Լրահոս
Օրվա լրահոսը

«Գազի ճգնաժամ չենք ունենա»

Օգոստոս 22,2007 00:00

Հավաստիացնում է «ՀայՌուսգազարդը», չնայած որ մոտ մեկ շաբաթ մայրաքաղաքում արդեն իսկ գազի ճգնաժամ է:

Արդեն 3-րդ օրն է՝ մայրաքաղաքի մի շարք թաղամասերում բնական գազ չի մատակարարվում: Բնակիչները, ինչպես նաեւ բազմաթիվ հիմնարկ-ձեռնարկություններ ու գազալցակայաններ մնացել են առանց գազի: Շատ երթուղային տաքսիներ նույնպես փաստի առաջ են կանգնել ու գազ չունենալու պատճառով գիծ չեն մտնում եւ ուղեւորներին չեն սպասարկում: «ՀայՌուսգազարդը» դեռեւս մի քանի օր առաջ զգուշացրել էր սպառողներին, որ օգոստոսի 20-ից սկսած՝ գազամատակարարումը որոշ ժամանակով անջատելու են, քանի որ տարբեր համայքներում գազի խողովակների եռակցման եւ վերանորոգման աշխատանքներ են կատարում: Սակայն այն ժամանակ խոսքը միայն 1 օրով գազամատակարարման դադարեցման մասին էր, իսկ հիմա բնակչության շրջանում խուճապ է սկսվել, որովհետեւ լուրեր են շրջանառվում, որ եւս մի քանի որ գազ չի լինելու:

Բացի Հայաստանում գազի խողովակների վերանորոգման աշխատանքներից, այս օրերին Վրաստանի տարածքում էլ «Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազամուղի վրա նորոգման աշխատանքներ էին ընթանում, ուստի այդ աշխատանքների հետեւանքով էլ Հայաստան միառժամանակ գազ չէր մտնում: Սակայն, ինչպես երեկ «Առավոտին» պարզաբանեց «ՀայՌուսգազարդի» մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանը, այդ աշխատանքներն ընդհանրապես կապ չունեն Հայաստանի սպառողների համար գազամատակարարման դադարեցման հետ: Երեկ կեսօրին արդեն ռուսական գազը մտնում էր Հայաստան, չնայած դրան՝ բնակիչները դարձյալ գազ չունեին:

Այն գազալցակայանները, որոնք բարեբախտաբար գործում են վերանորոգման աշխատանքներից դուրս մնացած համայքներում եւ նորմալ սպասարկում են իրենց հաճախորդներին, այս օրերին աշխատում են գերծանրաբեռնված: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում հայտնեց Չարբախում գործող գազալցակայաններից մեկի տնտեսվարող Մեխակ Գաբրիելյանը՝ «օրվա ընթացքում մոտ 200 մեքենա ավելի ենք սպասարկում, քան սովորական օրերին էր: Քանի որ շատ գազալցակայաններ չեն աշխատում՝ մեքենաները մեր գազալցակայանում են լիցքավորվում»: Շ. Սարդարյանը հավաստիացրեց, որ «ամսի 23-ի առավոտյան սպառողները գազ կունենան, այդ ժամանակ ներցանցային վերականգնման աշխատանքներն ավարտած կլինենք»: Նա նաեւ նշեց, որ եթե խնդիրը «Կովկաս-Անդրկովկաս» գազամուղի նորոգման աշխատանքները լինեին, իրենք Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի հաշվին բոլոր սպառողներին գազ կմատակարարեին, մինչդեռ ներցանցային աշխատանքները կատարելու համար, սպառողների անվտանգությունից ելնելով, ստիպված են եղել ամբողջ ցանցը գազից դատարկել:

Նկատենք, որ եթե նույնիսկ ներցանցային աշխատանքներն էլ ավարտվեն, միեւնույն է՝ Հայաստանն ամեն րոպե գազ չունենալու վտանգի առջեւ կարող է կանգնել՝ Ռուսաստան-Վրաստան քաղաքական հարաբերությունների պատճառով: Ներկայումս Հայաստան ռուսական գազի տարանցման հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել, քանի որ Վրաստանը, որն օգտվում է նաեւ ադրբեջանական գազից, եւ արդեն 3 ամիս է՝ հրաժարվում է այդ տարանցման համար «Գազպրոմից», որպես փոխհատուցում, գազ ստանալ եւ պահանջում է վճարել կանխիկ գումար: Մինչդեռ՝ «Գազպրոմի» եւ վրաց կառավարության միջեւ պայմանագրի համաձայն, Վրաստանը պետք է իր տարանցման ծառայության համար վերցնի Հայաստան մատակարարվող գազի 10 տոկոսը: Եվ քանի որ Վրաստանն էլ չի ուզում վերցնել եւ չի էլ վերցնում այդ 10 տոկոս մասնաբաժինը, իր հաշվարկով՝ վերջին ամիսների համար «Գազպրոմը» Վրաստանին պարտք է մնացել 2 մլն դոլար: Եթե այդ պարտքը սկսվի կուտակվել, շատ հնարավոր է՝ օրերից մի օր Վրաստանը պարզապես փակի Հայաստան մտնող գազի մուտքը: Այս առնչությամբ «ՀայՌուսգազարդից» հավաստիացրին, որ նման «ազգային նշանակության» խնդիր դժվար թե առաջանա, քանի որ հիմա մենք ունենք այլընտրանքային՝ իրանական գազը: Շ. Սարդարյանի մեկնաբանությամբ՝ «Դա Ռուսաստանի եւ Վրաստանի խնդիրն է, որը Հայաստանին չի առնչվում: «Գազպրոմը» պարտավոր է գազը հասցնել Հայաստան, թե ինչ միջոցով՝ դա արդեն Հայաստանի խնդիրը չէ: Մի բան հաստատ է՝ մենք գազի ճգնաժամ չենք ունենա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել