Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 4-ՐԴ ԽԱՂԵՐԸ ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ

Օգոստոս 21,2007 00:00

Օգոստոսի 18-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում կայացավ 4-րդ համահայկական համաշխարհային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:

Բացում

\"\"Այս խաղերը մասնակցության առումով արդեն իսկ մի քանի ռեկորդ են սահմանել: Նախ, մասնակից քաղաքների քանակն այս անգամ հասել է 96-ի, իսկ 10 մարզաձեւերի մրցումներին մասնակցում են աշխարհի շուրջ 26 երկրների 2700 մեր հայրենակիցներ:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը, կաթողիկոս Գարեգին Երկրորդը, այլ պաշտոնյաներ, հատուկ Համահայկական խաղերի բացման առիթով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Մոհամմադ Ալիաբադին:

Ավանդույթի համաձայն, ստադիոնում Խաղերի խորհրդանշական կրակը վառելու պատիվը վստահվում է մեր հանրապետության լավագույն մարզիկներից որեւէ մեկին: Այս անգամ կրակը վառեց օլիմպիական չեմպիոն Հրաչյա Պետիկյանը:

Խաղերի մասնակիցներին, հյուրերին ողջույնի խոսք ասաց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Պատվո շքանշաններ՝ գործկոմի անդամներին

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը 4-րդ համահայկական խաղերի կազմակերպման եւ անցկացման ասպարեզում ունեցած զգալի ներդրման համար պատվո շքանշաններ հանձնեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գլխավոր քարտուղար, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանին, կոմիտեի փոխնախագահներ Ռոլանդ Շառոյանին (Հայաստան, Երեւան), Հրանտ Բարդակչյանին (Կանադա, Մոնրեալ), Ստեփան Տեր-Պետրոսյանին (Լիբանան, Բեյրութ), գործկոմի անդամներ Ալֆրեդ Համանին (Իրան, Թեհրան), Գարրի Բալայանին (Լեռնային Ղարաբաղ, Ստեփանակերտ):

Ընդունեց ՀԱՕԿ-ի նախագահը

\"\"Կիրակի օրը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունեց ԻԻՀ փոխնախագահ, Ֆիզիկական դաստիարակության կազմակերպության նախագահ Մոհամմադ Ալիաբադիին: Նրանք միմյանց տեղեկացրին երկու երկրներում վերջին տարիներին սպորտին, ազգաբնակչության առողջության պահպանմանն ու ամրապնդմանը պետականորեն դարձվող ուշադրության, այդ նպատակով ստեղծվող պայմանների մասին: Կողմերը համակարծիք էին, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ մարզական ոլորտում համագործակցության սերտացումն ու խորացումը բխում է երկու երկրների շահերից:

Մարզական կապերը սերտանում են

Երեկ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը եւ 4-րդ համահայկական համաշխարհային խաղերի բացման արարողությանը ներկա գտնվելու նպատակով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ, Ֆիզիկական դաստիարակության կազմակերպության նախագահ Մոհամմադ Ալիաբադին «Երեւան» հյուրանոցի նիստերի դահլիճում սպորտի ոլորտում համագործակցության հուշագիր ստորագրեցին: Պարոնայք Գրիգորյանը եւ Ալիաբադին հանդիսավոր արարողության ավարտին նշեցին, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ սերտ համագործակցությունը, որ ստեղծվել է քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում, խորանում է նաեւ սպորտի ասպարեզում: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Արմեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ ինքը Մոհամմադ Ալիաբադիի եւ նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ այցելել է Ծաղկաձոր: Հյուրերը ծանոթացել են այնտեղ ստեղծվող մարզումային գերժամանակակից պայմաններին, որտեղ մոտ ապագայում հավաքականների մակարդակով միջազգային ամենաբարձրակարգ մրցումներին համատեղ նախապատրաստվելու հնարավորություններ են լինելու, տեսել եւ օգտվել են ճոպանուղուց ու լավ տպավորություններ են ստացել եւ եկել այն համոզման, որ Ծաղկաձորն այն վայրն է, որտեղ կարելի է ոչ միայն ամառային, այլեւ ձմեռային մարզաձեւերի ազգային հավաքականների համատեղ ուսումնամարզական հավաքներ կազմակերպել: Հուշագրով նախատեսվում է սերտ համագործակցություն ծավալել նաեւ սպորտային բժշկության ոլորտում:

«Առավոտի» հարցին, թե Հայաստանում եւ Իրանում հիմնականում զարգացած են մենապայքարային մարզաձեւերը, նախատեսվո՞ւմ է, արդյոք, զարկ տալ նաեւ խաղային մարզաձեւերի զարգացմանը, թե Արմեն Գրիգորյանը եւ թե Մոհամմադ Ալիաբադին պատասխանեցին, որ դա երկու երկրների մարզական համագործակցության կարեւոր բաղադրիչներից մեկն է լինելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել