Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղապետն ինքնապաշտպանվում է

Օգոստոս 23,2007 00:00

\"\"Նաեւ՝ ոստիկանների օժանդակությամբ

Կիրակի օրը Արարատի մարզի Այգեստան գյուղում տեղի են ունեցել գյուղապետի ընտրություններ: Առաջադրված էր հինգ թեկնածու, այդ թվում՝ Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանի եւ ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի հովանավորությունը վայելող եւ գործող գյուղապետ Սերգեյ Գեղամյանը, որը չորրորդ անգամ էր առաջադրվել որպես թեկնածու, եւ 4 այլ անկուսակցականներ՝ Գագիկ Թամրազյանը, Զոհրակ Լեւոնյանը, Սարգիս Ռաշիդյանը եւ ՀՀ գլխավոր դատախազի նախկին օգնական Սոկրատ Հովսեփյանը: Ընտրությունների պաշտոնական տվյալներով, արդեն չորրորդ անգամ գյուղապետ է ընտրվել Ս. Գեղամյանը:

Այգեստանցիները երկու օր առաջ եկել էին մայրաքաղաք՝ երկրի բարձրագույն իշխանությանը տեղեկացնելու, որ իրենք չեն ճանաչում այդ ընտրությունների արդյունքները, որ ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ օրինախախտումներ, ահաբեկումներ կոնկրետ մի թեկնածուի՝ նույն Ս. Գեղամյանի ու նրա թիմակիցների կողմից: Երեկ մեր թղթակիցն այդ գյուղում էր: Գյուղացիները շարունակում են ընդվզել ու արդար ընտրություններ են պահանջում՝ հայտարարելով, որ գործող գյուղապետն արդար ընտրություններով չի ընտրվել: Այգեստանցիները պահանջում են չեղյալ համարել ընտրություններն ու նոր ընտրություններ նշանակել: Գյուղապետի մյուս թեկնածուները մտադիր էին այսօր գալ Երեւան եւ իրենց բողոքներն ու ապօրինությունների կոնկրետ փաստերը ներկայացնել հե՛նց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

Իսկ մինչ այդ՝ երեկ, թեկնածուներից երկուսը՝ Գ. Թամրազյանն ու Ս. Հովսեփյանը մեզ ցույց տվեցին քվեարկության համար նախատեսված շուրջ 400-ի հասնող կնքված ծրարներ, որոնք օրենքով սահմանված կարգով նախատեսված են քվեաթերթիկների համար, բայց անհայտ հանգամանքներում եւ ապօրինաբար չեն փաթեթավորվել եւ չեն կցվել քվեարկության արդյունքների պարկերում: Գյուղացիներն ասում են, որ իրենց Հովիկ Աբրահամյանի դրածո գյուղապետ պետք չէ, եւ հայտարարում էին, թե Ս. Գեղամյանին իրենց վզին փաթաթել են որպես պատիժ այն բանի համար, որ ս.թ. մայիսի 12-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ժամանակ այգեստանցիների 70 տոկոսը, նույնիսկ պաշտոնական տվյալներով, ընտրել էր ոչ թե նախարարի եղբորը՝ ԱԺ պատգամավոր Հենրիկ Աբրահամյանին, այլ ընդդիմադիր գործիչ Գրիշա Վիրաբյանին:

Ու քանի որ այս օրերին գյուղում անհանգիստ ու լարված վիճակ է՝ գյուղապետը իր դեմ հնարավոր բողոքներից եւ ոտնձգություններից պաշտպանվելու համար բառացիորեն կողպեքի տակ է պահում ոչ միայն գյուղապետարանի շենքը, այլեւ իր տունն ու դրա հարեւանությամբ գտնվող եւ իրեն պատկանող երկհարկանի շինությունը՝ խանութն ու հյուրանոցը: Դրանք հիմա տեղի ոստիկանների հսկողության տակ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել