Երեկ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամներին:
Գագիկ Ծառուկյանը նրանց հրավիրել էր՝ ծանոթանալու համաշխարհային կոմիտեի ապագա աշխատանքներին եւ իր ունեցած հնարավորությունների սահմանում աջակցելու, որպեսզի Համահայկական հաջորդ խաղերը լինեն ավելի կազմակերպված ու անցնեն ավելի բարձր մակարդակով:
Ողջունելով հյուրերին՝ ՀԱՕԿ-ի նախագահը Խաղերի անցկացումը կարեւորեց ինչպես աշխարհով մեկ սփռված հայության, հատկապես՝ երիտասարդների միավորման, այնպես էլ Հայաստանում սպորտը զարգացնելու առումով: «Սրանք, ըստ էության, համահայկական օլիմպիական խաղեր են,- ասաց նա:- Եվ մենք ուրախությամբ տեսնում ենք, որ Խաղերը տարեցտարի նոր թափ են հավաքում: Բայց, անշուշտ, Համահայկական խաղերը կազմակերպական առումով որոշակի թերություններ էլ ունեն: Ես ձեզ այսօր հրավիրել եմ նաեւ այդ հարցերի շուրջ զրուցելու նպատակով: Դուք անպայման վրիպումներ նկատած կլինեք: Ասեք դրանք, լուծումների տարբերակներ առաջարկեք, որպեսզի միասին մտածենք դրանք հետագայում վերացնելու մասին: Սկսած 1-ին խաղերից, մենք բազմաթիվ օրինակներ ունենք, թե ինչպես աշխարհի տարբեր ծագերում ապրող հայ երիտասարդները, ծանոթանալով այստեղ՝ Հայաստանում, ընտանիք են կազմել, մյուսները նամակագրական մշտական կապ են պահպանում, այցելում են միմյանց: Դա չի կարող չուրախացնել: Ես ուզում եմ, որ մենք միասին անենք ամեն բան, որպեսզի մեր երիտասարդներն ավելի կապվեն հայրենիքին, ավելի շատ սիրեն այն, քանի որ կարոտը բոլորի սրտերի մեջ կա»:
Առաջարկություն եղավ օլիմպիական խաղերի մայրաքաղաքների օրինակով Երեւանում կամ նրա մերձակայքում մարզական ավան կառուցվի, որպեսզի մարզիկները բնակվեն մեկ տեղ, իրար հետ ավելի շատ շփվեն, այլ ոչ թե՝ քաղաքով մեկ սփռված հյուրանոցներում կամ վարձակալված բնակարաններում: Ավանի առկայությունն օրակարգից կհանի կազմակերպչական մի ամբողջ շարք խնդիրներ, ինչպես նաեւ կարող է հետագայում բազմապատկել մասնակիցների քանակը:
Գագիկ Ծառուկյանը հավանություն տվեց գաղափարին: «Ես կդիմեմ երկրի նախագահին ու կառավարությանը եւ վստահ եմ, որ համապատասխան հողհատկացում եւ ֆինանսական աջակցություն կլինի,- ասաց նա: -Բայց մինչ այդ, դուք ձեր միջից խորհուրդ կամ հանձնաժողով ստեղծեք, կազմեք համապատասխան ծրագիր, թե ի՞նչ է հարկավոր անել: Աշխարհով մեկ սփռված հայության հոծ զանգված ունենք: Կարծում եմ, ներածի չափով նյութական ներդրում կատարելու ցանկություն ունեցողներ կլինեն: Իսկ ես հայտարարում եմ. ժամանակը որ գա, ամենամեծ ներդրումը ես կկատարեմ: Այդ ավանը Խաղերի ժամանակ թող տրամադրվի մարզիկներին, իսկ դրանց միջեւ ընկած ժամանակահատվածում ծառայի որպես մարզական միջոցառումների եւ զբոսաշրջության համալիր կենտրոն: Այդպես այն կկարողանա ինքն իրեն պահել»:
Հյուրերից մեկը նկատեց, որ որոշ մարզաբազաներում դահլիճների վիճակը վատ է, իսկ պետքարաններն այնքան անմխիթար վիճակում են, որ մասնակիցներն ու հանդիսականները պարզապես խուսափում են դրանցից օգտվել: Դա վնասում է խաղերի հեղինակությանը:
«Դիտողությունը տեղին է,- պատասխանեց ՀԱՕԿ-ի նախագահը:- Այդ եւ երեւացող մյուս թերությունները, վրիպումները անպայման հետագայում կվերացվեն: Հաջորդ Խաղերի ժամանակ նման խնդիրներ այլեւս չեն լինի»:
Ներկաներից մեկը, որ Փարիզից էր, նշեց, որ 4-րդ խաղերի մասնակիցների քանակը կարող էր անհամեմատ ավելի մեծ լինել, եթե ժամանակին ճիշտ գովազդային աշխատանք կատարվեր: Եվ նա բերեց Մոսկվայի եւ Փարիզի օրինակները. «Մոսկվայում գրեթե մեկ միլիոն հայություն կա, սակայն այս խաղերին մասնակցելու եկել է ընդամենը 2-3 մարզիկ: Նույնը կարելի է ասել Ռուսաստանի մյուս քաղաքների մասին: Իսկ Փարիզում շուրջ 90 հազար հայ է ապրում: Երբ ցանկանում էինք թիմեր հավաքել, շատ-շատերը համահայկական խաղերի մասին գաղափար չունեին: Մի մասն էլ ցանկանում էր գալ, բայց թե ո՞ւմ էր պետք դիմել, չգիտեին»:
Գագիկ Ծառուկյանը հակադարձեց. «Խնդիրն, իրոք, ցավոտ է: Բայց այդ գործում հիմնական մեղավորը դուք եք՝ տարբեր երկրներում բնակվող համաշխարհային կոմիտեի անդամներդ, ինչպես նաեւ տեղերի հայկական համայնքների, միությունների ու կազմակերպությունների ղեկավարները: Դուք համաշխարհային կոմիտեի ներկայացուցիչներն եք ձեր երկրներում ու խաղերի միջեւ ընկած ժամանակահատվածում համատեղ տեղեկատվական ու կազմակերպչական աշխատանքներ պետք է կատարած լինեիք: Համաշխարհային կոմիտեի Հայաստանի անդամներն այդտեղ մեղք չունեն»:
Պաշտպանելով ՀԱՕԿ-ի նախագահի տեսակետը՝ թեհրանաբնակ հրավիրվածներից մեկն ավելացրեց. «Թեհրանը, Սպահանը, Թավրիզը դեռ առաջին խաղերից ամենաներկայացուցչական պատվիրակություններն են գործուղում: Եվ դա մեր համայնքների մշտապես տարվող ակտիվ աշխատանքի արգասիքն է: Այս անգամ մենք երեք տարի աշխատել ենք 4-րդ խաղերին կրկին մեծ թիմերով ներկայանալու ուղղությամբ՝ այդ գործում ներգրավելով նաեւ հայազգի պատգամավորներին: Մասնավորապես, Թավրիզը գուցե նաեւ ֆինանսական պատճառներով ի վիճակի չլիներ ժամանել Երեւան, բայց շնորհիվ նաեւ Իրանի կառավարության հետ տարված արդյունավետ աշխատանքի՝ խնդիրը լուծվեց»:
Իսկ Մոսկվայի ներկայացուցիչը, որը Ռուսաստանի հայերի միությունում եւ Հայերի համաշխարհային կոնգրեսում բարձր պաշտոն է զբաղեցնում, ընդունեց, որ Մոսկվայի եւ Ռուսաստանի հայաշատ մյուս քաղաքների պասիվ մասնակցության հիմնական մեղավորը իրենք են, եւ խոստացավ հարցն ամենայն լրջությամբ դնել քննարկման, որպեսզի հաջորդ խաղերում նման բան չկրկնվի:
Օգտվելով առիթից՝ հյուրերը հետաքրքրվեցին նաեւ 2008 թվականին Պեկինում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին Հայաստանի մարզիկների նախապատրաստության ընթացքով, ունենալիք սպասելիքներով: Գագիկ Ծառուկյանը բոլոր՝ հարցերին տվեց սպառիչ պատասխաններ եւ հուրախություն բոլորի վստահեցրեց. «Պեկինում մեդալ անպայման կլինի, բայց քանի՞սը եւ ինչպիսի՞, առայժմ չեմ կարող ասել»:
Հանդիպման ավարտին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը 4-րդ համահայկական խաղերի նախապատրաստման եւ պատշաճ մակարդակով անցկացման գործում ունեցած անձնական մեծ ներդրման համար Գագիկ Ծառուկյանին հանձնեց Համահայկական համաշխարհային կոմիտեի բարձրագույն պարգեւը՝ «Ոսկե շղթա»: