Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՖԻՈԶ» ԴԱՍԱԳՐՔԵՐ

Օգոստոս 21,2007 00:00

\"\"Դրանց ծանրությունը հնարավոր է առողջապահական խնդիրներ առաջացնի

«Վարդանը Սահակից ավելի ծանր է: Արդյո՞ք նախկինում էլ նա ավելի ծանր է եղել»: «Հայկը Մուշեղի տարիքին է, իսկ Մուշեղը՝ Արմանի: Քանի՞ տարեկան է Հայկը, եթե Արմանը 14 տարեկան է»:

Այս «տրամաբանական» խնդիրները վերցված են Հ. Ս. Միքայելյանի հեղինակած «Հանրահաշիվ 7» 7-րդ դասարանի դասագրքից: Ահա այսպիսի «հազվագյուտ» խնդիրներից ոչ աշակերտներն են գլուխ հանում, ոչ էլ ուսուցիչները: Որոշ դպրոցների տնօրեններ եւ կրթության ոլորտի մասնագետներ էլ կարծում են, որ Հայաստանում դասագրքաստեղծման գործն այսպիսի մակարդակի վրա է միայն այն պատճառով, որ մեր երկրում գոյություն ունի «դասագրքաստեղծ մաֆիա»: Այսինքն՝ դասագիրք գրելը դարձել է մի խումբ մարդկանց մենաշնորհը: Մինչդեռ պատասխանատուները այլ կարծիքի են: «Դրանք անհիմն խոսակցություններ են: Պարզապես՝ այդպիսի կարծիքի տեր մարդիկ չարակամ են եւ ուզում են մյուսների կատարած գործի վրա ցեխ շպրտել: Ով ցանկություն ունի դասագիրք գրել, նա էլ այդ գործն անում է: Իսկ եթե մրցույթին ներկայանում են հիմնականում նույն մարդիկ, մենք ի՞նչ կարող ենք անել»,- վրդովվեց Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը: Նա ասաց, որ դժվարանում է ոչ պրոֆեսիոնալ զրույց վարել, ուստի «մաֆիայի» թեմայից անցանք մասնագիտական հարցերի: Պրն Ղուկասյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ ճանապարհ է անցնում դասագիրքը մինչեւ դպրոց մուտք գործելը: Նա տեղեկացրեց, որ մինչեւ ուսումնական տարվա սկիզբը ԿԳ նախարարությունը հաստատում է առարկայական չափորոշիչներ եւ ծրագրեր: Դրանց հիման վրա էլ հայտարարվում է դասագրքերի մրցույթ: Մարտ ամսին նախարարության կողմից ստեղծվում են առարկայական գնահատող հանձնաժողովներ, որոնք էլ ներկայացված դասագրքերից ընտրում են «հաղթողներին»: Մրցույթների կազմակերպման գործով հիմնականում զբաղվում է «Դասագրքերի շրջանառու հիմնադրամը»: Վերջինիս փոխտնօրեն Գարեգին Գարեգինյանին փոխանցեցինք ուսուցիչների մտահոգությունը, թե իրենց չեն ներառում դասագրքի ստեղծման եւ ընտրման գործընթացում: «Ներկայումս մրցութային հանձնաժողովների հինգ անդամներից երեքը դպրոցի ուսուցիչներ են»,- վստահեցրեց պրն Գարեգինյանը: Մեր փոխանցման երկրորդ մասի պատասխանը ստացանք պրն Ղուկասյանից. «Այս ուսումնական տարվանից դպրոցներում շրջանառության մեջ կդրվեն երկրորդից չորրորդ դասարանների մայրենի լեզվի դասագրքերը, որոնց ստեղծման գործին մասնակցել են նաեւ ուսուցիչներ»: Սակայն այս հանգամանքը եւս չի վերացրել ուսուցիչների դժգոհությունները: «Ուսուցիչները շատ են դժգոհում հատկապես մաթեմատիկայի դասագրքերից: Կարծում են, որ միայն դասագիրքը բավարար չէ երեխաներին հիմնավոր գիտելիքներ տալու համար: Իսկ մրցույթներին մեր հայրենակիցների գրած դասագրքերն են անցկացնում: Նույնիսկ, երբ ուսուցիչները այդ գրքերի հեղինակներին անձամբ են քննադատում, դարձյալ ոչինչ չի փոխվում»,- դժգոհեց Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանը:

Աշխարհի բազմաթիվ զարգացած երկրներում դպրոցական դասագիրքն ընտրվում է այլընտրանքային տարբերակները դպրոցում փորձաշրջան անցնելուց հետո: Սակայն տարիներ շարունակ փորձարկված այս մեթոդը նոր-նոր են կիրառում Հայաստանում: «Տարրականի բոլոր դասագրքերը այլընտրանքային տարբերակներով ենք տրամադրելու դպրոցներին: Փորձաքննության ժամանակ մասնագետներն ընդամենը կգտնեն գիտական, ուղղագրական, ոճական, քերականական սխալներ: Մեկ տարի տվյալ գրքով աշխատելուց հետո միայն դպրոցը կարող է վերջնական որոշում կայացնել»,- Ն. Ղուկասյանը հավատում է, որ երբեւէ դպրոցն իրենցից տվյալ հեղինակի տվյալ դասագիրքը կպահանջի:

Դասագրքաստեղծման գործում մի բացթողում էլ կա: Հայաստանում մասնագետները դասագրքի փորձագիտություն անցկացնում են միայն բովանդակային մասով՝ մոռանալով առողջապահականը: Վերջապես ԿԱԻ-ում ձեւավորվել է մի բաժին, որը պիտի զբաղվի առողջապահական փորձաքննությամբ: «Չկան սանիտարական նորմեր, որոնցով սահմանվեն գրքի չափսերի, կշռի մասին չափորոշիչները: Օրինակ՝ դասագիրքը պիտի որոշակի քաշ ունենա, որը չվնասի երեխայի առողջությանը, էական է տառաչափը, միջտողային հեռավորությունը»,- նշեց Ն. Ղուկասյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել