Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՏՈՒՄ ԵՆՔ ՆԵՐԿԱԾ ՍԵՎ ՀԱՑ՝ ԴԻԵՏԻԿԻ ՓՈԽԱՐԵՆ

Օգոստոս 22,2007 00:00

\"\"Մեր երկրում հացի բաղադրության անվտանգությունը երաշխավորված չէ

Հայաստանում հացի արտադրությամբ զբաղվելն ամենաեկամտաբեր բիզնեսներից է: Այդ ոլորտի շահութաբերությունը պայմանավորված է հիմնականում նրանով, որ ազգաբնակչության առողջության համար ամենակարեւոր համարվող՝ հացի շուկան մեր երկրում բարձիթողի վիճակում է. վաճառվող հացի ո՛չ քաշն է ստուգվում, ո՛չ որակը, ո՛չ էլ բաղադրությունը: Շուկայում այնպիսի անհայտ ծագման հացեր են հանդիպում, որոնք արտադրվում են տան պայմաններում, իսկ արտադրողի մասին ոչ մի տեղեկություն ստանալ չի լինում:

Հացի շուկան մեր երկրում խիստ բազմազան է: Խանութներում վաճառվում են տարբեր արտադրողների՝ նույնիսկ մի քանի տեսակի սեւ, դիետիկ եւ տարեկանի հացեր: Բժիշկները սեւ եւ դիետիկ հացերը խորհուրդ են տալիս օգտագործել հիմնականում շաքարախտ, արյան բարձր ճնշում, սրտային անբավարարություն կամ ճարպակալման հակում ունեցող հիվանդներին: Հայաստանում ոչ մի հիվանդ չի կարող վստահ լինել՝ խանութից իր գնածն իսկապե՞ս տարեկանի հաց է, թե՞ գունավորված սովորական հաց, որն ավելի վտանգավոր է առողջության համար, քան սպիտակ հացը, քանի որ դժվար է կռահել՝ արտադրողն ինչպե՞ս է գունավորել հացը: «Առավոտի» հետ զրույցում բժիշկ Անահիտ Խաչատրյանը մտահոգություն հայտնեց, որ թեեւ ամբողջ աշխարհում հայտնի իրողություն է՝ սեւ հացն ավելի օգտակար է, քան սպիտակը, սակայն մեր երկրում ավելի լավ է սպիտակ հաց գնել, գոնե տեղյակ կլինենք, թե դա ինչից է պատրաստված: Եթե շաքարախտով հիվանդը երկար ժամանակ դիետիկ հացի փոխարեն օգտագործի ներկած ու գունավորված սովորական հաց, հնարավոր է ընկնի կոմայի մեջ: Այսինքն՝ արտադրողները կարող են մարդկանց մահվան պատճառ դառնալ ու հանցագործություն անել:

Նշենք, որ տարեկանի հացը մոտ 50 դրամով ավելի թանկ է, քան սովորական սեւ հացը, ուստի արտադրողները, ավելի շատ շահույթ ստանալու նպատակով, տարեկանի անվան տակ հաճախ վաճառում են գունավորված հացը:

Հացի արտադրությամբ զբաղվող «Պիկանտ համ» ընկերությունը շուկայում ունի սեւ դիետիկ հաց, որը պատրաստվում է ոչ թե տարեկանի ալյուրով, այլ՝ երկրորդ տեսակի ալյուրի եւ ցորենի թեփի խառնուրդից: Ինչպես մեզ հետ զրույցում պարզաբանեց ընկերության տնօրեն Անդրեյ Չալաբյանը՝ «Հայաստանում տարեկանի ալյուր մինչեւ վերջերս չկար, հետո տեղեկացանք, որ այս տեսակի ալյուր միայն մի կազմակերպություն է ներկրում ու ինքն էլ զբաղվում է հացամթերքի արտադրությամբ: Տարեկանի հացին նմանեցվածները հիմնականում արհեստական հավելանյութերով պատրաստված կամ սննդային ներկերով ներկված հացեր են: Մեզ մոտ էլ ունենք սեւ դիետիկ հաց, որի բաղադրությունը հացի վրա նշված է լինում: Ընդհանրապես, կան արտադրողներ, որոնք հացերի սեւ գույնը ստանում են վառած շաքարը խմորին խառնելու միջոցով, սակայն սա մեծ հմտություն է պահանջում: Եթե շաքարը մինչեւ վերջ չի այրվում, ապա հացի մեջ ավելանում է շաքարի պարունակությունը: Արդյունքում՝ դիետիկ հացի փոխարեն ստացվում է ճիշտ հակառակը՝ շաքարի բարձր պարունակությամբ հաց, որն ազատ վաճառվում է շուկայում»:

Նկատենք, որ մատների վրա հաշված ընկերություններ կան, որոնք հացը միջազգային չափանիշներով փաթեթավորում են ու մակնշում: Գնորդը չի կարող տեղեկանալ, թե հացի տվյալ տեսակն ինչ ալյուրից է պատրաստված: Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության եւ անասնաբուժության տեսչության, սննդամթերքի անվտանգության բաժնի պետ Արթուր Վարժապետյանն «Առավոտի» հետ զրույցում պարզաբանեց, որ հաց արտադրողը պարտավոր է խանութ առաքվող արտադրատեսակի հետ միասին ուղարկել նաեւ տեղեկացնող թերթիկ, որտեղ պետք է նշված լինեն հացի անվանումը, քաշը, բաղադրությունը, օգտագործված սննդային հավելումների ցանկը, էներգետիկ արժեքը, պահպանման ժամկետը եւ արտադրողի տվյալները: Սակայն երբ այցելեցինք անգամ շատ հայտնի սննդամթերքի խանութներ ու մարքեթներ՝ մեր հարցին՝ կարո՞ղ ենք, ասենք, մատնաքաշ հացի բաղադրության եւ արտադրողի մասին տվյալների թերթիկը տեսնել՝ վաճառողներն ապշած մեզ էին նայում: «Երեւան Սիթի» խանութի հացի բաժնի վաճառողուհին, օրինակ, զարմացած պատասխանեց. «Ոչ մի տեղեկացնող թերթիկ էլ ոչ մի անգամ չենք ստանում: Եթե հետաքրքիր է՝ ես կասեմ՝ որն է դրոժով, որը՝ թթխմորով, էդ մի էրկու բանի համար հո տեղեկանք չե՞նք պահանջելու»: Այսինքն, այսօր հաց սպառողը տեղեկացված չէ, թե կոնկրետ ինչի՞ համար է վճարում՝ վերամշակված ու վիտամիններով հարուստ դիետիկ հացի՞, թե՞ վառած շաքարով, սուրճով կամ կակաոյով ներկած սպիտակ ալյուրից պատրաստված հացի:

Հացի շուկայի վերահսկողության եւ արտադրողների վարած գնային քաղաքականության մասին կանդրադառնանք առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել