Այս հարցով Արշակ Սադոյանը չի պատրաստվում դիմել Կոնդոլիզա Ռայսին
Այգեստան 7/18 վիճահարույց տանը «Առավոտն» անդրադարձել է անցյալ տարվա նոյեմբերին: Խնդիրն առնչվում էր հայտնի քաղաքական գործիչ Արշակ Սադոյանի հանգուցյալ եղբորը՝ Հաբելին պատկանող սեփականությանը:
Օրեր առաջ տեղեկացանք, որ դատական գործը դեռ շարունակվում է: Գործը գտնվում էր ՀՀ վճռաբեկ դատարանի վարույթում, արգելանքի տակ էր դրված տունը: Մինչդեռ Արշակ Սադոյանը, չսպասելով դատարանի որոշմանը, սկսել է շինարարական աշխատանքներ:
Օրեր առաջ «Առավոտը» եղավ Այգեստան 7/18 տանը: Իրոք, այնտեղ շինարարություն էր ընթանում: Սադոյանի եղբորորդին՝ Երեւանի պետական համալսարանի դասախոս Ավետիս Սադոյանը մեզ ասաց. «Առանց համապատասխան թույլտվությունների՝ Արշակ Սադոյանը սկսել է շինարարական աշխատանքներ, այն պարագայում, երբ տան այդ հատվածը վճռաբեկ դատարանի որոշմամբ գտնվում է արգելանքի տակ: Մինչդեռ, ըստ քաղաքաշինության մասին օրենքի հոդված 24-ի, նույնիսկ քանդման գործողություն կատարելու ժամանակ պետք է լինի քանդման թույլտվություն համայնքի ղեկավարի կողմից: Էլ չեմ ասում շինարարական աշխատանքներ կատարելու թույլատրության մասին: Եթե Արշակ Սադոյանը դեպուտատ էր, արդյոք, դա նրան իրավո՞ւնք էր տալիս շինարարական աշխատանքներ կատարել առանց թույլատրության»:
«Առավոտի» հարցին, թե դիմե՞լ եք պատկան մարմիններին, Ավետիս Սադոյանն ասաց. «Ես դիմել եմ ԴԱՀԿ գլխավոր կատարող Ա. Բաբայանին, որի գրավոր հանձնարարությամբ Արշակ Սադոյանը երկու անգամ նախազգուշացվել է շինարարական աշխատանքներից զերծ մնալու համար: Ինչպես տեսնում եք, արհամարհելով նախազգուշացումները, շարունակում է իր նախաձեռնած շինաշխատանքները»: Տեղում տեսանք, որ քանդել է հին կամարակապ դարպասը, հողամասի քարե ցանկապատը, Ավետիս Սադոյանին պատկանող ավտոտնակը, խորը հիմք փորել 4 հարկանի շենք կառուցելու համար: Այսպիսով եղբորորդու ընտանիքը՝ երկու անչափահաս երեխաները, խնամքի տակ գտնվող մայրը զրկվել են դեպի փողոց ելքի հնարավորությունից (թողնելով 1,5 մետր):
Ավետիսը մեզ ասաց, որ ստիպված դիմել է նաեւ Կենտրոնի ոստիկանություն, բայց. «Նրանք նախկին պատգամավոր Սադոյանի հետ չեն ուզում ընդհանրապես գործ ունենալ»: Վեճի էությունը, ըստ Ավետիսի, կայանում է հետեւյալում. «Սեփական տունն ունի մոտ 500 քմ հողամաս, որն այսօրվա շուկայական գներով կազմում է 500-700 հազար ԱՄՆ դոլար: Տան կեսը փաստացի օգտագործվել է հանգուցյալ հորս եւ Արշակ Սադոյանի կողմից: Հիմա Արշակն օգտագործելով իր նախկին կապերը՝ իր հարազատ եղբոր տղային եւ կնոջը փորձում է զրկել իրենց հասանելիք տարածքից»: Ա. Սադոյանն ասաց, որ դիմել են դատարան, որպեսզի օրենքով վերականգնվեն իրենց կողմից ավելի քան 30 տարի փաստացի օգտագործվող տան եւ հողամասի նկատմամբ իրավունքները:
Երբ լուսանկարում էինք Սադոյանների՝ Այգեստան փողոցում գտնվող տունը, այնտեղ հանդիպեցինք նաեւ ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանին:
Վերջինս փոխանցեց իր հակափաստարկները, ասելով՝ «Տղաս՝ երկու թոռներիս հետ վարձով էր մնում: Ես ստիպեցի, որպեսզի նրանք վերադառնան մեր տուն՝ ապրելու պայմաններ չլինելու պատճառով: Վաղուց Ավետիսի հոր հետ (նկատի ունի իր մահացած եղբորը-խմբ.) ծրագրել էինք երկրորդ, երրորդ հարկ կառուցել,՝ որպեսզի մեր երեխաներն ունենան բնակարան»:
Ըստ ԱԺ նախկին պատգամավորի, ինքն առաջարկել է եղբորորդուն իր մասնաշենքի վրա անվճար երկրորդ հարկ կառուցել, որն արժե 58 հազար ԱՄՆ դոլար, միաժամանակ՝ երրորդ հարկի վաճառքից եւս 30 հազար դոլար անհատույց պատրաստ էր տրամադրել Ա. Սադոյանին, սակայն, ինչպես Ա. Սադոյանը ներկայացրեց, եղբորորդին պահանջում է 120 հազար դոլար։ «Ես պատրաստվում եմ մահացած եղբորս զավակին լավություն անել: Ես 120 հազար դոլար չեմ կարող հիմա տալ եւ նրան տուն գնել՝ առանց տունը վաճառելու, առավել եւս, որ նրա տան իրական արժեքը 40 հազար դոլար էլ չարժե: Եվ այս պայմաններում, այսպիսի հետեւողական քայլերով լրատվամիջոցներին դիմելով, ստիպում են, որ մենք տուն չունենանք, երեխաներս փողոցում մնան, ապրեն վարձով»,- ասաց պրն Սադոյանը: Ցույց տալով օրերս փորված փոսը՝ նախկին պատգամավորը հավելեց. «Այստեղ կառուցում եմ զուգարան եւ բաղնիք, որպեսզի կողքից, համաձայն դատարանի որոշման, եղբորս ընտանիքին առանձին մուտք տամ: Հիմա մեր տանը կաթում է, տակը լյագան եմ դրել, որ ջուրը վրաներս չլցվի: Հանցագործություն է եղել բարեկամության տարրական սկզբունքների նկատմամբ, լավությունը պատասխանում են վատությամբ: Հիմա ոչ միայն խոչընդոտում են տան վերանորոգման աշխատանքներին, այլեւ աղմուկ են բարձրացնում»: