Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«ՄԵՏԵԼԻՑՅԱՆ» ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օգոստոս 23,2007 00:00

Իսկ իշխանությունը, բանակցությունների մասնակիցներից մեկի ասելով, խուճապի մեջ է

Հուլիսի վերջին տասնօրյակում «Մետելիցա» սրճարանում ընդդիմադիր մի քանի կուսակցությունների առաջնորդների՝ Արտաշես Գեղամյանի, Ստեփան Դեմիրճյանի, Արթուր Բաղդասարյանի, Արարատ Զուրաբյանի, «Ժառանգության» քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանի, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի եւ Աշոտ Մանուչարյանի մասնակցությամբ 2008թ. նախագահական ընտրություններին միասնական ճակատով հանդես գալու շուրջ սկիզբ առած բանակցությունները շարունակվում են: Սա այն պարագայում, երբ ընդդիմադիր դաշտում զուգահեռաբար ընթանում են այդ բանակցություններին չմասնակցող առանձին կուսակցությունների միավորման բանակցություններ: Այս պարագայում որքանո՞վ են արդյունավետ «մետելիցյան» բանակցությունները: Մեր այս հարցին ի պատասխան՝ դրանք նախաձեռնողներից մեկը, որը չցանկացավ իր անունը հրապարակել, հավաստիացրեց. «Շատ հզոր եւ թելադրող օբյեկտիվ հանգամանքներ կան, որոնք դուրս են մարդկանց ցանկություններից, եւ որոնք պարտադրում են, որ լինեն ընդդիմության միասնական գործողություններ»: Ըստ նրա, այդ գործողությունների ուղղությամբ սկսված բանակցությունները՝ անկախ որեւէ այլ ձեւաչափով ընթացող կամ նախատեսվող համագործակցությունից, արդյունավետ կլինեն եւ ընդդիմության միասնությունը կկայանա, եթե «հիմնական եւ շատ նեղ շրջանակների խաղացողների՝ տառացիորեն 1-2 մարդու, գործունեության մեջ կոպիտ սխալներ չլինեն: Ես նկատի ունեմ այնպիսի միասնությունը, որը բավարար կլինի, որպեսզի հակառակ կողմը՝ իշխանությունը, դիմակայելու որեւէ հնարավորություն չունենա, եւ որի դեպքում ընդդիմադիր դաշտը ջախջախիչ առավելություն կունենա իշխանության նկատմամբ»:

Բանակցությունների այլ մասնակիցներ եւս փաստում են, որ իրենց հանդիպումների միտումները խոստումնալից են, թեեւ, ինչպես հասկացանք, միասնական ճակատով հանդես գալու դեմ առարկություններ չունենալով հանդերձ՝ միասնական թեկնածուի ընտրության հարցում էլի որոշակիություն չկա: Իսկ որոշակիությունը նրանք պայմանավորում են «ստեղծված ներքաղաքական իրավիճակում ընդդիմադիր դաշտի համախմբման գործում օբյեկտիվ պատճառներով հանգուցային դերակատարում ստացած մարդկանց սկզբունքայնությամբ եւ անսխալականությամբ»: Ընդ որում, մեր զրուցակցի ասելով, այդ «հանգուցային դերակատարում» ունեցող մարդկանց թվում չեն ո՛չ Արտաշես Գեղամյանը, ո՛չ Ստեփան Դեմիրճյանը եւ ո՛չ էլ Արթուր Բաղդասարյանը:

«Դուք կարող եք թվարկված մարդկանց հանգուցային դերակատար համարել, եթե խոսքը լիներ մի 5 տարի առաջ տեղի ունեցած գործընթացների մասին: Բայց այսօր նրանց մասին խոսք չկա»,- հայտարարեցին բանակցություններին մասնակցող մեր զրուցակիցները՝ հրաժարվելով նշել, իրենց ձեւակերպմամբ, այդ «հանգուցային» գործիչների անունները: Մի խոսքով, խորհրդավորությունը «մետելիցյան» բանակցությունների շուրջ շարունակում է պահպանվել:

Ու քանի որ մեր սակավախոս զրուցակիցների հետ ռեբուսներով ինչ-որ բան պարզելը դժվար էր, փորձեցինք ճշտել, թե արդյոք ընդդիմության համախմբման եւ միասնական թեկնածուի փնտրտուքի հարցում «հանգուցային խաղացող» է հատկապես ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը: Արդյոք նրա առաջադրման մասին շրջանառվող տեղեկությունները խանգարո՞ւմ, թե՞ նպաստում են ընդդիմադիր դաշտի միավորմանը: Մեր այս հարցը շրջանցվեց: Փոխարենը բանակցությունների խոհանոցին քաջատեղյակ գործիչներից մեկը հայտարարեց. «Այսօր քաղաքական դաշտում մեծ մասը հստակ տեսակետ ունի միասնական թեկնածուի հարցում, եւ դրանից ելնելով է, որ ասում ենք՝ կան հանգուցային դեմքեր»:

Ընդդիմադիր դաշտի՝ գոնե «մետելիցյան» բանակցությունների մասնակիցների շրջանում տպավորություն կա, որ «իշխանական թեւում այսօր շփոթ է տիրում, թեեւ իշխանությունները փորձում են կեցվածք ընդունել, թե բոլոր հարցերը լուծված են, խնդիր չունեն: Իրականում մեծ խուճապ կա իշխանական դաշտում՝ ընդդիմության դաշտում տեղի ունեցող գործընթացի հետ կապված, եւ դա հիմնավորված խուճապ է»:

Ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյան-Վազգեն Մանուկյան առայժմ զուտ տեսական համագործակցության հեռանկարին, ապա ընդդիմության՝ միասնական թեկնածուի շուրջ բանակցություններ վարող գործիչներից ոմանք համարում են, որ այդ տանդեմը միանգամայն հնարավոր է եւ կենսունակ կարող է լինել. «Նրանց հարաբերություններում պրոբլեմները շատ են, թեեւ իրականում ոչ մի լուրջ պրոբլեմ չկա: Այսօրվա դրությամբ, իրոք, շատ կարեւոր համագործակցություն է՝ անկախ նրանից, թե այդ հարաբերություններում ով ինչ դերակատարում կստանա»:

«Մետելիցյան» բանակցությունների մասնակիցներից որոշների մատուցմամբ, այդ բանակցությունները շարունակվելու են, չնայած այդ ձեւաչափում նոր ուժերի համալրում առայժմ չկա, իսկ կորուստները չեն բացառվում, ասենք, օրինակ՝ ի դեմս Պարույր Հայրիկյանի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել