Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 22,2007 00:00

Սփյուռքի ներուժը արդյունավետ չի օգտագործվում

\"\"Գտնում է լիբանանահայ վերլուծաբան Ասպետ Քուչուկյանը

«Հայաստան-Սփյուռք հարաբերությունը կարիք ունի առավել համակարգված եւ արդյունավետ գործողությունների, ավելի հստակ ծրագրային քայլերի, քան Համահայկական խաղերն են կամ «Հայաստան-Սփյուռք» խորհրդաժողովները»,- ըստ «Lragir.am»-ի, երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարել է լիբանանահայ վերլուծաբան Ասպետ Քուչուկյանը: Ըստ նրա, Սփյուռքի ֆինանսական օգնությունն այսօր Հայաստանի համար այնքան էլ կարեւոր չէ, իսկ «Հայաստան-Սփյուռք» խորհրդաժողովն ու Համահայկական խաղերն ու նմանատիպ միջոցառումներն էլ գործնականում այնքան էլ արդյունավետ չեն, ինչպես թվում են: Վերլուծաբանի ասելով, միայն համահայկական միջոցառումները, որոնք, իհարկե, նպաստում են Հայաստան-Սփյուռք կապին, դեռեւս բավարար չեն լիարժեք օգտագործելու համար Սփյուռքի այն ներուժը, որն առկա է: «Անցյալ տարի ընդունվեց երկքաղաքացիության մասին օրենքը: Սփյուռքի մեջ, շատ գաղթoջախներում կա հետաքրքրություն, թե արդյոք ի՞նչ ընթացակարգերով է հնարավոր, ասենք՝ ապրել Գլենդելում, բայց լինել Հայաստանի քաղաքացի»,- հռետորական հարցադրում է արել լիբանանահայ վերլուծաբանը՝ շեշտելով, որ կոնկրետ այդ ուղղությամբ գործողություններն ուշանում են:

Ա. Քուչուկյանը տարածաշրջանում Հայաստանի մեկուսացումից դուրս գալու տեսանկյունից հատկապես կարեւորել է Սփյուռքի հետ լիարժեք ներդաշնակեցումը՝ միաժամանակ կարեւոր համարելով նաեւ Հայաստանի նկատմամբ Սփյուռքի ոչ թե ռոմանտիկ եւ կարոտախտային, այլ պրագմատիկ վերաբերմունքի առկայությունը: Նա ընդգծել է, որ Սփյուռքը Հայաստանը պետք է նախ ընկալի որպես պետություն, հետո նոր՝ որպես Հայրենիք: «Panorama.am»-ի մատուցմամբ, վերլուծաբանը նաեւ կարծիք է հայտնել, թե Սփյուռքում երկար տարիներ Ցեղասպանությունը եղել է նրան միավորող միակ մղիչ ուժը, բայց, ըստ նրա, «այսօր Սփյուռքում հասունանում է մի նոր սերունդ, որի համար Հայաստանը վերացական գաղափար չէ, ինչպես իրենց ծնողների համար: Մենք հավակնություն չունենք, որ բոլոր հայերը Հայաստանին պետք է նայեն որպես հայրենիքի: Ոչինչ, թող իրենց ուզած ձեւով նայեն, բայց նայեն որպես Հայաստան պետության, այլ ոչ վերացական պատկերացումներով»:

Ա. Քուչուկյանի դիտարկմամբ, սխալ է նաեւ Հայաստանի ներքին հարցերի գլխավոր պատասխանատուին փնտրել «դրսում»: «Այսօր, երբ խոսում ենք կոռուպցիայի ու կաշառակերության մասին, ասում են, թե պատճառը արտաքին ճնշումն է: Ո՛չ, դրանք ներքին հարցեր են եւ պետք է լուծվեն ներսում: Դրա պատճառները դրսում փնտրելն էժան քարոզչություն է»,- արձանագրել է վերլուծաբանը:

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել