Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԵՄ ԹԵՐԹԻ

Օգոստոս 22,2007 00:00

\"\"«ՉԻ»-ի դեմ հայրենի իրավապահները քրգործ են հարուցել

«Չորրորդ իշխանություն» թերթի հուլիսի 18-ի համարում «Հոգեկան հիվանդների խրախճանքը» վերտառությամբ մի հրապարակում կար, որի առնչությամբ հրապարակախոս Գագիկ Սարգսյանը, նույն ինքը՝ «Ձոն Պազոլինիի» գրքի հեղինակ Արտյոմ Խաչատրյանը, հուլիսի 20-ին ՀՀ գլխավոր դատախազին բողոք է ներկայացրել՝ իրեն զրպարտելու եւ արժանապատվությունը ոտնահարելու համար: ՀՀ գլխավոր դատախազությունն էլ դիմումը վերահասցեագրել էր Երեւան քաղաքի քննչական վարչությանը, որտեղ էլ քրգործ է հարուցվել ՔՕ համապատասխան հոդվածով: Հատկապես ընդդիմադիր դաշտում զարգացումների այս ընթացքից շատերն են անակնկալի եկել՝ նկատի ունենալով այն փաստը, որ ընդդիմադիրի համարում ունեցող հրապարակախոսը բողոք է ներկայացրել ընդդիմադիր թերթի դեմ, որին իշխանությունները «նեղելու» ախորժակ վաղուց ունեին: Ա. Խաչատրյանը «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց, թե ինքը «ընդդիմադիր» չէ, ինքը հրապարակախոս ու քաղաքագետ է: «Երբ հարցը տալիս եք, բա չե՞ք մտածում՝ թերթն ինչպե՞ս է իրեն նման բան թույլ տալիս: Իմ մասին կարդալով մի բան, որն իրականությանը չի համապատասխանում, ես որեւէ կերպ պետք է դրան արձագանքեի»,- հայտարարեց Ա. Խաչատրյանը՝ ասելով, թե ինքը նման դեպքում չորս տարբերակ ուներ՝ ֆիզիկական հաշվեհարդար տեսնել, ինչին կտրականապես դեմ է, երկրորդ՝ բանավեճի մեջ մտնել թերթի հետ, բանակցել, ինչը նա անհնար է համարում թերթի նկատմամբ իր վատ վերաբերմունքի պատճառով, երրորդ՝ քաղաքացիական հայցով մտնել դատարան՝ իր արժանապատվությունը վիրավորելու եւ բարոյական վնասի փոխհատուցում ստանալու համար, ինչը եւս, նրա ասելով, իր արժանապատվությունից ցածր է համարել: «Սրանք էն մարդիկ չեն, որոնց հետ ես որեւէ կերպ շփվեմ: Մնում էր չորրորդ տարբերակը, այն է՝ ես ինձ վիրավորելու եւ զրպարտելու համար դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին, եւ այդ մարդիկ հրապարակման մեջ հանցանքի տարրեր են տեսել ու քրգործ են հարուցել: Տեքստում մի քանի անգամ շեշտվում է «շիզոֆրենիկ», «հոգեկան հիվանդ», «պազոլինիի վաստակ», «ստուկաչ», տարբեր երկրների հատուկ ծառայությունների գործակալ եւ այլն: Ես գտնում եմ, որ ճիշտ եմ արել»,- մեր զրույցի ժամանակ հայտարարեց հրապարակախոսն ու հավելեց, որ ինքը բողոք ներկայացնելով՝ նաեւ նպատակ ունի նախադեպ ստեղծել: Ի պատասխան մեր այն հարցին, թե մտավախություն չունի՞, որ իր բողոքը կարող է ընդամենը առիթ դառնալ թերթի նկատմամբ հետապնդումներ իրականացնելու համար, հրապարակախոսն ասաց, թե իրեն թերթի եւ աշխատակիցների «ապագան չի հետաքրքրում»:

Ի դեպ, Ա. Խաչատրյանը երեկ նշեց, որ հիշյալ հրապարակման քննադատության թիրախը դարձած, իբր, իր արած հայտարարությունը, թե՝ առաջադրվելու է ՀՀ նախագահի պաշտոնում եւ ընտրվելուց հետո իր առաջին քայլերը լինելու են Վազգեն Սարգսյանի շիրիմը Եռաբլուրից հանելն ու Կաթողիկոս Գարեգին Բ-ին ձերբակալելը, ինքը ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր չի արել: Հիշեցնենք, որ նրա այդ հայտարարությունը հրապարակվել էր թերթերից մեկում, ինչը Ա. Խաչատրյանը չէր հերքել: Նա երեկ էլ չբացառեց, որ նման բան, այնուամենայնիվ, ինչ-որ տեղ ասել է. «Եթե ես սրճարանում որեւէ միտք եմ արտահայտում, դեռեւս չի նշանակում, որ դա հայտարարություն է: Նման բան չի եղել, այդ միտքն իմ կողմից ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր չի հայտնվել: Առիթից օգտվելով՝ ես հիմա ասում եմ՝ Վազգեն Սարգսյանին կատեգորիկ չի կարելի ձեռք տալ: Երեւի մի տեղ նստած՝ նման միտք ասել եմ, դա հրապարակվել է իբրեւ հայտարարություն»:

Ի դեպ, այս ամենի առնչությամբ Ա. Խաչատրյանին զայրացրել է, իր ձեւակերպմամբ՝ «սուպերընդդիմության» կեցվածքը. «Ինձ ասում են, թե ռեժիմը չես ճանաչում, բայց էս ռեժիմի դատախազին բողոքով ես դիմում: Նախ՝ սրանք («սուպերընդդիմությունը») տարբերություն չեն տեսնում ռեժիմի եւ պետության միջեւ, երկրորդ՝ եթե դուք ռեժիմ չեք ճանաչում՝ ո՞նց եք սրանց հետ ընտրությունների մասնակցում: Ռեժիմ չճանաչողը ընտրություններին էլ չի մասնակցի»:

Ի վերջո, մենք Ա. Խաչատրյանին հարցրինք՝ ինչո՞ւ են շատերը նրան կասկածում ՀՀ ԱԱԾ կամ այլ պետության գործակալ լինելու մեջ, եթե դրանում ճշմարտության հատիկ չկա: «Թող ապացուցեն: Եթե ես այլ երկրի գործակալ եմ, սրանք էլ հիմար են, հա՞, ինձ չեն տարել: Երկրորդ, եթե ես ՌԴ ազդեցության գործակալ եմ, այդ դեպքում Սերժ Սարգսյա՞նը բա ով է: Մեկ ուրիշն էլ կա (Արամ Կարապետյանին նկատի ուներ- Ն. Մ.), ասում է՝ ինքը «ՖեԷս Բէ»-ի հետ կապեր ունի: Ասում են՝ երրորդն ավելորդ է: Եթե Հայաստանի գործակալ եմ, ապա ԱԱԾ-ն երբեք իր գործակալին վտանգի չէր ենթարկի: Ինչ-ինչ, բայց պրոֆեսիոնալիզմի մի փոքր նշույլ սրանք ունեն: Նրանք իրենց իսկական ագենտների անունները սրբությամբ են պահում, իսկ իմ մասին բոլորն ասում են՝ «Մոսկովյան ագենտ»: Թող ասեն: Ասում են, իբր, ես եմ «Ալիկին (Ալեքսանդր Արզումանյանին- Ն. Մ.) «փուռը տվել», մինչդեռ իրականում նրան «փուռը տված» մարդու անունը որեւէ տեղ չի հնչում: Ցուցմունքն ասեղ չի, ոչ մի տեղ չի կորչի, մի տեղից դուրս կգա, չէ՞: Ես ի՞նչ կարող եմ ասել»,- մասնավորեցրեց Ա. Խաչատրյանը:

Ի դեպ, երեկվա դրությամբ Երեւանի քննչական վարչությունում արդեն հարցաքննվել էր «ՉԻ»-ի թղթակիցներից մեկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել