Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանյան գիշերահավասար

Օգոստոս 21,2007 00:00

Դեպի լույսը կամ մութը թեքվելու հանգամանքը՝ պետության առումով, բնավ կախված չէ երկրագնդի երկակի պտույտից: Մենք ինքներս ենք ընտրում մութը կամ լույսը: Ու ըստ մեր ընտրության էլ՝ պատասխանատու ենք դառնում նաեւ դրա համար: Մեզնից յուրաքանչյուրին՝ առանձին-առանձին, փոքրիկ արքայազնի մոլորակներ չեն նվիրելու: Մենք ապրելու ենք համակեցության պայմաններում եւ դրա օրենքներով: Ու որքան ճիշտ ու բարոյական լինեն դրանք՝ այնքան ավելի լավ թե բոլորիս եւ թե յուրաքանչյուրիս համար: Իսկ դրա համար՝ փոփոխություններ են պետք: Դրա համար՝ ընտրություն ենք պարտավոր կատարել: Նաեւ ինքներս՝ մեր մեջ: Դրա համար պետք է այնպես անենք, որ այսօրվա մեր գիշերահավասարին հաջորդի լույսի թող որ քիչ-քիչ, բայց հաստատուն ավելացումը:

1. Ինչու

…Որովհետեւ ճահճում՝ երկնքից չեն խոսում: Ոչ թե որովհետեւ բարոյական չէ, այլ պարզապես հնարավոր չէ: Որովհետեւ՝ դրա մասին գաղափարն է կորչում: Որովհետեւ խեղդվել-չխեղդվելու խնդիրն առաջնային է դառնում: Ու եթե ինչ-որ բան էլ ուզում ես, նախ՝ ճահճից դուրս գալ է պետք: Քարը՝ որ քար է, երկար նույն տեղում մնալուց էդ տեղում էլ հենց փոս է առաջացնում: Իր ծավալին, քաշին եւ տեղին համեմատ: Ասել է թե՝ լրիվ չէ, գոնե, որ համակերպվում է իր վիճակին: Վիճակի փոփոխություն է ուզում եւ անում է: Փաստորեն: Մարդ արարածս ոնց որ թե ավելին պետք է լինի: Քարից: Գոնե: Մարդկանց, հիմնականում, երեք խմբի կարելի է բաժանել: Նրանց, ովքեր իսկապես փոփոխություններ են ուզում, որովհետեւ ներկան նրանց որեւէ կերպ չի բավարարում եւ նրանք տեսնում են դեպի լավը կամ՝ ավելի լավը տանող ճամփան եւ պատրաստ են գնալ դրանով: Նրանք, ովքեր փոփոխությունների ցանկության քողի տակ երեք խնդիր են փորձում լուծել. նախ՝ որ, իբր, առաջադեմ են, հետո՝ որ եռանդ ու ավյուն ունեն ի բարօրություն գործելու, եւ վերջապես՝ ներկայի տերերին հասկացնում են, որ իրենց ապահովության մակարդակն անհրաժեշտ է շուտ ու շատ բարձրացնել, այլապես… Եվ վերջապես նրանց, ովքեր խորապես գոհ են ներկայից, որը միանգամայն շարունակական եւ էվոլյուցիոն ճանապարհով կավելացնի այն բարիքները, որ ձեռք են բերվել, եւ բավարարության մակարդակի բնականորեն աճող ցանկությունները նույն բնականությամբ էլ հագուրդ կստանան: Մեջտեղի շերտը հանգիստ թողնենք. դա այն «ճահիճն» է, որը, ցավոք, բնորոշ է մարդկությանը եւ այն էլ բոլոր հասարակարգերում: Երրորդները, որքան էլ ոմանց կողմից անընդունելի՝ ազնիվ են իրենց դիրքորոշումներում եւ չեն թաքցնում անձնականը ամենա-ամենա վեր դասելու իրենց «փիլիսոփայությունը»՝ այն գունազարդելով տարաբնույթ ու խիստ վեհ «գաղափարներով»: Խնդիրն առաջին շերտն է, որ փոփոխություններ է ուզում: Ու նրա ցանկության անկեղծությամբ, համոզմունքների խորությամբ, անանձնական պայքարի ելնելու պատրաստակամությամբ է պայմանավորված լինելու հենց այդ փոփոխությունների պայքարի ընթացքն էլ, արդյունքն էլ: Յուրաքանչյուր մարդ արարած նախատրամադրված է ինչպես դեպի բարին, այնպես էլ՝ չարը: Ընդհանուր մթնոլորտից, արժեքային համակարգից, սկզբունք-բանից է կախված՝ թե դեպի ուր է թեքվելու ծանրության նժարը: Ու եթե ճիշտ մթնոլորտ ձեւավորվեց՝ խնդիրն ինքնիրեն լուծելի է դառնում. մեծամասնությունը, անսալով նաեւ իր ներքին ձայնին՝ հակվում է դեպի լավը, բարին, լույսը…

(Շարունակելի)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել