ փողոց էլ չի լինի, 3-4 տարի անց այլեւս չգործող մշակույթի տուն չենք ունենա, իսկ ոռոգման խնդիրն էլ ընթացքում կլուծվի»: Պարոն Ղահրամանյանը մարզի փողոցները մտադիր է ասֆալտապատել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի միջոցներով, մնացած հատվածների ճանապարհաշինությունը՝ «Եվրասիա» հիմնադրամի փողերով, իսկ մշակույթի տների ու դպրոցների վերանորոգման ծախսերն էլ հույս ունի, որ կհոգա Սոցներդրումների հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Բացի այդ, ներկայիս մարզպետը պատրաստվում է հոկտեմբերի վերջին հրավիրել արտերկրում ապրող բոլոր արմավիրցի բիզնեսմեններին ու համոզել նրանց մարզում ներդրումներ կատարել. «Կարելի է նրանց միջոցներով մեքենատրակտորային կայաններ ստեղծել, որ այդ կայաններն իրենց տարածքի գյուղացիներին կարողանան սպասարկել: Դա մեծ օգնություն կլինի գյուղացիներին»:
Ներկայումս Արմավիրի մարզը բերքի իրացման հետ կապված լուրջ խնդիրներ ունի: Թեեւ գյուղնախարարության պաշտոնյաները պնդում են, որ նախորդ տարվա համեմատ մի քանի անգամ գերազանցվել են բերքի մթերման ծավալները, սակայն ինքը՝ մարզպետն էլ դժգոհեց, որ իրենց մարզի բնակիչները ոչ մի կերպ չեն կարողանում բանջարեղենն իրացնել. մասնավորապես, արմավիրցիները լոլիկի իրացման հետ կապված խնդիրներ ունեն. «Հույս ունենք, որ մոտ ժամանակներս գյուղմթերքների մշակման նոր ձեռնարկություն կբացենք եւ մեկ-երկու տարի հետո մթերքների իրացման այսպիսի պրոբլեմներ չենք ունենա, որովհետեւ հիմա մարզում պոմիդոր միայն ՄԱՊ գործարանն է ընդունում, սակայն նրա հնարավորություններն էլ օրական 160-180 տոննա է, այդքան է կարողանում ընդունել, արդեն պայմանավորվել եմ Արտաշատի պահածոների գործարանի տնօրենի հետ, որ մեր գյուղացիները գոնե կիլոգրամը 25 դրամով պոմիդորն այնտեղ հանձնեն»: