Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-Ը ԼԻՆԵԼՈՒ Է ՇԱՏ ԱԿՏԻՎ

Օգոստոս 23,2007 00:00

Երեկ «Հայացք» ակումբում ՕԵԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ այսուհետ եւս լինելու է «շատ ակտիվ» եւ նախապատրաստվելու է նախագահական ընտրություններին:

Հեղինե Բիշարյանը տեղեկացրեց, որ ՕԵԿ-ը, չնայած իր փոքրաթիվ (8 մարդ) պատգամավորական խմբակցությանը, արդեն 2 օրենսդրական նախաձեռնություն ունի: Նախագահական ընտրությունների մասով տիկին Բիշարյանը չթաքցրեց. «ՕԵԿ-ը մասնակցելու է, ակտիվ է լինելու»: Տիկին Բիշարյանը ասաց, որ առայժմ հանդիպումներ են տեղի ունենում տարբեր քաղաքական ուժերի հետ, եւ առաջիկա հանդիպումից հետո ՕԵԿ-ն այդ մասին կխոսի: «Ազատություն» ռ/կ-ի թղթակիցը հետաքրքրվեց՝ արդյոք ՕԵԿ-ը միայն ընդդիմադի՞ր ուժերի հետ է բանակցում, թե՞ լինում են հանդիպումներ նաեւ իշխանական ուժերի, ասենք՝ Դաշնակցության հետ: Տիկին Բիշարյանը տեղեկացրեց, որ առայժմ հանդիպումներ են լինում միայն ընդդիմադիր ուժերի հետ. «Իսկ նախագահական ընտրությունների նախաշեմին, եթե քաղաքական դաշտում կլինեն այնպիսի փոփոխություններ, որ նոր ձեւավորումներ կառաջանան, այդ դեպքում ոչինչ չեմ բացառում»:

ՕԵԿ փոխնախագահը անդրադարձավ նաեւ ՕԵԿ-ի դեմ ուղղված սեւ քարոզչությանը. «Մամուլը գրում է մի բան, հեռուստատեսությունը սկսում է կարդալ՝ ՕԵԿ-ի շարքերը լքում են եւ այլն: Որեւէ բարոյալքում ՕԵԿ շարքերում չկա: Բոլորը հստակ գիտեն, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը իր որակով, իր տեսակով, իր դեմոկրատ հայացքներով երիտասարդ, բանիմաց քաղաքական գործիչ է, եւ բոլոր հարվածները, սեւ PR-ը կատարվում են զուտ դրա համար: Մեր քաղաքական դաշտում մեկ ուրիշ քաղաքական գործիչ, որին կարելի է համեմատել Արթուր Բաղդասարյանի հետ, չկա: Ես ասում եմ իմ կարծիքը, եւ ամենից կարեւորը՝ ժողովուրդն է տալիս այդ գնահատականը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել