Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՉ ՄԵԿԸ ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԶԻՋԵԼՈՒ»

Օգոստոս 22,2007 00:00

\"\"ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը վստահ է, որ միասնական թեկնածուն չի կարող ձեւավորվել ժողովների եւ հանդիպումների ընթացքում:

– Արդեն շատ ավելի անթաքույց է խոսվում Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձի մասին, դուք հավանակա՞ն եք համարում այդ վերադարձը, թե՞ դա պարզապես իր շրջապատի ցանկությունն է:

– Նախ հասկանանք, թե ինչպես են անցնելու 2008-ի ընտրությունները: Բավականին պարզունակ են հնչում այն խոսքերը, որ այս իշխանության մեջ գտնվող մարդիկ սովոր են «շեֆ» ասել Լեւոն Տեր-Պետրոսյանին, հետեւաբար չեն համարձակվի կեղծիք անել, կամ՝ ո՞նց պիտի Սերժ Սարգսյանը Լեւոնի աչքերին նայելով՝ իր թեկնածությունը դնի: Այս ամենն առավել քան պարզունակ է, որովհետեւ այդ նույն մարդիկ 98-ին գործող նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանից պահանջեցին, որ նա հրաժարական տա, եւ նա հրաժարական տվեց: Ի՞նչն է փոխվել, այդ մարդիկ ինչպե՞ս կարող են ավելի ամոթխած լինել: Պետք է նաեւ հասկանալ, որ Հայաստանում, ցավոք սրտի, իշխանությունը պահելը, ի տարբերություն ժողովրդավարական երկրների, միայն փառքը պահել չէ, այլ նաեւ նշանակում է հարյուր միլիոնավոր դոլարներ, նշանակում է անպատիժ պահել թաքնված հանցագործություններ, որոնք իշխանությունն արդեն կատարել է, այսինքն՝ կյանքի եւ մահու պայքար է: Այդ տեսակետից պայքարը շատ ուժեղ է լինելու եւ ոչ մեկը մյուսին հենց այնպես իշխանությունը չի զիջելու: Եվ, քանի որ դեմոկրատական երկրում չենք ապրում, չի լինի այնպես, որ քվեաթերթիկները գցեն, եւ հաշվելու ընթացքում պարզվի, որ մեկը 60 տոկոս է հավաքել, եւ իշխանությունն էլ խելոք «փասա-փուսան» կհավաքի եւ կգնա: Մենք արդեն գիտենք, որ այդպես չի լինելու: Հետեւաբար՝ իշխանության ներսում մի քանի վախկոտ օլիգարխ երկու ճակատում կխաղան կամ գաղտնի ում ինչ կասեն՝ դա չէ էականը: Հայաստանում հնարավոր է ընտրությունների միջոցով հաղթանակ ձեւակերպել, եթե ընտրություններին զուգահեռ գնում է համաժողովրդական, հասարակական շարժում: Եվ շատ դժվար է պատկերացնել հասարակական շարժում Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ, որը պետք է քննադատի իշխանություններին, նրանց գործած բոլոր չարիքները, քանի որ չար լեզուները միշտ էլ կասեն, որ այդ նույն բաները եղել են նաեւ իր իշխանության ժամանակ եւ այն ժամանակ են արմատակալել: Այդ տեսակետից, այստեղ կարեւորը օլիգարխների հարցը չէ, այլ կարեւորը հասարակական շարժումն է, եւ քանի որ նախագահական ընտրություններ են, բուրգի ծայրին պետք է լինի այն անձը, որին մարդիկ կվստահեն եւ կհավատան, որ նա իսկապես փոխելու է երկրի իրավիճակը:

Մի առիթով ասել եմ, որ ներկա երկիրը 94-ին ձեւավորված մոդելի շարունակությունն է եւ խորացումը: 1994-ից պատերազմն ավարտվեց, քաղաքական գործիչները հասկանում էին, որ առնվազն գոնե 10 տարի խաղաղություն է լինելու, երկիրը մտնելու է նոր փուլ, եւ իրական ժամանակ է սկսվում ազատ, ժողովրդավարական, օրինական երկիր կառուցելու: Նույն 94-ին հիմք դրվեց մեկ ուրիշ մոդելի: Հիշում եմ, երբ մենք մեր առաջին հանրահավաքն անցկացրեցինք, ինչքան խուժան կար կայարանից եւ երկրապահ կար, եկել էին հանրահավաքը խանգարելու: Ես դա կանվանեի արեւելյան երկրի մոդել: Բնական է, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը շատ ավելի արեւելքցի են, քան Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ իր շրջապատով: Իրենք այդ խաղը վերցրին իրենց վրա եւ ճկուն խաղում են այդ արեւելյան մոդելի խաղը: Մեզ պետք է, որ փոփոխություն լինի եւ ոչ թե՝ Սերժ Սարգսյանին հաղթենք, ով ուզում է՝ թող հաղթի: Մեզ պետք է, որ մոդելը փոխվի, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջոցով չի ընկալվում, որ մոդելը փոխվում է: Ես Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ ոչ մի թույն չունեմ, իր թեկնածությունը կարող է դնել, դա իմ կամքից դուրս է գտնվում: Ես կարծում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը բավականին դերակատարություն ունի քաղաքական դաշտում: Ինքը պատմական դեմք է, ինքը ՀՀ առաջին նախագահն է: Իր ժամանակ ինչն էր լավ եղել, ինչը՝ վատ, դեռ մի կողմ թողնենք, բայց այդ ստատուսն օգտագործելով՝ ինքը կարող է շատ օգտակար լինել քաղաքական դաշտին: Ինձ համար տարօրինակ է, որ ինքը 10 տարի լռել է: Կուզեմ, որ ակտիվորեն մասնակից լինի քաղաքական դաշտին, բայց պատեհ չէ թեկնածություն դնել նախագահ դառնալու համար: Չեմ կարծում, որ դա է ճիշտ մոտեցումը: Ինչ վերաբերում է շրջապատին, իհարկե, նրա կողքին կան մարդիկ, որ կուզենային Լեւոն Տեր-Պետրոսյանի միջոցով նորից գալ իշխանության եւ վայելել իշխանությունը: Կան մարդիկ, որ անկեղծ հիշելով 88 թիվը եւ շարժման գաղափարները ոչ արդարացի Տեր-Պետրոսյանին վերագրելով՝ կուզենային այդ գաղափարների վերականգնումը՝ մոռանալով, որ այդ գաղափարներն ամբողջությամբ վարկաբեկվեցին մինչեւ 1998 թվականը՝ հենց նույն թիմի միջոցով:

– Այսօր հասարակության մեջ, նաեւ քաղաքական շրջանակներում կարծիք կա, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի դեմ միակ այլընտրանքը կարող է լինել Վազգեն Մանուկյանը:

– Հասարակության մեջ պահանջ կա, որ լինի միասնական թեկնածու, բայց հարց է առաջանում՝ ինչպե՞ս է առաջանալու այդ միասնական թեկնածուն: Վերջիվերջո, մոտ մի 15-20 հայտնի քաղաքական գործիչներ կան, որոնք հեռուստացույցով երեւում են, թերթերում երեւում են, եթե իրենք հավաքվեն եւ ինչ-որ մեկին միասնական թեկնածու նշանակեն, նա կդառնա՞ միասնական թեկնածու, կարծում եմ՝ ոչ: Պետք է հաշվի առնել, որ քաղաքականության մեջ, ինչպես եւ կյանքում, կալիբրների տարբերություններ կան, եւ սերժանտները, լեյտենանտները եւ գեներալները միասին չեն հավաքվում, որ որոշեն, թե ռազմաճակատի հրամանատար ում են նշանակելու: Կարծում եմ, միասնական թեկնածուի հարցը հետեւյալը պիտի լինի՝ գուցե 2-3 թեկնածուներ լինեն, որ կձեւավորեն իրենց բանակները, կգնան առաջ եւ ինչ-որ պահից կարող են պայմանավորվել, դերաբաշխում անել, իրենցից մեկին առաջ մղել: Բայց հիմա կազմակերպել ինչ-որ ժողովներ, որտեղ պետք է որոշվի միասնական թեկնածուն, անհեթեթություն է, մանավանդ՝ այնպես չի, որ մեկին հայտարարես միասնական թեկնածու եւ ժողովուրդը նրա հետեւից կգնա, այդպես չէ: Անձից շատ էական բաներ են կախված: Ինձ հետ, իհարկե, որոշակի մարդիկ հույսեր կապում են, բայց չարժե, որ ես խոսեմ իմ թեկնածության մասին:

– Խոսվում է ՀՅԴ-ԱԺՄ-«Ժառանգություն» դաշինքի հավանականության մասին, իրո՞ք բանակցում եք այս ուժերի հետ:

– Ոչ մի բանակցություն այս ուղղությամբ չի եղել, նման բան չկա: Թերթերում բազմաթիվ ենթադրություններ են արվում: Միշտ ինչ-որ մարդիկ իրենց համար ինչ-որ բաներ հնարում են:

– Իշխանության թեկնածուն՝ Սերժ Սարգսյանը, մինչ այս պահը ճի՞շտ քայլեր է կատարում դեպի նախագահական աթոռ:

– Ես երեք անգամ եմ հանդիպել իշխանություններին (88-ին՝ կոմկուսը, հետո՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, հիմա էլ այս իշխանությունները) եւ տեսել եմ, որ իշխանությունները միշտ նույն հիվանդությամբ են տառապում: Միշտ իշխանությունը չափազանց ինքնավստահ է, որ ամենաուժեղն է, ամենախելոքը եւ այլն, եւ միաժամանակ շատ վախեցած է, որ հանկարծ իշխանությունը ձեռքից չվերցնեն: Իշխանությունը եւ թերագնահատում է հակառակորդին, եւ գերագնահատում: Հակասական միտք ձեւակերպեցի, բայց այդպես է: Սերժ Սարգսյանը մի կողմից շատ վստահ է, որ ինքը պետք է հաղթի, մյուս կողմից էլ շատ է վախենում, որ հանկարծ իր դեմ կձեւավորվի միասնական ուժ, որը ձեռքից կվերցնի իշխանությունը:

– Եթե 2008-ին կրկնվի 1996-ի իրավիճակը, դուք նույն քայլե՞րը կանեք, ինչ արեցիք այն ժամանակ:

– Մինչեւ հիմա նախագահական ընտրությունների ժամանակ ամենամեծ ցնցումը, ամենամեծ շարժումը, որ եղել է, եղել է 96-ին, բայց նույնիսկ դա չբավականացրեց: Ուրեմն, ավելի հզոր շարժում է պետք, ավելի կազմակերպված ուժ է պետք, ավելի մեծ միասնություն է պետք: Կհաջողվի, թե ոչ՝ կախված է ոչ միայն ինձնից: Նախագահական ընտրությունը հնարավորություն է տալիս հասարակական ձգտումների վեկտորը դարձնել միասնական:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել