Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԸ ՎԵՐՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՃՈՒՅՔՈՎ

Օգոստոս 23,2007 00:00

Թիվ 15 ընտրատարածքում օգոստոսի 26-ին կայանալիք պատգամավորի ընտրությունից առաջ թե՛ փող է բաժանվում եւ թե՛ անձնագրեր են հավաքվում:

Այս ամռանը Թալինի, Արագածոտնի եւ Արմավիրի մեկ տասնյակից ավելի գյուղերի եւ նույն տարածքի մի քանի փոքր քաղաքների բնակիչները կրկին ապրում են ընտրություններով։ Առաջիկա կիրակի օրը կայանալիք թիվ 15 ընտրատարածքի պատգամավորի «երկրորդ» ընտրությունը պետական բյուջեից կպահանջի եւս 22 միլիոն դրամի ծախս:

«Դե, էդ փողերը թող մի կարգին գործի մեջ դնեին, աշխատելու տեղ տային, թե չէ՝ իրենք որոշում են, իրենք ծախսում են, եղա՞վ, դրանով քանի՞ ընտանիք իր ձմեռվա հարցերը կլուծեր»,- չգիտես ինչու, ինձ էր հարցնում մի մարդ, որն ակնհայտորեն նախկինում բանաստեղծ էր եղել, քանի որ հանգերով էր խոսում: Անունը չասաց. «Իմանաս, որ վրես մարդ բերե՞ս»,- սա եղավ ծանոթանալու իմ առաջարկին թալինցի «մտավորականի» պատասխանը: Նախապես ասեմ, որ մեր զրուցակիցների անունները միտումնավոր չենք հրապարակելու, քանի որ մարդիկ ուղղակի չեն ուզում գլխացավանքի տակ ընկնել. «Կանչելու են, վախեցնեն, հավե՞ս ունեմ, դու քո գործն անելու ես, գնաս, բայց մենք մնալու ենք»: Բայց տեղեկություններ տալիս էին, եւ դրանից հասկանալի էր, որ, իրոք, անձնագրեր հավաքվում են, ընտրակաշառք բաժանվում է:

Հիմնական թեկնածուների՝ Խաչիկ Մանուկյանի եւ Մնացական Մնացականյանի նախընտրական շտաբներում ամենեւին էլ չզարմացանք, երբ աշխատակիցները հերքեցին, որ անձնագիր են հավաքում կամ մարդկանց ընտրակաշառք են բաժանում: Չզարմացանք նաեւ, երբ յուրաքանչյուր շտաբ իր մրցակցին համարեց անձնագրեր հավաքող եւ ընտրակաշառք բաժանող: Բա հո չէի՞ն ասելու, որ իրենք են ապօրինություններ անում:

Իրենք չասացին, բայց մեզ հանդիպած ընտրողները, ճիշտ է՝ անունները չհրապարակելու պայմանով, բայց ասում էին, որ իրենց համար այս տարին ինչ-որ չափով նաեւ հաջող էր: «Տալիս են, փողից-բանից, թող տան, ինչի՞ չվերցնեմ»,- ասաց գետաշենցի մի մարդ, որը եկել էր Թալին «հենց էդ գործերով»:

Ի դեպ, մայիսի ընտրություններից հետո հենց նույն Գետաշենի ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահը պատասխանատվության ենթարկվեց ընտրակեղծիքների համար: Անձնագրեր են հավաքում նաեւ Արագածավանում, Թալինում, գյուղերի մեծ մասում: Ըստ վկայությունների՝ «անձնագրերը հավաքում են, բայց ընտրակաշառքը դեռ չեն տալիս, ասում են՝ կիրակի առավոտ կգնաք, կընտրեք Խաչիկին, դուրս կգաք, փողը կտանք»,- ընտրական «տեխնոլոգիաները» մեզ համար մանրամասնեց Ա. Ս. անուն-ազգանվամբ մի կին: Ասում էին նաեւ, որ բոլոր հիմնարկների պետերը՝ էլցանցի պետից սկսած, զբաղված են Խաչիկ Մանուկյանի քարոզչությամբ եւ աշխատում են նրա օգտին:

Իսկ Խաչիկ Մանուկյանի շտաբում մեզ ասացին, որ ոչ թե իրենք են անձնագրեր հավաքում, այլ՝ իրենց մրցակիցները: Հետաքրքրվեցինք, օրինակ՝ թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը նման բան անո՞ւմ է: Ծիծաղեցին: Պարզվեց, Խաչիկ Մանուկյանի շտաբին մրցակիցները «նեղում» են, բողոքեցին, որ գիշերը իրենց մեքենաների անվադողերն են ծակում կամ՝ իրենց թեկնածուի նկարի վրա ներկ են լցնում:

Խաչիկ Մանուկյանի շտաբում վստահեցրին. «Նման բան գոյություն չունի, կարող եք բնակիչներին հարցնել: Թող անուններ ասեն, մի անուն ասեք, ես ձեզ վստահեցնում եմ, որ այդպիսի բան գոյություն չունի, խնդրում եմ, բերեք գոնե մեկ փաստ, որ անձնագիր է գտնվում մեր շտաբում: Այդպիսի ահազանգեր մենք էլ ենք ստացել, մենք էլ ենք որոշակի միջոցներ ձեռնարկել, որ արգելք հանդիսանանք: Այդպիսի դեպքեր կան, թե ինչու են կապում մեզ հետ, դա, իհարկե, հասկանալի է, որովհետեւ ցանկացած սոցիոլոգիական հարցում, թե մեր կողմից, թե այլ աղբյուրների կողմից կատարված, վստահեցնում է, որ առաջին տեղում Խաչիկ Մանուկյանն է, իսկ առաջին տեղի մարդուն ամենից շատ են հարվածում»:

ՀՅԴ թեկնածու Գուրգեն Շահինյանի՝ Թալինի տարածքային նախընտրական շտաբի պետ Արտակ Սարուխանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն անձամբ անձնագրեր հավաքելու դեպքեր չի տեսել եւ չտեսած բանի մասին չի կարող խոսել. «Ամեն մի շտաբ մի խայծ է գցում, համենայնդեպս, ես անձամբ իմ աչքով չեմ տեսել»:

Սակայն մենք պարզեցինք, որ նույն Դաշնակցության որոշ ղեկավարներ «տեսել են» եւ այդ թեմայով զրուցել Խաչիկ Մանուկյանի հետ՝ վերջինիս խնդրելով, որ նման բաներ չանի: Իսկ Խաչիկ Մանուկյանը իր հերթին հայտարարել է, որ Դաշնակցությունն է անձնագրեր հավաքում:

Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանի շտաբում մեզ տեղեկացրին, որ «եւ ընտրակաշառք է բաժանվում, եւ անձնագրեր են հավաքվում»: Որպես ընտրակաշառք՝ շրջանառվում է 10-15 հազար դրամը, ոմանք սպասում են, որ Թալինում այն կհասնի մեկ ձայնի դիմաց՝ 100 ԱՄՆ դոլարի: Մնացականյանի նախընտրական շտաբի պետը մեզ տեղեկացրեց. «Մենք մաքուր ընտրապայքարի մեջ ենք մտել, եթե այսօրվա իշխանությունները նպատակ չունեն խանգարելու, թող վերահսկեն մեր ընտրությունները, թող ապահովեն այդ արդարությունը: Մենք այս իշխանության մարդն ենք, եւ չեմ կարծում, որ հարկ կա որեւէ մեկին ճնշման տակ դնել»:

Ի դեպ, թալինցիներին բավականին արտասովոր է թվացել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի նախընտրական քարոզարշավը: Պատմում էին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը իր նախընտրական այցերի ընթացքում գյուղի խանութ էր մտնում, «պրյանիկ եւ կորժիկ» էր գնում, հետո էլ կոնֆետներ եւ բաժանում էր գյուղի փողոցներում իրեն հանդիպած երեխաներին. «Էդ էլ էդ մարդու ընտրակաշառքն է»:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031