Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՔՍԻ ՏԵՍԱՐԱՆՆԵՐԸ՝ ՆՈՒՐԲ ՈՒ ՃԱՇԱԿՈՎ

Օգոստոս 21,2007 00:00

\"\"Վստահեցնում է կինոարտադրության ոլորտում առաջին քայլերն անող ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը:

Հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիան, «Էյջ Քեյ» պրոդաքշընի հետ համատեղ ավարտին են հասցնում բրիտանացի գրող, դրամատուրգ Ջոն Օսբորնի «Ետ նայիր զարմացած» պիեսի մոտիվներով նկարահանված «Արջեր եւ սկյուռներ» (վերնագիրը նախնական է) գեղարվեստական ֆիլմի աշխատանքները:

«Առավոտը» հանդիպեց ֆիլմի ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի հետ:

Զրույցի սկզբում ռեժիսորը տեղեկացրեց, որ օրերս ավարտվել են ֆիլմի նկարահանման աշխատանքները, որոնք սկսվել էին հուլիսի 20-ից: Արդյոք, հայերիս կհետաքրքրի՞ բրիտանացի դրամատուրգի երկի սյուժեն հարցին, պրն Քեշիշյանը պատասխանեց. «Ինձ շշմեցրել է այն, որ շուրջ 50 տարվա վաղեմություն ունեցող այս ստեղծագործությունը, կարծես, մեր օրերի համար գրված լինի: Այն մարդկային փոխհարաբերությունների, սիրո, դավաճանության մասին է: Մի բան, որ բոլոր ժամանակներում եւ ցանկացած ազգի մոտ եղել է, կա ու կլինի, իսկ սցենարը վերաձեւել է ֆիլմի սցենարիստ Դավիթ Հարությունյանը՝ դարձնելով այն մի իսկական հայկական պատմություն»։ Հետաքրքրությանը՝ ճի՞շտ են լուրերը, որ ֆիլմի աշխատանքները նախաձեռնելիս որպես գլխավոր դերակատար նկատի եք ունեցել դերասան Խորեն Լեւոնյանին: Ռեժիսորն ասաց. «Խորիկն է այս պիեսի էկրանավորման առաջարկն արել ինձ: Ես էլ իմ հերթին դիմել եմ Ջոն Օսբորնին ու իմ միջոցներով ձեռք բերել պիեսը օգտագործելու իրավունքը»: Ֆիլմի հովանավորների մասով էլ մեր զրուցակիցը հայտնեց, որ դրանք «Ջազվե», «Իդեալ» համակարգերն են եւ «Հ1»-ը, որը տրամադրել է տեխնիկան: Ընդ որում, ֆիլմի մոնտաժից (մոնտաժող՝ Վահագն Խաչատրյան) հետո այն Մոսկվայում պետք է անցկացվի կինոժապավենի վրա: Այս եւ մյուս՝ դերասանական, նկարահանող խմբի անդամների (տնօրեն՝ Հասմիկ Հակոբյան, օպերատոր՝ Արթուր Ապրեսով, բեմադրող նկարիչ՝ Գագիկ Բաբայան, զգեստների նկարիչ՝ Ինա Սեւունց, դիմահարդար՝ Աղավնի Խաչատրյան, հնչյունային ռեժիսոր՝ Կարեն Ծատուրյան) վճարումների մասին ռեժիսորը խոստացավ խոսել ֆիլմը նոյեմբերին էկրան բարձրանալուց առաջ հրավիրվելիք մամուլի ասուլիսում: Իսկ գլխավոր դերերում նկարահանվել են Խորեն Լեւոնյանը, Նարինե Պետրոսյանը, Նազենի Հովհաննիսյանը, Արմեն Մարգարյանը: Հարցապնդմանն էլ՝ մոտավորապես որքա՞ն է կազմում ֆիլմի բյուջեն, պրն Քեշիշյանը նշեց միայն. «Չնայած դեռ ֆիլմի վրա ծախսեր կան անելու, սակայն սա փորձ է ապացուցելու, որ Հայաստանում կարելի՛ է փոքր բյուջեով ֆիլմ նկարահանել»:

Ռեժիսորին խնդրեցինք նաեւ հակիրճ ներկայացնել ֆիլմի «հայկականացված» սցենարը: «Էլիզը ԱՄՆ-ից Հայաստան է գալիս հայրենիքը տեսնելու, սիրահարվում է ու ծնողների կամքին հակառակ ամուսնանում եւ մնում է Երեւանում: Ամուսինը՝ Արսենը, խենթի պես սիրում է Էլիզին, միեւնույն ժամանակ՝ ատում նրան ծնող շրջապատը: Էլիզի ծնողները, ընկերները վստահություն չեն ներշնչում Արսենին: Վերջինս իրեն համարում է այլ սոցիալական խավից, եւ սեփական արժանապատվությունն ու հպարտությունը նրան թույլ չեն տալիս սոցիալական տարբեր խնդիրներ լուծելու առիթով օգնություն ստանալ այդ մարդկանցից: Երիտասարդական չարությունները, որ հատուկ են Արմենին ու իր ընկերներին, զարմացնում են հարուստ միջավայրում մեծացած Էլիզին, սակայն սերը դրդում է խենթության: Օրերից մի օր հայտնվում է Էլիզի ընկերուհին՝ Էլենը: Այդ պահից սկսած՝ ամեն բան գնում է դեպի վատը…»,- ներկայացրեց Հ. Քեշիշյանը: Նա հավելեց նաեւ, որ ֆիլմում կա հումոր, իր խոսքերով՝ նուրբ ու ճաշակով արված սեքս, դրամատիզմ. «Զուտ դրական կամ բացասական կերպարներ էլ չկան: Հուսով եմ, ֆիլմը դիտելուց հետո յուրաքանչյուրը իրեն կհամեմատի որեւէ կերպարի հետ ու համապատասխան հետեւություններ կանի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել